Հայաստանի լճերը
Հայաստանի լճերը աչքի են ընկնում գենետիկական բազմազանությամբ, ինչը պայմանավորված է տարածքի երկրաբանական զարգացմամբ: Հայաստանի տարածքում կա մոտ 100 լիճ ու լճակ՝ բոլորը քաղցրահամ: Հայաստանի լճերը ունեն հրաբխային (Ակնա լիճ), սառցադաշտային (Քարի, Լեսինգի), սողանքափլվածքային (Պարզ լիճ), հնահունային (Մեծամոր) ծագում։ Հայկական լեռնաշխարհում կա լճերի մի տեսակ, որ Մերձավոր արևելքում ոչ մի տեղ այլևս չկա՝ խառնարանային տիպը։ Մեր լեռնաշխարհում կան հրաբխային գագաթներ, որոնց խառնարանը լցված է ջրով և շուրջ տարի այդ լճերը պահպանվում են։ «Հայաստանի լճերը» ցանկում ներառել ենք միայն այն լճերը, որոնք բնական են կամ ունեն բնական ծագում, բայց հետագայում վերածվել են ջրամբարների։
Հայաստանի լճերը գերում են իրենց գեղեցկությամբ ու ջրի պարզությամբ, սակայն որոշ լճերի հատակը պատված է տիղմով և անվտանգ չէ լողալու համար։ Օրինակ Գոշի լճում կամ Արմաղանի խառնարանային լճում լողալ խորհուրդ չենք տալիս։ Նրանց հատակը պատված է տիղմի հաստ շերտով, որն առաջին հայացքից չի երևում։
Հիշեք, որ լողալ կարելի է միայն բնական լճերում, ջրամբարի վերածված լճերում լողալն արգելված է։
Հիշեք նաև, որ Աժդահակի խառնարանային լճում Չլողալն արգելվում է։)
Աժդահակի խառնարանային լիճ
Աժդահակի լիճն առաջացել է Աժդահակ հանգած հրաբխի խառնարանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 3515 մետր բարձրության վրա։ Այն հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր լեռնային լիճը։
Թառի լիճ
Թառի լիճը գտնվում է համանուն լեռան խառնարանում, Աժդահակ լեռնագագաթից 1,3 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 3442 մետր բարձրության վրա։ Թառը լեռան ոչ պաշտոնական անունն է, գագաթն անուն չունի։ Ոմանք այն անվանում են Կարմիրսար։
Մթնալիճ
Արագածը լինելով Հայաստանի ամենաբարձր գագաթը՝ 4090 մ, իր շուրջն ունի բազմաթիվ բարձրլեռնային լճեր։ Դրանցից հատկապես յուրահատուկ է Մթնալիճ անունը կրող լիճը, որը գտնվում է 3 500 մ բարձրության վրա։ Այն տեղակայված է Արագածի հյուսիսային լանջին՝ Մեծ Մանթաշ գյուղից 15,2 կմ հարավ-արևելք։
Մթնալճի յուրահատկությունն իր տեղադիրքն է Հայաստանի ամենաբարձր գագաթի տակ և կապույտ հայելին, որը չի կարող անտարբեր թողնել բնության սիրահարներին։
Ռապի լիճ
Ռապի լիճը Արագածի բազմաթիվ բարձրալեռնային լճերից մեկն է։ Գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիսային մասում, Դաշտակիջուր գետի ձախ ափին, Գեղաձոր գյուղից 9 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 3001 մետր է, մակերեսը՝ 1,2 հա։
Քարի լիճ
Քարի լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան վրա, ծովի մակերևույթից 3200 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,3 ք․կմ է:
Պարզ լիճ
Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում, Արեգունի լեռների հյուսիսարևմտյան՝ անտառապատ լանջերին, ծովի մակարդակից 1334 մ բարձրության վրա: Մակերեսը` շուրջ 0,03 ք․կմ, միջին խորությունը` 7 մ:
Կակաչ լիճ
Կակաչ լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռնահամակարգում, Ծովագյուղից 1,7 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից` 2300 մ, մակերեսը` 1 հա: Լիճն անվանում են նաև Ծովագյուղի լիճ։
Ծովեր լիճ
Ծովեր լճակը գտնվում է Լոռու մարզում՝ Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք, Սևորդյաց լեռների հյուսիսային լանջի աղեղնաձև գոգավորությունում, ծովի մակերևույթից 1390 մետր բարձրության վրա։
Սևանա լիճ
Հայաստանի ամենախոշոր լիճը Սևանն է, որն ունի տեկտոնահրաբխային ծագում: Աշխարհում կան բազմաթիվ լճեր, որոնք Սևանից մեծ են և ավելի բարձր են տեղադրված, բայց չեն վայելում այնպիսի ժողովրդականություն ինչպես Սևանը: Սևանը պատմական շրջանում տարբեր անուններ է կրել՝ Գեղարքունի, Գեղամա ծով և այլն: Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում, ծովի մակարդակից շուրջ 1900 մ բարձրության վրա:
Սևանա լիճը ձգված է հյուսիս արևմուտքից հարավ-արևելք 75 կմ երկարությամբ: Սևանի գոգավորությունը տեկտոնական ծագում ունի, բոլոր կողմերից շրջապատված է լեռներով՝ Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Գեղամա և Վարդենիսի: Արտանիշ և Նորատուս թերակղզիներով անցնող պայմանական գծով լիճը բաժանվում է երկու մասի` Մեծ և Փոքր Սևանի: Ընդհանուր մակերեսը` 1416 ք․կմ է, միջին խորությունը` 41 մ, առավելագույնը` 82 մ:
Փոքր Սևանը երիտասարդ է, լճային նստվածքները սակավազոր են, փաստորեն ներկայացնում է խորը գրաբեն (տեկտոնական իջվածք)։ Առավելագույն խորությունն ակստեղ հասնում էր 99 մ-ի (մինչև մակարդակի իջեցումը)։ Լիճը փաստորեն առաջացել է Փոքր Սևանի արևմտյան մասում վերին չորրորդական լավաների արտավիժումից։ Մինչև արտավիժումը Հրազդան գետը Մեծ Սևանի հարթ հատակին գալարներ առաջացնելով մտնում էր Շորժայի թմբի մեջ ստեղծված հովիտը, դուրս գալիս Փոքր Սևանի գոգավորություն և այնտեղից հոսում հարավ։ Սակայն լավային արտավիժումների հետևանքով գետի հունը Լճաշեն գյուղից արևմուտք փակվել, և սկսվել է Սևանի լճացումը․ սկզբում Փոքր Սևանում, ապա՝ Մեծ Սևանում։
Սևանա լճի գոգավորությունը բնության հրաշալիքներից մեկն է նաև իր մաքուր օդով, վճիտ ջրով, զովությամբ, պատմական ու բնական հազվագյուտ հուշարձաններով, հանքային ջրերով։
Արտավանի լիճ
Արտավանի լիճը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արտավան գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք: Ծովի մակարդակից 2240 մ բարձրության վրա: Մակերեսը` 6 հա է: Լճի կադաստրային անունը Ալլիճ է, սակայն լիճն ավելի հայտնի է Արտավանի լիճ անվամբ: Արտաքին տեսքը յուրահատուկ է։ Վերևից նայելիս լիճը նման է աշխարհի քարտեզին:
Թարփի լիճ
Թարփի լիճը գտնվում է Ողջաբերդի լեռներում՝ Գեղարդ գյուղից 5,5 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 2170 մետր բարձրության վրա։
Ակնա լիճ
Լիճը գտնվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանագլխին՝ Գեղամա լեռների կենտրոնական կատարային մասում, ծովի մակերևույթից 3032 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,8 ք․կմ է , խորությունը` 15 մ: Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, անուշահամ։ Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։
Արփի լիճ
Արփի լիճը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, Աշոցքի սարահարթում։ Նախկինում բնական լիճ էր։ 1950 թ.-ից վերածվել է ջրամբարի: Մինչև ջրամբար դառնալը մակերեսը եղել է 20,6 քկմ , խորությունը` 1,6 մ, ծավալը` 3 մլն խմ: Ամբարտակի կառուցումից հետո, Արփի լիճը դարձավ Հայաստանի երկրորդ ջրային ավազանը Սեւանից հետո: Արփի լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը, որը թափվում է Հայաստանը Թուրքիայից բաժանող Ախուրյանի ջրամբարը: Արփի լճին ամենամոտ տեղակայված Պաղակն գյուղակում է գրանցվել Հայաստանի ամենացածր՝ -46 աստիճանը:
2009 թ․-ին ատեղծվել է «Արփի լիճ» ազգային պարկը։ Ազգային պարկի տարածքում գրանցված են 225 տեսակի ողնաշարավոր կենդանիներ։
Վիշապալիճ (Վանքի լիճ)
Լճակը գտնվում է Արարատի մարզում, Գողթ գետի վերնագավառում, Թառնիստ սարավանդի արևմտյան մասում, Գեղարդ գյուղից 9 կմ արևելք: Ծովի մակարդակից 2620 մ բարձրության վրա, մակերեսը` 30 հա:
Կապույտք կամ Գոմքի լիճ
Կապույտք լիճը առաջացել է համանուն գետի վրա՝ գետի հունի արգելափակման հետևանքով։ Գտնվում է Կապույտ գյուղից 3,2 կմ հարավ-երևելք, ծովի մակերևույթից 2055 մետր բարձրության վրա։ Լիճն անվանում են նաև Գոմքի լիճ, քանի որ մոտ է գտնվում Գոմք գյուղին։ Պաշտոնական անուն չունի։
Գոշի լիճ
Լճակը գտնվում է Տավուշի մարզում, Արեգունի լեռների հյուսիսային լանջերին, Խաչարձան գետի ձախափնյակում, Ճերմակավան գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1398 մ բարձրության վրա: Մակերեսը` 1,2 հա:
Լեսինգի լիճ
Լիճը գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիսարևելյան լանջին, ծովի մակարդակից 3200 մ բարձրության վրա, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք։ Մակերեսը` 1,6 հա, առավելագույն խորությունը` 2,5 մ: Կոչվել է ի պատիվ ակադեմիկոս Ֆրանց Յուլի Լեվինսոն Լեսինգի, որը 1927-1929 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում։
Ծակքարի լիճ
Ծակքարի լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների կատարային հատվածում, Քաջարան քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 3270 մ բարձրության վրա: Մակերեսը` 3 հա:
Կապուտան լիճ
Լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարանց գյուղից 8,3 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3202 մ է, մակերեսը` 10 հա, ծավալը` 1,5 մլն.խմ է, առավելագույն խորությունը` 22 մ:
Կապտաչ կամ Սրտներ լիճ
Լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Մեղրու լեռների հարավային լանջին, Լիճք գյուղից 8 կմ արևմուտք։ Մակերեսը` 2,5 հա, միջին խորությունը` 6 մ: Տեղացիները լճին «սրտներ» են ասում, քանի որ վերևից նայելիս սրտի տեսք ունի:
Գազանալիճ
Գտնվում է Կապուտջուղ լեռնագագաթից հյուսիս՝ Քաջարանց գյուղից 11 կմ հյուսիս-արևմուտք: Բարձրությունը ծովի մակարդակից` 3112 մ, մակերեսը` 1,8 հա, խորությունը` մինչև 10 մ:
Ինչպե՞ս պատրաստվել Արարատի վերելքին
Ակնալիճ (Այղր)
Ակնալիճը գտնվում է Ակնալիճ գյուղում, ծովի մակերևույթից 850 մետր բարձրության վրա։
Մարգալիճ
Լճակը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Վայքի լեռների հյուսիսային լանջերին, Մարտիրոս գյուղից 0,5 կմ արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից` 1996 մ է, մակերեսը` 1 հա:
Վարդավառի լիճ
Վարդավառի լիճը գտնվում է Երևանում։ Կառուցվել է մ․թ․ա․ 8-րդ դարում Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել է Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար: Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչ օրս։
Ծաղկունյաց լիճ
Ծաղկունյաց լիճը գտնվում է Ծաղկունյաց լեռների լանջերին, Աղվերանից 3,6 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2427 մետր բարձրության վրա։
Նազելի լիճ
Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Գեղամա լեռներում։ Գտնվում է Աժդահակ և Սպիտակասար գագաթների մեջտեղում՝ Նազելի լեռնագագաթից 1,7 կմ արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3100 մետր է։ Նազելի լիճն անվանում են նաև Բադի լիճ։
Աթանի լիճ
Աթանի լիճը գտնվում է Լոռու մարզում, Աթան գյուղից 1 կմ արևելք, ծովի մակարդակից 1792 մ բարձրության վրա։
Սև լիճ
Սև լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի և Ադրբեջանի սահմանագլխին, Սյունիքի բարձրավանդակում, Մեծ Իշխանասարի հյուսիսարևելյան լանջին, ծովի մակարդակից 2660 մետր բարձրության վրա: Մակերեսը` 1,6 ք․կմ:
Սև լճի մեծ մասը՝ հարավային հատվածը, գտնվում է ՀՀ տարածքում։ Հյուսիսային հատվածը գտնվում է Ադրբեջանում։
Ծղուկի կամ Ուխտասարի լիճ
Լիճը (Ուխտալիճ, Ուխտասարի լիճ, Ծղուկի լիճ) գտնվում է Ծղուկ լեռնագագաթից 2,3 կմ հյուսիս-արևմուտք՝ ծովի մակարդակից 3300 մետր բարձրության վրա: Լճի ափին են գտնվում բազմաթիվ ժայռապատկերներ։ Դեռ հազարամյակներ առաջ, դարեր շարունակ, այստեղ եկել են ուխտի, ծիսակատարություններ են արել, միգուցե զոհեր մատուցել։
Երկնաքարի լիճ
Իրականում այս լճակն անանուն է, բայց ասում են իբր առաջացել են երկնաքարի հարվածի տեղում։ Չնայած փոքր մակերեսին, խորությունը մոտ 5-6 մետր է։ Լճակը գտնվում է Սյունիքի բարձրավանդակում և շատ պարզ երևում է Ուղտասարի վերելքի ընթացքում։
Այլակ լիճ
Այլակ լիճը գտնվում է Սյունիքի բարձրավանդակում, Թրասար լեռնագագաթից 6 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2985 մետր բարձրության վրա։
ՀՀ-Ադրբեջան սահմանային գիծն անցնում է լճի մեջտեղով։
Վարդենիքի լիճ
Վարդենիքի լիճը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Ելփին գյուղից 3,5 կմ հյուսիս-արևելք, Շրեշտասարի լանջին, ծովի մակերևույթից 1753 մետր բարձրության վրա։ Լճակը սնվում է ստորգետնյա ջրերով։
Ումրոյի լիճ
Ումրոյի լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագածի արևելյան լանջին, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հս-արմ., ծովի մակարդակից 3050 մ բարձրության վրա: Մակերեսը` 20 հա:
ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ
Երբ կյանքդ փոխվում է 5165-ով
Եղնալիճ
Եղնալիճը գտնվում է Արագածի հյուսիսարևելյան լանջին, Կուրաղբյուր լճից 230 մետր հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 3016 մետր։
Ջոջ լիճ
Ջոջ լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Ծաղկունյաց լեռներում, Լուսագյուղից 1,2 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 2286 մ է։ մակերեսը՝ 0,05 հա։
Յոթ լիճ
Աստղոնք լեռան հարավային լանջերին են գտնվում մի քանի փոքրիկ լճակներ, որոնց ընդհանուր անունով կոչում են «Յոթ լիճ»։ Գտնվում են ծովի մակերևույթից մոտ 3000-3300 մետր բարձրության վրա։
Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճ
Ջրաշուշանների լիճը գտնվում է Ուրասար գյուղից 1․2 կմ հյուսիս-արևելք։ Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Որոտանի լիճ
Որոտանի լիճն առաջացել է Որոտան գետի վրա՝ փլվածքի հետևանքով։ Գտնվում է Հարժիս գյուղից 1,6 կմ հարավ՝ Որոտանի կիրճում։ Ծովի մակերևույթից 1195 մետր բարձրության վրա։ Լիճը կարելի է տեսնել Հարժիսից Տաթև տանող արշավային երթուղին անցնելիս։
Սևակն լիճ
Սևակն լիճը գտնվում է Արարատի մարզում, Գենուտի լեռներում, Զանգակատուն գյուղից 1 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1740 մետր է, մակերեսը՝ 0,6 հա։
Ջղին լճեր
Ջղին բնական լճակները գտնվում են Խոսրովի արգելոցում, Ուրցաձոր գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա։
Ամառանոց լիճ
Ամառանոց լիճը գտնվում է Շարայի լեռան հյուսիսային լանջին, Լեռնապար գյուղից 6,5 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 2324 մետր բարձրության վրա։
Արմաղանի լիճ
Արմաղանի լիճը գտնվում է Արմաղան լեռան խառնարանում, Մադինա գյուղից 3,4 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 2793 մետր բարձրության վրա։ լճակի մակերեսը կազմում է մոտ 2 հա, խորությունը՝ 2,5 մետր։
Աչքասարի լիճ
Աչքասարի լիճը գտնվում է Ջավախքի լեռնավահանում, Աչքասար լեռնագագաթից 930 մետր արևելք, ծովի մակերևույթից 2932 մետր բարձրության վրա։
Հորսի լիճ
«Հորսի լիճ» ջրամբարը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Հորս գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Քարկատարի լեռներում, ծովի մակերևույթից 2090 մ բարձրության վրա։
Այստեղ ներկայացրել էինք միայն Հայաստանի տարածքում գտնվող լճերը, իսկ ողջ Հայկական լեռնաշխարհի լճերին կարող եք ծանոթանալ Հայկական լեռնաշխարհի լճերը հոդվածում։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: