info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայկական որոր

Հայկական որոր

Հայկական որոր, լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Հայկական որոր (լատ.՝ Larus armenicus) թռչնատեսակը որորների ընտանիքին պատկանող խոշոր թռչուն է, որը բնակվում է Հայկական լեռնաշխարհում, Կովկասում և Միջին Արևելքում։ Նախկինում այն դասակարգվում էր որպես արծաթագույն որորի ենթատեսակ, բայց հետագայում այդ որորին դասակարգեցին որպես առանձին տեսակ։ Այս թռչնատեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Հայկական որոր

Եթե խոսենք Հայկական որոր թռչնատեսակի մասին, այն նման է դեղնաոտք որորին, սակայն ավելի փոքր է, և ունի մուգ մոխրագույն հատվածներ գլխի և մեջքի շրջաններում։ Թևերի շրջանում սև երանգավորումը ավելի լայն է։ Կտուցը կարճ է։ Բնադրում են Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի լեռնային լճերի մոտ։ Թվաքանակով ամենամեծ պոպուլյացիան Հայաստանում է:

«Որորների կղզին» գտնվում է «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցում: Կղզում բնադրող Հայկական որորների գաղութը կազմում է փոքր Ասիայի որորների պոպուլյացիայի զգալի մասը և հանդիսանում է ամենախոշոր գաղութներից մեկն ամբողջ աշխարհում: «Նորաշենի» արգելոցը գտնվում է Սևանից Գավառ տանող ճանապարհի ձախ մասում՝ Նորաշեն գյուղի մոտ:

Որորների կղզին

Սևանա լճի ջրի մակարդակի շարունակական իջեցման պատճառով՝ 1990 թվականի վերջին որորների կղզին վերածվեց թերակղզու, որովհետև միացավ ցամաքին: Այսպիսով ընտանի անասունները, շներն ու գիշատիչները հեշտությամբ մուտք էին գործում այնտեղ ու վտանգ ներկայացնում որորների գաղութի գոյության համար: Բարեբախտաբար, հնարավոր եղավ թերակղզին արհեստականորեն առանձնացնել ցամաքային հատվածից՝ կրկին վերածելով այն կղզու: Կարող ենք փաստել, որ որորներից բացի այստեղ բնադրում են նաև Կարմիր, Կռնչան, Մոխրագույն բադերը, Հոպոպն ու Սովորական քարաթռչնակը։

Հայկական որոր

Սևանի ջրի մակարդակի իջեցման հետևանքով սկսեց վերանալ առափնյա տարածքների բուսականությունը, որոնց հետ միասին անհետացավ ջրաճահճային թռչունների բնադրավայրերի մեծ մասը։ Սակայն 2000 թվականից ջրի մակարդակի բարձրացման աշխատանքների արդյունքում լճի առափնյա հատվածներում սկսեցին հայտնվել ջրաճահճային տարածքներ, վերականգնվեցին թռչունների սնման և հանգստի համար բարենպաստ տարածքները, որոնք էլ սկսեցին գրավել մեծաքանակ ջրաճահճային թռչունների` բնադրման, միգրացիոն և ձմեռման շրջաններում։

Հայկական որոր

Շատերի համար «Նորաշենի» արգելոցը կարևորվում է հենց որորների կղզով, այդուհանդերձ կարելի է հանդիպել բազմաթիվ այլ թռչնատեսակների, որոնցից են Մեծ և Փոքր սուզակները, Մեծ ձկնկուլը, ավազոտ ափերին սնվող Սևուկ կտցարը և Փոքր քարադրը, ինչպես նաև բազմաթիվ այլ կտցարներ։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին