Հայկական հազարաշեն
Հին հայկական ավանդական կենցաղում բնակելի տների ծածկերը կառուցվել են երկու հիմնական ձևով: Դրանցից առաջինը համեմատաբար ավելի պարզ է եղել: Այն կազմվել է տան պատերին զուգահեռ դրված և դեպի երդիկ աստիճանաբար փոքրացող գերանների շրջանակներից: Ծածկերի կառուցման այս ձևը լայն տարածում է ունեցել այն շրջաններում, որոնք հարուստ են եղել շինարարական փայտով: Այդպիսի շրջաններ են, օրինակ՝ Ճորոխի հովիտը և Արցախի գյուղերը: Այն հայտնի է մի քանի անուններով՝ կոնդածածկ, սողոմածածկ, սողոմաշեն, ավելի հաճախ՝ ղառնավուչ: Գմբեթածածկի երկրորդ տարբերակը կառուցվել է բազմակողմանի և բազմանկյունանի՝ աստիճանաբար դեպի երդիկ փոքրացող հեծանների կամ գերանների շրջանակներից: Այս տեսակի ծածկերը հիմնականում տարածված են եղել փայտազուրկ, ձյունառատ և անձրևառատ շրջաններում, իսկ ամենից շատ հանդիպում են Բարձր Հայքում: Գմբեթածածկի այս տարբերակը հայտնի է հազարաշեն կամ հազարաշենք անուններով: Ծածկի անվանումն առաջացել է դրա «հազարավոր» փայտի կտորներով շինված լինելու պատճառով:
Հազարաշեն կառույցներ
Հազարաշեններ կառուցվում էին պատերին զուգահեռ ութից տասներկու անկյունանի շրջանակներով, որտեղ փոքր շրջանակները, հենվելով իրենց նախորդ մեծ շրջանակի վրա, տանիքի գագաթին ձևավորում են երդիկի բացվածքը:
Կան նաև հազարաշեններ, որտեղ հիմնական շրջանակների միջև ընկած բաց տարածությունները փակվել են մաքուր տաշած և խնամքով դասավորված տախտակներով: Շատ հաճախ շրջանակներն ու տախտակները զարդարվել են տարբեր քանդակներով: Հնում վարպետներն ամեն կերպ փորձել են այնպես անել, որ հազարաշեն առաստաղը ոչ միայն գեղատեսիլ լինի, այլ նաև թեթև:
Հազարաշենի հիմնական առավելությունն այն է, որ այն կառուցվում է ավելի կարճ հեծաններով և գերաններով, ինչն ավելի նպատակահարմար է անձրևաջրերի հեռացման համար: Հազարաշեն և այլ տարբերակով կառուցված գմբեթներն իրենց արտաքին տեսքով տարբերակելը դժվար է, քանի որ բոլորն էլ մեծ մասամբ արտաքինից հողածածկ են: Միայն մոտ հեռավորությունից դիտելիս են դրանց տարբերություններն ակնհայտ դառնում:
Սակայն պետք է նշել, որ հազարաշենները միայն հայկական ժողովրդական ճարտարապետության մեջ չէ, որ հանդպում են: Դրանք տարածված են նաև Վրաստանում, կովկասյան և ասիական հնագույն այլ ժողովուրդների մոտ: Սակայն ժողովրդական շինարարության այս ձևերն ավելի ակնհայտ երևում են հայկական աշխարհիկ և եկեղեցական ճարտարապետության մեջ: Հայկական հազարաշենների մասին խոսվում է նաև Քսոնոֆոնի «Անաբասիս» աշխատության մեջ:
Հայաստանում հազարաշեններն օգտագործել են թոնրատների առաստաղը կառուցելու համար: Հազարաշենի կառուցվածքն, ինչպես նաև երդիկը, որը գտնվում էր թոնրի վերևում, օգնում էր, որպեսզի ծուխը հեշտությամբ դուրս գա:
Ստորև ձեզ ենք ներկայացնում հազարաշենների նմուշներ, Մեծ Հայքի զանազան բնակավայրերից:
- Կարսի մարզ, գյուղ Խասչիֆլթիկ:
- Խնուս գավառ, Հարամիկ (այժմ՝ Բելլիթաշ) գյուղ, 1994թ.
- Ստորին Բասեն գավառ, Կարափնար գյուղ, 2007թ.
- Կարսի մարզ, Խասչիֆլթիկ գյուղ, 2014թ
- Խնուս գավառ, Եղրդլի կամ Գասպարգոմ գյուղ (այժմ՝ Գյուրչայիր), 2010թ.
- Կարսի մարզ, Կարզ գավառ, Մազրա գյուղ, 2014թ.
- Բաղեշ (Բիթլիս) նահանգ, Մուշ գավառ, Վարդենիս (Ալթընովա) գյուղ, 2004թ.
- Կարսի մարզ, Բայրաքտար գյուղ, 2008թ.
- Մուշ գավառ, Օրգնոց (այժմ՝ Չուքուրբաղ) գյուղ, 2006թ.
- Կարսի մարզ, գյուղ Սոգությու, 2014թ.
- Կարսի մարզ, Շիրակավան (Բաշ Շորագյալ) նահանգ, Բագնայր գյուղ, 2005թ.
- Վանի նահանգ, Հայոց ձոր գավառ, Խորգոմ (այժմ՝ Դիլկայա) գյուղ, 2013թ.
- Գեղարքունիքի մարզ, Մարտունի քաղաքի մոտ գտնվող Տիգրան Մեծ հյուրանոցային համալիր: Մարտիրոս Չալումյանի կառուցած հազարաշենը:
- Արագածոտնի մարզ, գյուղ Գառնահովիտ, 2014թ.
- Կարսի մարզ, Բայրաքտար գյուղ, 2008թ.
- Կարին (Էրզրում) նահանգ, Թորթում գավառ, Նորշեն գյուղ
- Շահումյանի շրջան, Նոր Վերիշեն գյուղ: Մարտիրոս Չալումյանի կառուցած խանութի շենքը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: