Հայկական Խաչքար
Հայոց գրեթե բոլոր հոգևոր կառույցները զարդարված են խաչքարերով: Բազմաթիվ եկեղեցիների պատերին կարելի է տեսնել փորագրված խաչի պատկերներ, որոնք իրենց հատուկ նշանակությունն ունեն: Փոքրիկ խաչերը պատկերվել են ի պատիվ հովանավորների և բարեգործների, ում ջանքերով կառուցվել կամ բարեկարգվել էր տվյալ եկեղեցին: Հայերն այնքան մեծ հարգանք և պաշտամունք էին ստեղծել խաչերի շուրջ, որ այս խորհրդանիշը քարտաշ վարպետներին ստիպեց ստեղծել արվեստի այս յուրահատուկ գլուխգործոցները, որոնք, իրենց բովանդակությանը համահունչ, կոչվեցին խաչքար:
Հայոց աշխարհում խաչքարեր կան գրեթե ամեն անկյունում: Խաչքարերը երբեք չեն կրկնվում: Խաչքարի գլխավոր նպատակն է կապ ստեղծել Աստծո հետ:
Խաչքարերի առաջացումը
Խաչը, որպես խորհրդանիշ, մեզանում առաջացել է դեռևս 4-րդ դարից սկսած: 4-7-րդ դարերում դրանք ունեցել են շատ պարզունակ պատկերներ: 7-րդ դարից հետո ի հայտ են գալիս թևավոր խաչքարերը, որոնցից շատ քչերն են այսօր պահպանվել: 8-րդ դարից հետո սկսում են հայտնվել արդեն ուղղանկյուն կանգուն խաչքարերի տեսակները: Իսկ արդեն 11-րդ դարից հետո ձևավորվում է, որպես ներկայիս հայտնի խաչքար հասկացությունը՝ իր մեջ կրելով բոլոր երկրաչափական և բուսական տարրերը: Հետագայում արդեն այն իր մեջ սկսում է կրել նաև պատկերային քանդակներ` ինչպիսիք են ,օրինակ՝ սրբերի պատկերները:
Խաչքարերի առաջացման վարկածներից մեկն էլ կապված է այն փաստի հետ, որ ժողովուրդը ցանկացել է քրիստոնեության մասին ավելի շատ լուռ վկայություններ ունենալ: Իսկ խաչերի տեղադրումը հանդիսացել է, որպես քրիստոնեության տարածման բավականին ազդեցիկ միջոց:
Խաչքար կանգնեցնելու շարժառիթները բազմաթիվ են: Կան խաչքարեր, որոնք կանգնեցվել են ինչ-որ հաղթանակների առիթով: Կան խաչքարեր, որոնք դրվել են ճանապարհների վրա: Կան նաև այսպես կոչված փրկիչ խաչքարեր:
Խաչքարերի պատկերագրությունը
Խաչքարերն ուղղանկյուն կոթողներ են, որոնք տեղադրվում են եկեղեցիների բակերում ՝ ի հիշատակություն քրիստոնեության ընդունման, ազգային տոների կամ նահատակների:
Խաչքարագործ վարպետն ինքն է ընտրում խաչքարի ոճն ու պատկերները: Խաչքարի հիմնական հումքը դեղնակարմրավուն տուֆն էր: Սկզբում փորագրվում էր խաչը, այնուհետև այն զարդարվում էր ազգային խորգրադանիշ հանդիսացող խաղողի և նռան պատկերներով:
Խաչքարի ստորին հատվածում շատ հաճախ փորագրվում է նաև հավերժության նշանը, որը նույնպես հեգևոր խորհրդանիշներից մեկն է: Այն խաչի հետ միասին խորհդրանշում է կյանքի շարունակականությունն ու ազգային պատկերացումները հավատի մասին: Խաչքարի ամենայուրահատուկ հորինվածքի տարրն իր անվերջությունն է:
Խաչքարերի վրա գոյություն ունի 5 կարևոր և նվիրական կետ: Դրանցից չորսը համապատասխանում են խաչի թևերի ծայրերին, իսկ մեկը դրանց հատման կետն է: Հատման կետը միջնադարում կոչվել է նաև ակ, որը հանդիսացել է խաչի ամենակարևոր կետը: Վերևի կետը կոչվում է թագ, որը խորհրդանշում էր երկնքի արքայությունը: Ներքևի կետը խորհրդանշում էր դժոխքի կործանումը: Աջ կողմը կապված էր շնորհների բաշխման հետ, իսկ ձախ կողմի ծայրը՝ մեղքերի ներման:
Շատ կարևոր է նաև խաչքարերի տեղադրելու կարգը, որի ամենակարևոր դրվագը դրանց օծումն է: Նախ օծվում է խաչի ակը՝ կենտրոնը, այնուհետև թագը՝ այսինքն խաչքարի վերին մասը, այնուհետև աջ և ձախ կողմերը, իսկ վերջում արդեն ստորին հատվածը՝ բունը: Օծելության կարգը իրականացվում է հատուկ շարականներով:
Ամենափրկիչ խաչքարեր
Հայկական խաչքարագործության հազարամյա պատմության մեջ կերտվել են բազմաթիվ խաչքարեր: Սակայն այդ բազմաթիվ խաչքարերից միայն 4-ի վրա է պատկերված Քրիստոսը: Խաչքարերի վրա պատկերված է հիմնականում Քրիստոսի խաչելության և խաչից իջեցման տեսարանները: Այս խաչքարերն էլ հենց կոչվել են ամենափրկիչ: Եվ հարց է առաջանում, թե ինչու են այս խաչքարերը կոչվել ամենափրկիչ: Հնում հավատացյալները վստահ են եղել, որ այս խաչքարերն ի վիճակի են եղել բուժելու տարբեր հիվանդություններ, կամ փրկելու չարից, այդ պատճառով էլ այս տեսակի խաչքարերը ձեռք են բերել որոշակի իմաստավորում:
Հայաստանում հայտնի բոլոր ամենափրկիչ խաչքարերը ստեղծվել են 12 տարվա ընթացքում: Ամենահին ամենափրկիչ խաչքարը գտնվում է Հաղպատում և թվագրվում է 1273թ: Ըստ խաչքարի վրայի արձանագրության այն կանգնեցրել է համալիրի եպիսկոպոսը:
Մյուս երեք ամենափրկիչ խաչքարերից երկուսը գտնվոմ են Էջմիածնում: Դրանցից մեկը փորված է փայտի վրա և Էջմիածնի թանգարան է տեղափոխվել Հավուց Թառ վանական համալիրից: Մյուս՝ չորրորդ ամենափրկիչ խաչքարը, գտնվում է Դսեղ գյուղում:
Նորատուսի խաչքարեր
Նորատուս գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքից 5 կմ հեռավորության վրա: Նորատուսը համարվում է Գեղարքունիքի մարզի ամենահին բնակավայրերից մեկը: Գյուղի գերեզմանատունը հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով: Այն այլ կերպ կոչվում է նաև Նորատուսի խաչքարադաշտ:
Այստեղ կանգնեցված է մոտ 1000 խաչքար: Որանցից ամենահինը 9-րդ դարի է, սակայն մեծամասնություն են կազմում 13-14-րդ դարերի խաչքարները:
Ըստ լեգենդի սելջուկ թուրքերի բանակն իր մեծաթիվ զորքով դուրս է գալիս Գեղամ արքայի զորքի դեմ: Հայերի զորքը փոքրաթիվ էր և թագավորը զորքին հրամայում է հագուստներ հագցնել խաչքարերին: Հեռվից նայելիս Սելջուկների զորքին թվում է, թե հայերը մեծաքանակ զորք ունեն և սկսում են խուճապի մատնվել և փախչել: Այդ ամենի շնորհիվ հայոց զորքը հաղթանակ է տանում:
Հին Ջուղայի խաչքարերը
Ջուղան Պատմական Հայաստանի հին և նշանավոր քաղաքներից էր, որը գտնվում էր Մեծ Հայքի Երնջակ գավառում՝ Արաքս գետի ձախ ափին: Ջուղան ունեցել է մոտ 3000 տուն և թվով 9 վանք և եկեղեցի: Այն հայտնի էր նաև իր գերեզմանատնով: Ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսը, ով 1648 թվականին այցելել էր Ջուղա, վկայում էր, որ այնտեղ հաշվվում էին ավելի քան 10 000 պահպանված խաչքար: Սակայն ըստ որոշ վկայությունների 20-րդ դարասկզբին գերեզմանոցում մնացել էին շուրջ 6000 խաչքարեր, իսկ արդեն դարավերջին դրանց թիվը հասել էր 3000-ի: Ամենավաղ շրջանի խաչքարերը թվագրվում են 9-10-րդ դարերին:
Ջուղայի խաչքարերն իրենց արվեստով առանձնանում էին թե՛ նախորդ ժամանակաշրջանի, թե՛ համաժամանակյա հարևան տարածքների խաչքարերից: Նախ Ջուղայի խաչքարերի երկարությունը գերազանցում է լայնությանը երեքից չորս անգամ, երկորդ՝ սալերը դեպի հիմք չեն նեղանում և պատվանդան չունեն: Խաչքարերի քիվերին հաճախ պատկերված են Քրիստոսի, ավետարանիչների և Աստվածամոր պատկերներ: Իսկ քարի ստորին մասում հաճախ կարելի է հանդիպել հանգուցյալի պատկերաքանդակն ու որոշ արձանագրություններ:
Սակայն 1998-2005 թվականներին սկսեցին իրականացվել Ջուղայի խաչքարերի զանգվածային ոչնչացման միջոցառումներ: Իսկ արդեն 2005 թվականին Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվեց խաչքարերի կազմակերպված ոչնչացում, որի արդյունքում ավերվեցին և շինանյութի վերածվեցին վերջին 3000 կանգուն մնացած խաչքարերը:
Ջուղայի խաչքարերի վերջնական ավիրումից մեկ տարի անց, արդեն սկսեցին դրանց վերականգնման աշխատանքները: Ներկայումս Ջուղայի խաչքարերի բազմաթիվ նմանակներ են պատրաստվում և տեղադրվում եկեղեցիների բակերում և տարբեր պուրակներում: Ջուղայի խաչքարերի 20 նմանակներ կան տեղադրված նաև Գյումրիում:
Հայերը ժամանակի ընթացքում քանդակել և կանգնեցրել են մոտ 50 000 խաչքար, չնայած, որ այսօր դրանցից շատերը կանգուն կամ ամբողջական չեն: Թշնամիների հարձակումների, արհավիրքների և վայրագությունների հետևանքով դրանց մի մասը ոչնչացվել է, իսկ մնացյալ մասը շարունակում է մնալ վտանգված:
2010թ․-ին հայկական խաչքարի արվեստը, խորհուրդը և խաչքարագործությունը գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: