info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես

Հայկական լեռնաշխարհի քարտեզ

«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես

2021թ-ի հոկտեմբերի 21-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդեսը:

Վերջին տարիներին Հայկական լեռնաշխարհի քարտեզ հնարավոր չէ ձեռք բերել. hին տպաքանակները սպառվել են, իսկ եղած քարտեզներն էլ պարունակում են մի շարք սխալներ կապված լեռների անվանումների և բարձրությունների հետ։ Սակայն այս խնդիրն այլևս անցյալում է։ Այժմ քարտեզագիր Անուշավան Բարսեղյանի, Armenian Geographic-ի հիմնադիր Տիգրան Վարագի, լեռնագնացներ Աղասի Մարտիրոսյանի և Սասուն Դանիելյանի ջանքերի շնորհիվ մենք ունենք Հայկական լեռնաշխարհի թարմացված քարտեզների նոր տպաքանակ։ Թարմացված քարտեզներում նշված են լեռնագագաթների ճիշտ բարձրությունները և, իհարկե,  հայկական անվանումները։

«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես

Սակայն մեր միջոցառումը միայն քարտեզին չէր նվիրված, այլ հենց Հայկական լեռնաշխարհին և այդ պատճառով չէինք կարող չանդրադառնալ «Ծովու բոլոր» լեռնային նախագծին, որի մասին պատմեց Armenian Geographic-ի հիմնադիր Տիգրան Վարագը։

«Ծովու բոլոր» լեռնային նախագիծ

Այս նախագծի նպատակն էր բարձրանալ Վանա լիճը բոլոր կողմերից եզրավորող 6 պատմական լեռները՝ Սիփան (4058 մ), Վարագ (3200 մ), Արտոս (3550 մ), Ընձակիսար (3074 մ), Գրգուռ (2478 մ) և Նեմրութ (2935 մ)։
2020 թվականի հունվարին բարեհաջող ավարտեցինք մեր նախագիծը բարձրանալով վերջին երկու գագաթները՝ Գրգուռը և Ընձակիսարը։

«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես

Նախագիծը նպատակ էր ծառայում «վերակենդանացնել» և հանրությանը ճանաչելի դարձնել մեր պատմական լեռները՝ որպես լեռնային ուղղություններ։
Նախագծի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ։

Վերելք Արարատ

Իր ելույթի ընթացքում Տիգրանը խոսեց նաև Արարատի վերելքի մասին։ 2021 թվականին, համաճարակի և փակ սահմաննրի պատճառով, Արարատի վերելքն անհնար մի բան էր թվում, սակայն ծրագրային փոքրիկ փոփոխության շնորհիվ մեզ հաջողվեց երկու բարեհաջող վերելք իրականացնել Մասիսի գագաթ։

Վերելքի ծրագիրը հակիրճ ներկայացնելուց հետո բեմ հրավիրեցինք բոլոր մասնակիցներին՝ վերելքի հավաստագրերը հանձնելու նպատակով, որոնք նախապես հաստատվել էին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի Հայկական ֆեդերացիայի կողմից։
Հավաստագրերի հանձնումից հետո դիտեցինք երկու փոքրիկ տեսանյութ Արարատի վերելքների մասին պատրաստված մեր մասնակիցների՝ Րաֆֆի Դադայանի և Ռուբեն Զաքոյանի կողմից։

Արարատ 2022 վերելքի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հայաստանն աշխարհի հնագույն քարտեզներում

Միջոցառման ընթացքում ունեինք հարգարժան հյուր՝ քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը, ով խոսեց «Հայաստանը հնագույն քարտեզներում» և «Հայկական լեռնաշխարհի և Անատոլիայի տարբերությունը» թեմաներով։
Ռուբեն Գալիչյանը գրել է բազմաթիվ գիրքեր Կովկասի պատմության ու քարտեզագրության մասին, հեղինակել է մի շարք քարտեզագրական հոդվածներ, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր ամսագրերում։

«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես

Պրն Գալիչյանի ուսումնասիրությունների հիման վրա պատրաստել ենք «Հայաստանը հնագույն քարտեզներում» նյութը, որը կարող եք կարդալ այստեղ։ Իսկ ավելի մանրամասն հետաքրքրվողներին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ Ռուբեն Գալչյանի «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» աշխատությանը, 2005 թ., կամ էլ դրա համառոտ տարբերակին, որը կոչվում է «Հայաստանը Օտարների քարտեզներում», 2018 թ.:

Հաջորդիվ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի Հայկական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը խոսեց լեռնային նորությունների և հաջողությունների մասին։ Նա հայտարարեց, որ այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատվել է դպրոցներում լեռնային պատրաստություն անցնելու դասընթացների պիլոտային ծրագիրը, ինչը շատ մեծ հաջողություն է մեր ոլորտի համար։

Չենք մոռանում ամենակարևորի մասին․ մեր միջոցառումը նվիրված էր «Հայկական լեռնաշխարհ» թարմացված քարտեզին։ Միջոցառման վերջում քարտեզի հեղինակ Անուշավան Բարսեղյանը ներկայացրեց թարմացված քարտեզը, խոսեց կատարված աշխատանքի և քարտեզում առկա որոշ տվյալների փոփոխությունների մասին։ Ելույթից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան տեղում ձեռք բերել քարտեզը։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Հոդվածներ Հայկական լեռնաշխարհ թեմայով