Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ»-ը մեր հերթական նախագծերից է, որի իրագործման համար պահանջվեց ավելի քան 11 տարի, քանի որ որոշ լեռներ փակ էին լեռնագնացության համար։
Նախագիծն իրենից ներկայացնում է վերելքներ Հայկական լեռնաշխարհի 7 ամենաբարձր գագաթները՝ Մեծ Մասիս (5165 մ․), Սաբալան (4811 մ․), Ջիլո (4135 մ․), Արագած (4090 մ․), Սիփան (4058 մ․), Քաջքար (3937 մ․) և Սիս (3925 մ․)։
ArmGeo-ն առաջին ակումբն է, որն իրականացրեց Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծը։
Այժմ հնարավորություն ենք տալիս բոլոր ցանկացողներին միանալ մեզ և միասին անցնել այս քարքարոտ ու հիշարժան ճանապարհը։
Ստորև ներկայացված են տեղեկություններ՝ 7 գագաթների մասին․
Մեծ Մասիս (5165 մ․)
Գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում։ Մասիսը հայ ժողովրդի սուրբ լեռն է, որին նվիրել են բազմաթիվ լեգենդներ ու ասույթներ: Արարատը լինելով հրաբխային լեռնազանգված, ծածկված է քարացրոններով, գրեթե զուրկ է բուսական ծածկույթից: Նրա վրա չկան աղբյուրներ, բացառությամբ զույգ Մասիսները միացնող թամքոցի վրա գտնվող Սարդարի աղբյուրը: Պարզկա օրերին լեռան վրա երևում է ստորոտից գագաթ ձգվող խորխորատը, որը հայտնի է «Վիհ Մասսյաց» անունով: Արարատյան դաշտի կողմից Մեծ Մասիսի հարաբերական բարձրությունը հասնում է 4300 մ-ի:
Սաբալան (4811 մ․)
Գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Իր բարձրությամբ Հարավ-արևելյան հրաբխային բարձրավանդակի առաջին և Հայկական լեռնաշխարհի երկրորդ լեռն է: Գտնվում է բարձրավանդակի ծայր արևելքում՝ Ղարադաղի կամ Հայկական լեռներում։ Հին հայկական աղբյուրներում այն հիշատակվում է «Սավալան», «Սահվարզան» կամ «Շահվարզան» անուններով։ Գագաթից 25 մ ներքև գտնվում է խառնարանային լիճը, որը հիմնականում սնուցվում է սառցադաշտերի հալոցքային ջրերից։ Լեռան խոնավությունը հիմնականում պահպանվում է Կասպից ծովից եկող ծովային հոսանքների շնորհիվ։
Ջիլո (4135 մ․)
Գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում, հայկական Տավրոսի լեռնահամակարգում` Վանա լճից հարավ: Կազմված է մեզոզոյի թերթաքարերից, քվարցիտներից, մերգելներից: Լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը` չոր մերձարևադարձայինից մինչև ձնամերձ գոտի:
Արագած (4090 մ․)
Արագածը լեռնազանգվածը գտնվում է Հայաստանի Հանրապետության արևմուտքում՝ Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև: Իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով: Այն Հայկական լեռնաշխարհի չորրորդ և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ։ Մյուս գագաթներն են Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ, իսկ Հարավայինը` 3887,8 մ:
Սիփան (4058 մ․)
Գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում՝ Բիթլիսի մարզում։ Բարձրությունը 4058 մետր է: Նախկինում բարձրությունը նշվում էր 4434, որը սխալ տվյալ է: Լեռան կատարային մասում կան էքստրուզիվ կոներ, լանջերը ծածկված են մարգագետիններով:
Լեռանն իր վեհության համար գերմանացի աշխարհագրագետ Մորից Վագներն (1813-1887թթ.) անվանել է «Հպարտ լեռ»:
Քաջքար (3937 մ․)
Գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում։ Այն Հայկական լեռնաշխարհի հյուսիսում է` Խաղտյաց (Պարխարի, Քաջքարի) լեռնաշղթայում` Խոտրջրի շրջանում: 5-րդ դարի պատմիչները հիշատակում են Պարխար(յան) կամ Պարիադրես(յան) ձևերով: Ադոնցը այս լեռների անունը համեմատում է Բարխ ամրոցի անվան հետ:
Լեռների անունն առաջացել է Քաջք բառից։ Գագաթից հարավի ուղղությամբ նայելիս բացվում է տեսարան դեպի ողջ Հայկական լեռնաշխարհը, իսկ հյուսիսում երևում է Սև ծովը: Լեռան հյուսիսահայաց՝ դեպի Սև ծով իջնող լանջերը խոնավ են և անտառապատ։ Ծովահայաց անտառապատ լանջերին է գտնվում Համշենի շրջանը։
Սիս (3925 մ․)
Գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում։ Սիսը կանոնավոր, կոնաձև լեռ է: Գագաթնային մասը ալիքավոր հարթավայր է՝ ծածկված ժայռերով ու քարակույտերով: Լանջերը բավականաչափ զառիթափ են և մասնատված:
Հայկական լեռնաշխարհ