Մեքսիկայի Պոպոկատեպետլ հրաբուխը
Մեքսիկայում երկու գագաթ կա Արարատից բարձր. Օրիսաբան է և Պոպոկատեպետլը: Բարձրությունների տարբերությունը նրանց միջև շատ չէ` հարյուր հիսուն մետր, իսկ վերջինս բարձր է Արարատից մոտ երկու հարյուր մետր: Բարձրությունների տարբերությունը դեռ ոչինչ, Պոպոկատեպետլի, ինչ էլ երկար անուն է` տասնչորս տառից, տեսքն է զարհուրելի. խիստ կանոնավոր կոնուս է, խիստ սիմետրիկ և խիստ թեք լանջերով, տեղնուտեղը մեր Փոքր Մասիսը, բայց բարձր է Փոքր Մասիսից 1250 մետրով: Վերջին հազար մետրը համատարած ձյուն է: Այդ բոլորը` դեռ ոչինչ, սա գործող հրաբուխ է, ժայթքել է բազմաթիվ անգամներ, վերջին անգամ` մոտ հարյուր տարի առաջ` 1910 թվականին, և Մեքսիկայի երկրաբանների կարծիքով` հաջորդ ժայթքումը կարող է տեղի ունենալ ամեն օր, ամեն ժամ: Բայց այն օրերին, երբ ես Մեքսիկայում էի` հիսունհինգ տարի առաջ, հերթական ժայթքումը տեղի չէր ունեցել դեռ, դեռ դրանով հանդերձ երկրաբաններն իրավացի էին, այս հսկա կոնուսը միշտ գագաթին ծածկված է վեր բարձրացող գոլորշիներով (ասում էին, որ խառնարանը եռում է առանց դադարի. դա լավ էր երևում նույնիսկ բավական հեռվից` մոտ հիսուն կիլոմետր, որտեղ ես էի ապրում), այդ պատճառով էլ գտնվում է ժայթքմանը պատրաստ վիճակում:
Բայց նույնիսկ այդ հեռավորությունից գեղեցիկ էին անասելի, գահավեժ լանջերը` երկու կողմից շեշտակի իջնող, գագաթը` կտրված ճիշտ մեր Մասիսի նման, ու գոլորշիները` քուլա-քուլա բարձրացող կիլոմետր և ավելի բարձրության: Մի քանի ամիս այդ տեսարանը աչքիս առաջ էր, և մի օր անգամ չտեսա գագաթը մաքուր, գոնե մի կարճ ժամանակով երկնքի վրա տրոհված… Ինձ ասացին, որ շրջակա գյուղերում ապրողները միշտ չթուլացող տագնապի մեջ են` ամեն օր, ամեն ժամ սպասելով հերթական ժայթքման, կային նույնիսկ վկաներ՝ 1910թ. ժայթքումը տեսնող և վերապրող:
***
Այդ հրաշք սարը՝ գագաթից բարձրացող գոլորշու ամպով, միշտ իմ պատուհանի առաջ էր
Ես Մեքսիկայում էի գտնվում Մեքսիկական համալսարանի հրավերով, մշտապես գտնվում էի մայրաքաղաքում` Մեխիկոյում, ավելի ճիշտ` նոր ստեղծված բոլորովին նոր հսկա համալսարանի տարածքում` քաղաքից դուրս մի հսկա հարթավայրում փռված. այդ համալսարանը առանձին խոսակցության առարկա կարող է դառնալ` սփռված հինգ թե վեց հարյուր հեկտար տարածության վրա ու մոտ հիսուն կորպուսից բաղկացած, ամեն մի կորպուսը ճարտարապետական ու նկարչական հրաշք է, այդ կոմպլեքսի ստեղծումը համապետական գործ է եղել, որին ամենաակտիվ մասնակցություն են ունեցել բացի մեքսիկական խոշորագույն ճարտարապետներից նաև դարիս խոշորագույն նկարիչները` Դիեգո Ռիվերան, Խոսե Օրոսկոն, Դավիթ Ալվարո Սիկեյրոսը և շատ-շատ ուրիշներ: Չկար անգամ մի շենք, մի կորպուս, որը բոլոր կողմերից ծածկված չլիներ գույնզգույն քարերից ու խեցիներից կազմված վիթխարի կոմպոզիցիաներով, բոլորն էլ թեմատիկ, բոլորն էլ չափազանց տպավորիչ: Ունեին իրենց հսկա ստադիոնները` դարձյալ բոլոր կողմերից ծածկված գունավոր խճանկարներով, գորելյեֆով… Բոլոր կորպուսների բոլոր պատերը ծածկված էին թեմատիկ խճանկարներով, բժշկական կորպուսը, օրինակ` բոլոր կողմերից` անատոմիական կոմպոզիցիաների, հին կոտրված իրերի խիստ պայմանական, գրեթե աբստրակտ ոճով, դրանով հանդերձ ամեն մի կորպուսի ինչ լինելը հասկացվում էր անմիջապես… ինձ վրա մեծ տպավորություն էր թողնում հատկապես բժշկական կորպուսը՝ հսկա մի կոթող արվեստի… Ճարտարապետականը նույնպես՝ շատ երկար ու շատ հարմոնիկ մի ապակեպատ կառույց, ուզում էիր նայել, անվերջ նայել… Համալսարանային այդ կոմպլեքսի կողքին էր բարձրացված նաև ստադիոնը, ինչպես իմացա՝ աշխարհի ամենամեծ ստադիոնը՝ հարյուր քսան հազար տեղանոց, համենայն դեպս ես տեսա, թե ինչպես էին վերուվար անում վերին յարուսներում… Պոպոկատեպետլը Մեխիկոյից չի երևում, հեռավորությունը հազար կիլոմետր է: Բայց ես հաճախ լինում էի Տոնանցենոլո կոչվող վայրում, դա Պոպոկատեպետլի հակառակ կողմում է՝ մոտ հիսուն կիլոմետր հեռավորության վրա: Այդ հրաշք սարը՝ գագաթից բարձրացող գոլորշու ամպով, միշտ իմ պատուհանի առաջ էր. պատկերը պարզապես մոնումենտալ էր, օպերայի բեմ լիներ կարծես, աչք պոկելը դառնում էր պարզապես անհնար… Դե, դժվար էր լինում դիմանալ, ու ես նկարում էի երբեմն այդ ֆանտաստիկ տեսարանը մեկը մյուսի հետևից:
Օրերից մի օր ցանկություն առաջացավ բարձրանալ Պոպոկատեպետլի գագաթը
Օրերից մի օր ահա, ինչպես ասում են, սատանան մտավ մեջս, առաջացավ ցանկություն բարձրանալ Պոպոկատեպետլի… գագաթը… Այո՛, այո՛, գագաթը, չմոռանալով հանդերձ, որ ժայթքումը կարող է լինել ամեն պահի… Վերադարձա Մեխիկո՝ համալսարան, ու իմ այդ մտադրության մասին հայտնեցի իմ կոլեգաներին… Նրանք իրար երես էին նայում՝ մտածելով՝ չի՞ պատահել արդյոք ինչ-որ բան իմ կատարում… Արագ համոզվեցին, որ, այո՛, չի պատահել, և որ իմ մտադրությունը կարծես թե լուրջ է… Դե՛, նրանք ի՛նչ իմանային, թե ի՛նչն է մղել ինձ այդ խելագար քայլին. այդ տեղը ինձ համար անմատչելի է, նրա գագաթին իմ հայտնվելը չլինելու բան է, և գոնե այս գիգանտի գագաթին հայտնվելու դեպքում ինչ-որ չափով հաճույք կառնեի… Իմ մտադրության լուրը արագ տարածվեց համալսարանով մեկ: Ու մի երկու օր անց ինձ մոտ եկան գիտնականներ, ֆիզիկոսներ հիմնականում, ու առանց մի խոսք ասելու առաջս դրին մի թուղթ՝ վրան ինչ-որ ազգանուններ գրված… Հարցնում եմ. «Ի՞նչ է սա»: Պատասխանում են. նրանք են, ովքեր ուզում են ինձ միանալ Պոպոկատեպետլ բարձրանալու համար… Նայում եմ ցուցակին, քառասունից ավելի անուն է… Ակամա ժպտացի՝ խե՞նթ եք: Պատասխանեցին. «Չէ՛, խենթեր չենք»: Պարզապես շատ էին ինձ միանալ ցանկացողները: Հարցնում եմ. «Իսկ ո՞ւր էիք մինչև հիմա, սարը ձերն է, երկիրը՝ ձերը…»: Նորից իրար երես են նայում… Առավել համարձակը պատասխանեց. իմ բարձրանալու հանգամանքն էր եղել որոշիչ… Առաջարկեցի նստել: Նստեցին, ու սկսեցի խոսել. գիտե՞ք, որ ալպինիզմը վտանգավոր, նույնիսկ խիստ վտանգավոր սպորտ է, և որ սոսկ ցանկությունը բավական չէ ալպինիստական արշավի դուրս գալու համար, այն էլ Պոպոկատեպետլի նման գիգանտի… լուռ լսում էին, չէին հակաճառում… Շփոթված էին ակնհայտորեն… Եվ հանկարծ ես հայտնում եմ իմ վճիռը. Պոպոկատեպետլի գագաթ բարձրացող խումբը չպիտի լինի առավել երեք հոգուց… Մեկը ես եմ, նշանակում է՝ այս ցուցակից ես կարող եմ պահել միայն երկու ազգանուն… Մի քանիսին գիտեի, ճանաչում էի, վերցրի գրիչը ու սկսեցի արագ-արագ իրար հետևից ջնջել ազգանուններ. էջանոց ցուցակից մնաց երկու ազգանուն… ինձ ծանոթ տղաներ էին, նրանց արտաքինն ու ֆիզիկական կազմվածքը կարծես թե վստահություն էին ներշնչում, մեկը Ռաֆայելոն էր, երբեմն տեսնում էի իմ կաբինետի պատուհանից այնտեղ՝ համալսարանի բակում, ֆուտբոլ էր խաղում իր նմանների հետ, նկատեցի, որ լավ է վազում ու ճարպիկ՝ կարծես… Մյուսը Ալվարեսն էր՝ ֆիզիկոս, լուրջ, հավաքված հայացքով, բարձրահասակ երիտասարդ էր՝ հոյակապ կառուցվածքով… Բոլորը գլխահակ դուրս եկան, ու ես հետո առանձին խոսակցություն վարեցի Ալվարեսի և Ռաֆայելոյի հետ… Որոշեցինք հաջորդ օրվա հանդիպման ժամը և մեր անելիքները…
***
Մեր ամենօրյա անելիքներն ամբողջովին կապված էին մեր արշավի հետ…
Հաջորդ օրը, այո՛, իրադարձություն էր շատ կարևոր, ես ներկայացրի պլանը մեր անելիքների, հանդերձանքի և սարքավորման հետ կապված հարցերը ու նաև նախնական ժամկետը մեր Պոպոկատեպետլ մեկնելու… Երկար անելիքները ես ձևակերպեցի կետ առ կետ, ու նրանք հեռացան լավ տրամադրված… Հաջորդ օրն այս ամենն արագ տարածվեց ողջ համալսարանում, բայց այս երկուսը, ու Ալվարեսը հատկապես, կարողացան կանխել հետագա փորձերը մեզ միանալու… Մենք արդեն գտնվում էինք, այսպես ասած, մարտական վիճակում… Մեր ամենօրյա անելիքներն ամբողջովին կապված էին մեր արշավի հետ… Հասկանալի է, ես՝ որպես խմբի ղեկավար, գտնվում էի ծայրաստիճան լարված վիճակում, հանաք բան չէ 5000 մ-ից բարձր գագաթ բարձրանալը, պետք է կանխատեսել մինչև վերջին մանրուքը… Ով հեռու է ալպինիզմից, չի հասկանա, իհարկե, այս վիճակը: Երրորդ օրը՝ մեր Պոպոկատեպետլ մեկնելուց ընդամենը երկու օր առաջ, ինձ մոտ եկան երեք երիտասարդներ, որոնցից մեկն էլ ինձ ծանոթ Ռաֆայելոն էր, ու երկար լռությունից ու իրար երես նայելուց հետո հայտնում են անսպասելի մի նորություն. նրանք խնդրում են մեկ հոգի ևս միացնել մեր եռյակին. կդառնայինք քառյակ: Ես հարցական հայացքով նայում եմ՝ չկարողանալով կռահել, թե ում մասին կարող է լինել խոսքը: Առավել համարձակը հայտնում է. խոսքը մի աղջկա, երիտասարդ կնոջ մասին է… Ես չկարողացա զսպել ծիծաղս… Նրանք չէին ծիծաղում… Այո՛, խոսքը գնում է մի երիտասարդ կնոջ մասին, անունը Եսթերա, որը երկու տարի առաջ եղել է… Պոպոկատեպետլի գագաթին… Այդ վերելքից հետո նրան՝ Եսթերային, տրվել է սպորտի վարպետի կոչում… Ես ձգվեցի… Շարունակեցին, դա Ալվարեսի կինն է… Հիմա ապշանքն է պատել ինձ. հասկացա նաև՝ ինչու չկար ինքը՝ Ալվարեսը. նա չի ցանկացել իր ներկայությամբ ճնշում գործադրել ինձ վրա… Երևի երբեք անցյալներում ես այդքան արագ վճիռ չէի կայացրել. ես համաձայնվեցի Եսթերային միացնել մեր խմբին. դառնում ենք չորս հոգի… Առաջարկեցին ինձ մոտ բերել Եսթերային՝ ծանոթանալու համար, մերժեցի՝ ասելով, որ կհանդիպենք մեկնելու օրը… Ավելորդ համարեցի նաև ցուցմունքներ տալը մեկնելուն նախորդող օրերին մարզվելու առթիվ…
***
Եկավ մեկնելու օրը
Ալվարեսն իր մեքենայով Եսթերայի և Ռաֆայելոյի հետ եկավ ինձ վերցնելու… Տեսա Եսթերային ու զարմացա. փոքրամարմին, բնավ ալպինիստի կերպարանք չունեցող, բայց հաճելի տեսքով, փոքր-ինչ շփոթված, ժպիտը դեմքին, տեսա ու զարմացա. մի՞թե այս նուրբ էակը կհասնի Պոպոկատեպետլի գագաթը… Որոշեցի ամեն ինչ թողնել նրան սպորտի վարպետի կոչում տվողների վրա… Երևաց Պոպոկատեպետլը, հակառակ կողմից՝ իմ ապրած տեղից մինչև տեղ հասնելը գրեթե մի ամբողջ ժամ այս գիգանտը մեր հայացքին էր, ու ինչքան մոտենում էինք, այնքան նրա տեսքը դառնում էր զարհուրելի… Հասանք, ալպինիստական կայանն է՝ 3200 մ բարձրության վրա. անտառապատ գեղատեսիլ վայր էր: Մի մեծ շինություն էր՝ ամբողջովին փայտյա, բարձրլեռնային շատ հարմարավետ ալպինիստական բազա: Գրանցվեցինք, ծանոթացանք կանոնադրության հետ, ստորագրեցինք համաձայնագիրն անհրաժեշտության դեպքում փորձարար ջոկատ ուղարկելու առթիվ: Մոռացա ասել, որ այդ բազան գտնվում էր անմիջապես գագաթի տակ, գագաթի տեսքը սարսռազդու էր. դեմքերս բավական վեր պիտի բարձրացնեինք գագաթը տեսնելու համար, որը այդպես էլ չտեսանք. ծածկված էր ամպերով ու իր արտավիժման գոլորշիներով. հասկացանք, որ գտնվում ենք գործող խառնարանի ստորոտում…
***
Ես չեմ կարողանում պոկվել այդ տեսարանից, դա տարերք էր…
Արևը թեքվել էր արևմուտք, ես որոշեցի միայնակ բարձրանալ մինչև ձյուները, դա մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա էր բազայից: Տեղյակ պահելով Ալվարեսին մեծամտությանս մասին՝ դուրս եկա բազայից ու շարժվեցի դեպի բավական գահավեժ լանջը՝ մինչև ձյան սահմանը հասնելու միտումով. դա, իմ գնահատմամբ, մոտ 3800 մ-ի վրա պիտի լիներ: Հրաշալի ալպիական մարգագետին էր՝ ցածր, մանր կանաչ խոտերով ծածկված, ջրերն էին քչքչում այստեղ-այնտեղ: Մոտենում եմ ձյան սահմանին, թեքությունը խիստ մեծացավ, բոլոր կողմերից ջրեր են շառաչուն, փրփրած գահավիժում են քարերի ժայռերի միջով վար: Հասա ձյան սահմանին. ահռելի հաստության պինդ ձյան շերտ է, տակից ահավոր շառաչյունով ջրերն են դուրս պրծնում… Քարացած մնում եմ տեղում, մի քայլ անգամ անել դեպի վեր՝ ձյան վրա, անհնար է… Հետս նույնիսկ ալպինիստական մուրճը չէի վերցրել: Բայց ես չեմ կարողանում պոկվել այդ տեսարանից, դա տարերք էր. պնդացած ձյուն, սառույց ու սառցաբեկորներ, փրփրած ջրեր… Չնկատեցի, երբ չքացավ արևը… Մոռացել էի, որ սա տրոպիկա է, արագ է մթնում: Բացի այդ, ցրտեց միանգամից: Իսկ ես շատ թեթև էի հագնված. շորտեր ու կարճ թևերով բարակ շապիկ… Արագ սկսեցի իջնել… Բայց մութը գալիս էր ավելի արագ, հեռվում հազիվ եմ նշմարում մեր բազան: Քայլերս արագացնում եմ, աշխատում եմ ուղղությունս պահել… Ու հանկարծ հեռվում՝ գրեթե կիլոմետրանոց հեռավորության վրա, նշմարում եմ ուրվական. մարդ է, գալիս է իմ ուղղությամբ… Կռահեցի, որ նա էլ է արագ գալիս, ճիշտ դեպի ինձ, չմտածեցի նույնիսկ՝ ո՛վ կարող է լինել… Հասանք իրար, բայց ո՛վ է, նույնիսկ մի քանի քայլի վրա չեմ կարողանում կռահել… Վերջին քայլը, ու ինձ է նետվում… Ալվարեսն ու առանց մի խոսք ասելու՝ երկու ձեռքով տաք, բրդյա սվիտերն է հագցնում գլխիս կողմից… Ու հայացքի մեջ՝ մեղմ ժպիտ… Ոչ մի խոսք, ոչ մի դիտողություն իմ այդ ճչացող ավանտյուրայի համար… Ես հուզվեցի…
***
Զարմացա. սրանք բոլորը մտադիր են Պոպոկատեպե՞տլ բարձրանալ…
Երբ հասանք, բազայում արդեն կարգին մութ էր… Անցանք գործի… Բայց ի՞նչ է. բազան լեցուն էր ալպինիստական խմբերով՝ գույնզգույն, հրաշալի ալպինիստական համազգեստների մեջ, տարբեր-տարբեր երկրներից եկած, նույնիսկ Եվրոպայից… Աղմկալից էր, ջահելներ էին՝ տղա, աղջիկ. քրքիջ, ծիծաղ՝ բոլոր կողմերից… Զարմացա. սրանք բոլորը մտադիր են Պոպոկատեպե՞տլ բարձրանալ… Պատին բարձր կախված էր շատ մեծ չափի սխեմատիկ նկարը Պոպոկատեպետլի, որի վրա կարմիր շատ հաստ գծով նշված էին երեք տրասաները գագաթ հասնելու՝ I, II և III, վերջինը՝ III-ը, ամենից երկարն էր ու ամենից հեշտը. տրասան գնում էր խիստ ձախ ու բավական անցնելուց հետո թեքվում աջ՝ դեպի գագաթը: Երկրորդ մարշրուտը գրեթե նույնն էր, բայց ավելի կարճ: Առաջինի դեպքում ուղիղ գիծ էր՝ գագաթից շիփ-շիտակ վար իջնող. դա ամենակարճն է և ամենադժվարը, թեքությունը՝ ոչ պակաս 45-50°: Ես և Ալվարեսը բարձրաձայն քննարկում ենք, ու ես անվարան կանգ եմ առնում առաջին մարշրուտի վրա, դեմ դիմաց, ամենամեծ թեքությամբ… Խոսում էինք բարձրաձայն, և ես իմ վճիռը հայտնում եմ երևի բավական բարձր ձայնով. դա լսեցին մեր կողքին կանգնած ալպինիստները ու զարմացած, աչքերը կլորացրած նայում են մեզ. մեր տեսքը չէր վկայում առաջին մարշրուտի հերոս դառնալու հնարավորությունը… Սրահն աղմկոտ էր, չէին շտապում, դա ինձ տարօրինակ թվաց: Ալվարեսի հետ արագ մշակեցինք մեր անելիքները մեկ անգամ ևս ստուգել մեր հանդերձանքը, ուսապարկերը ու իսկույն պառկել քնելու:
***
Թեքությունը գնալով մեծացավ, շարունակում ենք հաջորդ վերելքը
Վեր ենք կենում տասներկուսն անց կեսին և ուղիղ գիշերվա ժամը մեկին դուրս ենք գալիս բազայից: Իմ գնահատմամբ՝ մինչև ստորոտը՝ լեռան մոտ, երկու ժամվա ճանապարհ է, իսկ գիշերը լիալուսին է. ես ի սկզբանե էի որոշել ու ընտրել Պոպոկատեպետլյան մեր արշավի սկիզբը լիալուսնի օրերին: Գիշերվա ժամը մեկն է, մենք չորսով լվացված, հագնված, ուսապարկերը մեջքներիս, պատրաստվեցինք դուրս գալ բազայից… Բայց սա ի՞նչ է, կիսամութ բազայում բոլորը քնած են, խռմփոցի ձայն եմ լսում անգամ… Զարմացա. վերելքի դուրս եկող ալպինիստը մի՞թե այսպես է անցկացնում գիշերը… Փորձից գիտեմ, դուրս գալուն պես չի կարելի մեծ արագություն վերցնել. գնում ենք հանդարտ, բայց հաստատուն տեմպով: Երկինքը քիչ-քիչ սկսում է շառագունել, ու նոր նկատեցի. Պոպոկատեպետլի գագաթը բաց է, բոլորովին բաց, ոչ մի ամպամածություն, միայն խառնարանից բարձրացող սպիտակ ծուխն է: Հավատալս չի գալիս, իսկ կմնա՞ այդպես բաց մեր վերելքի ժամանակ: Լեռան ստորոտը մեր մարշրուտի ուղղությամբ ավելի էր հեռու, քան նախորդ օրվա իմ հասած տեղը: Լուսադեմին լեռան ստորոտում ենք, որտեղից սկսվում է խիստ թեք վերելքը դեպի վեր: Հսկայական քարակույտեր են, երբեմն հարկ է լինում մագլցել: Թեքությունը գնալով մեծացավ, շարունակում ենք հաջորդ վերելքը:
***
Արագ հասա ձյան սահմանին, վար դրեցի ուսապարկը ու նստեցի մի քարի վրա…
Ու հանկարծ նկատեցի ինձ համար կարևոր մի հանգամանք. իմ բարձրանալու տեմպը արդեն բարձր էր, այն երեքը միշտ հետ էին մնում, և ես հարկադրված սպասում էի նրանց հասնելուն: Ի՞նչ անել. դանդաղեցնե՞լ իմ վերելքը, բայց իմ նորմալ տեմպից դուրս գալը կհոգնեցներ ինձ, այն էլ շատ արագ: Ուրիշ ելք չկար. հաշվի առնելով այն, որ մարշրուտն առայժմ միայն ժայռային է, չկա սառույց, չկա ձյուն, ես կշարունակեմ վերելքն իմ տեմպով, իսկ իրենք՝ իրենց տեմպով, մինչև ձյան սահմանին հասնելը, ու այնտեղ ես կսպասեմ իրենց: Այդպես էլ եղավ. ես արագ հասա ձյան սահմանին, վար դրեցի ուսապարկը ու նստեցի մի քարի վրա… Նստեցի, ու իմ տրամադրությունը միանգամից ընկավ. առավոտյան ժամը ինն է, ու ես գտնվում եմ 5100 մ բարձրության վրա, դա Արարատի բարձրությունն է… Ես այդքա՛ն հեշտ, այդքա՛ն արագ հասել էի Արարատի բարձրությունը ու զրկված եմ եղել Արարատը բարձրանալու իրավունքից… Արարատն ինձ համար սպորտային խնդիր չէր կարող լինել… Մոտ ժամ-ժամուկես հետո երևացին իմ ընկերները: Հոգնած տեսք ունեին, հատկապես Եսթերան: Տասնհինգ րոպե ժամանակ տվի հանգստանալու: Հանդարտ, անշտապ սկսեցինք խնամքով, անշտապ կապել ոտքերիս պողպատյա շատ ամուր «ճանկերը»՝ շատ սուր ծայրերով, ամենակարևորը ալպինիստի համար, առանց որի անհնար է պինդ ձյան ու սառույցի վրայով քայլել: Մինչև իմ ընկերների գալը քարի վրա միայնակ նստած պահին ուշադրությունս իսկույն ընկավ քիչ վերևում՝ պինդ ձյան մեջ, մեխված սև գույնի երկաթյա խաչերին՝ գրեթե մարդաբոյ բարձրության. կռահեցի, թե ինչ կարող է լինել դա, իսկ հետո իմացա ավելի ստույգ. դրանք այստեղ՝ Պոպոկատեպետլի վրա, զոհված ալպինիստների հուշարձաններն են: Հուզվեցի, տասից ավել էր… Զարմացա ու լրջացա. այս գիգանտը անվտանգ չէ… հետո իմացա. զոհերը եղել են հիմնականում ձյան ու սառցի վիթխարի զանգվածների փլուզումներից:
***
Ցնցող էր պատկերը. մեր բախտից էր թե ինչ, պայծառ արև էր, կապուտակ երկինք…
Այստեղից մենք սկսում ենք վերելքը դեպի գագաթ: Համատարած ձյուն է՝ սառած, պինդ. դա վտանգավոր է և շատ, ինչ-որ տեղ ձյան շերտի տակ կարող է դատարկ լինել, ու ոտքդ դնելուն պես կարող ես հայտնվել անդունդում… Թեքությունը մեծ է`50°, եթե ոչ ավելի: Չորսս էլ կապված ենք իրար պարանով, իրար հետևից, առջևում ես եմ կամ Ալվարեսը, փոխնեփոխ, մեր արանքում Եսթերան է` առանց ուսապարկի, ինքն է ու իր մուրճը, վերջում Ռաֆայելոն է… Ռաֆայելոն, համալսարանի բակում խոտերի վրա ֆուտբոլ խաղացող Ռաֆայելոն բնավ նման չէր այս մեկին, վատ էր շնչառությունը. անվերջ հևիհև, ես անհանգստանում էի ու ակամա հարկադրում դանդաղ վերելք: Ցնցող էր պատկերը. մեր բախտից էր թե ինչ, պայծառ արև էր, կապուտակ երկինք, շրջապատը հսկայական հեռավորության վրա համայնապատկերն էր լեռների` իրար հետևից գնացող… Տեսա շատ հեռվում կոնուսը Օրիսաբայի` շրջապատից խիստ զատվող: Մեր լանջի ուժեղ թեքության պատճառով չէինք տեսնում գագաթը մեր սարի, ես դժվարանում էի գնահատել, թե ինչքան մնաց: Բայց որքան վեր, այնքան ավելի էր ջարդոտված ու բարակ ուղին: Կարծես գագաթը մոտ է, ու այդ պահին տեսնում եմ ձախից մի գիգանտ սառցաբեկոր, մի վիթխարի կոնուս` երևի մի 100 մ բարձրության, ակնհայտորեն նոր-նոր պոկված մի է՛լ ավելի գիգանտ, սառցալեռից, այսօրվա պես հիշում եմ գույնը ջարդված մասի. վերևում` մաս-մաքուր, թափանցիկ սապֆիր, հետո դեպի վար աստիճանաբար սկսում է կապտել, հետո քիչ-քիչ կապտականաչավունից անցնում է մաս-մաքուր զմրուխտի… Դա ֆանտաստիկ բյուրեղ էր` 100 մ բարձրության, սառցե բյուրեղ` աներևակայելի մաքուր սապֆիրի, կապույտների և զմրուխտի մեջ լողացող… Այդպիսի բան ես չէի տեսել կյանքումս, դա` այդ տեսարանը, եղավ առաջինն ու վերջինը… Այս ֆանտաստիկ չափերի բեկորը սառցի ներկայանում էր իմ հայացքին ինչպես մի բյուրեղ ափի մեջ… Այդ չափերի ջարդվածք սառցաբեկորների կարող է լինել Անտարկտիդայում երևի, բայց այնտեղ արևը թույլ է, և այս գունային հրավառությունը չէր կարող ստացվել… Այո՛, ես քայլ առ քայլ մոտենում էի գագաթին, բայց իմ հայացքը ամբողջ ժամանակ գամված էր այդ գիգանտ սառույց- բյուրեղին, ու ես այդ ընթացքում ոչ միայն չզգացի ոչ մի հոգնածություն, այլ նույնիսկ չնկատեցի, թե ինչպես հայտնվեցինք գագաթին…
***
Ես սկսեցի տնտղել շուրջս… ֆանտաստիկ էր անսպասելիության աստիճան
Ասացի արդեն, թեքությունը շատ էր մեծ, ու ես, դեռ գագաթ չհասած, տեսա վերին ծայրը երկաթյա եռանկյունի կոնուսի… Ամեն քայլի վրա այդ կոնուսը ավելի ու ավելի էր մեծանում ու… հանկարծ, գրեթե անսպասելիորեն, դուրս ենք գալիս դեմ առ դեմ կոնուսին… Մենք գագաթում ենք 5350 մ բարձրության գագաթում ենք, ու գրեթե նույն պահին իմ հայացքին բացվում է անդունդը` խառնարանը… Տեղը շատ նեղ էր, առջևից հրաշեկ խառնարան է, հետևից` հենց նոր մեր բարձրացած լանջը` խիստ թեք ու խիստ նեղ: Ու փչում էր ուժեղ քամին… Ես գրեթե ճչացի` «Նստեցե՛ք…»: Ինչ նստել, փռվեցինք գետնին՝ սառցի վրա, ես ու Ալվարեսը արագ, գրեթե խուճապահար սկսեցինք պարանը մի ծայրով ամուր փաթաթել կոնուսին, իսկ մյուս ծայրով մեր չորսիս մեջքով երկու-երեք փաթույթ անցկացնել, ոտքի վրա կանգնել անկարելի էր, չորսս էլ փռված էինք կամ նստած սառույցի վրա… Միայն այդ բանից հետո, որ մեր անվտանգությունը ապահովված է, ես սկսեցի տնտղել շուրջս… Ֆանտաստիկ էր անսպասելիության աստիճան. խառնարանի չափերը նկատելիորեն երկարել էին մոտ երկու կիլոմետրի վրա, էլիպսաձև, վերևից ու բոլոր կողմերից՝ շատ նեղ, գրեթե սուր, ինչպես մեր նստած տեղն է, իսկ ներսից… Միայնակ մարդը սարսափից կուշաթափվեր, իհարկե. ներսից բացարձակ ուղղահայաց պատեր էին ողջ շրջագծով՝ սարսափ ստեղծելու աստիճան խորը՝ մոտ վեց հարյուր մետր: Պատերը բոլորովին ուղղահայաց, բոսորագույն-նարնջագույն կարծր ժայռեր էին, իսկ հատակը… Հատակը չէր երևում, ամբողջովին ծածկված էր գալարվող ու վեր բարձրացող գոլորշու քուլաներով… Նայեցի երկար, ու այդ ընթացքում մի պահ, շատ կարճ պահ բացվեցին քուլաները ու… տեսա հրաշեկ խառնարանը. ամբողջովին հալված մետաղ՝ նարնջագույնի ու կարմիրի փայլով. դա հալված լավան է, մոտ 3000°-ի հալված մետաղ, լավան, որը հասցրել է բարձրանալ ահա մինչև այդ կետը…
***
Ալպինիստը գագաթ հասնելուց հետո մոռանում է, որ իջնել կա…
Վերջին ժայթքումից վաթսուն տարի է անցել, այդ ամբողջ ժամանակ լավայի այդ մակարդակը չնչին տատանումներով մնացել է այդ մակարդակի վրա. մեքսիկական երկրաբաններն ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե սպասում են, որ մակարդակը հալած լավայի անսպասելիորեն կարող է բարձրանալ. այդ դեպքում կլինի հերթական ժայթքումը, ու հրաշեկ լավան բացի վեր նետված շատրվանից նաև կծորա խառնարանի եզրերից դեպի վար՝ հալեցնելով ու եռացնելով այդ գիգանտ լանջերի ձյունն ու սառույցը… Ալպինիստը գագաթ հասնելուց հետո մոռանում է, որ իջնել կա… Մենք այդ վիճակում էինք, մոռացա ասել, որ ոտք դրինք գագաթին ժամը տասներկուսն անց կեսին, դա կնշանակի, որ վերջին չորս հարյուր մետրը մենք բարձրացել ենք մոտ երեք ժամում, մոտ 100-150 մ (բացարձակ բարձրություն) արագությամբ ժամում: Պիտի համարել, որ վատ չէր, չմոռանանք, մեզ հետ կին կար… Ինչ խոսք, բոլորիս տրամադրությունը բարձր էր, շատ բարձր… Նույնիսկ Ռաֆայելոյի… Եսթերան ամբողջ ժամանակ ժպտում էր… Է՛հ, եթե Եսթերան չլիներ, չլիներ և Ռաֆայելոն, մենք երկուսով՝ ես ու Ալվարեսը, շատ-շատ մեկ ժամ շահեինք, դա մեծ բան չէր… Եսթերան ինձ էր նայում անխոս, հարցական հայացքով, չեմ ափսոսել նրան ինձ հետ վերցնելով… Է՛հ, Եսթերա, եթե բոլոր կանայք, ջահել կանայք քեզ պես լինեին, սիրեին բարձրություն, սար, լեռ, ձյուն ու սառույց, ունենային տարերք, երազ, երևի թե աշխարհը կլիներ այլ, քան է՛ հիմա…
***
«Մեքսիկական համալսարանի ալպինիստների խումբը»
Հայտնվեցինք գագաթում անսպասելիորեն, մենք էլ չհասկացանք, թե ինչպես, ու չորսս էլ միանգամից ճչացինք, ձեռքերս վեր նետեցինք անակնկալից, փաթաթվեցինք իրար, բոլորիս դեմքին ծիծաղ էր, երջանկացած եղածով… Հոգնությունը չքացավ մի ակնթարթում… Այստեղ ես նոր նկատեցի հեռվում, բավական հեռվում ալպինիստների մյուս խմբերին, բոլորն էլ գույնզգույն, շքեղ հանդերձանքի մեջ, որոնք դուրս էին եկել վերելքի երրորդ մարշրուտով՝ ամենաերկարը, բայց շատ ավելի պակաս թեքությամբ, ու չէին հասել բարձրության նույնիսկ… կեսին: Ես հիշեցի նրանց խռմփոցը կեսգիշերվա այնտեղ՝ ալպինիստական լագերում… Դրանով հանդերձ ի զարմանս ինձ ու իմ ընկերների այդ խմբերից և ոչ մեկը չէր հասել գագաթ… Ավելի ստույգ՝ դա իմացա հաջորդ օրվա թերթերի հաղորդագրություններից, որտեղ նշվում էր գագաթը հասած միայն մի խմբի մասին՝ մեր. դա կոչվում էր «Մեքսիկական համալսարանի ալպինիստների խումբը»… Այսպես, ես մեքսիկացի էլ դարձա…
***
Հայկական կոնյակը Պոպոկատեպետլի գագաթին
Վերջապես եկավ պահը իմ հիմնական անելիքի, այնտեղ՝ գագաթին, անելիք, որի մասին ես այսքան երկար լռել էի: Հանդիսավոր ձայնով, ինչ մեղքս թաքցնեմ, ոչ առանց հուզմունքի ես դիմեցի իմ ընկերներին՝ նստել շուրջանակի դիմացս՝ մի ձեռքով դեպի ինձ քաշելով իմ ուսապարկը, իսկ մյուսով մտցնելով ձեռքս ուսապարկի մեջ. հաջորդ ակնթարթին ես անշտապ, զգուշորեն դուրս եմ քաշում թևս, ու ձեռքիս՝ շողշողուն շիշը հայկական կոնյակի… Շիշը մաքուր ոսկեգույն հայկական կոնյակի… Թե այդ պահին երեքի բերանից ինչ ահավոր ճիչ ու ոռնոց դուրս պոռթկաց, չեմ կարող նկարագրել… Համենայն դեպս ինձ թվաց, որ ես լսեցի արձագանքը այդ գոռոցի խառնարանի ա՛յն պատից… Տիեզերական պահ էր… Աստվա՛ծ իմ, միայն ա՛յդ գոռոցի, ա՛յդ արձագանքի համար արժեր, որ ես հասնեի երկրագնդի այն կեսի վրա գտնվող Մեքսիկա կոչված երկիրը ու հայտնվեի Պոպոկատեպետլի գագաթին… Արևը շողշողում էր այրելու աստիճան… Շիշը մեկնեցի Ալվարեսին՝ ձեռքով հասկացնել տալով, որ բացի… Զարմացավ, նա կարծում էր` շիշը կբացվի վայրէջքից հետո միայն… Ես նորից ձեռքս շարժեցի… Ալվարեսի դեմքին երևաց մի աննկարագրելի ժպիտ, ինքը` Ալվարեսը, բացելու է այստեղ` առասպելական Պոպոկատեպետլի գագաթին` խառնարանի եզրին, շիշը` հայկական կոնյակի… Առաջին շիշը` հայկական կոնյակի` այս առասպելական գագաթին… Ես չհասկացա` որտեղի՛ց գտավ, հանեց Եսթերան չորս բաժակ… Բաժակները լցվեցին, ջարդելու աստիճան շրխկացրինք իրար. դրա արձագանքն էլ լսեցի խառնարանի այն ծայրից եկած, այդ օրը ես ինչե՜ր միայն չլսեցի իմ այս փոքրուց չլսվող ականջներով… Երկրորդ բաժակը, երրորդը. շիշը դատարկվեց մինչև վերջին կաթիլը… Նայեցի Եսթերային, նրա աչքերում արցունք նկատեցի… Շա՞տ բան է պետք երջանիկ լինելու համար… Դա` այդ պահը, այդ ամենը մի անակնկալ էր` մտքից վեր, երևակայությունից վեր. ցնո՛րք: Ի՛նչ կիմանար այդ սքանչելի կին արարածը, թե ինչ է սպասում իրեն այդ լեգենդար սարի գագաթին… Այդ օրը, այդ պահը, չէ՛, չի մոռանա նա մինչև իր կյանքի վերջը…
***
Ու կախեցինք շիշը մետաղյա սյանը այնտեղ` բարձրում…
Ժամանակն անցնում է, գրեթե մի ամբողջ ժամ գագաթին ենք, դա շատ է, հարկավոր է մտածել վայրէջքի մասին… Հանկարծ նկատում եմ, նոր եմ նկատում այնտեղ` մետաղյա կոնուսի վերևում, մի երկարուկ պլաստինկա` մետաղալարով կապած: Ձեռքով եմ անում Ալվարեսին, նա բարձրացավ ու բավական չարչարվելուց հետո քանդեց ու բերեց. բրոնզե երկարուկ պլաստինկա էր` վրան փորագրված մի ամբողջ արձանագրություն. առ այն, որ այսինչ թվին, այսինչ օրը այստեղ` Պոպոկատեպետլի գագաթ է հասել Միլանի (!) համալսարանի ալպինիստների խումբը` պրոֆեսոր Ֆետարայի գլխավորությամբ… Ճիշտ այդպես, և ես նոր եմ գլխի ընկնում, որ մեր այս արշավից առաջ չէի նախատեսել, մտքովս չէի անցկացրել անգամ, թե հաջողության դեպքում ի՛նչ պիտի թողնենք այնտեղ` վերևում` Պոպոկատեպետլի գագաթին… Չէի կանխատեսել… Նայեցինք իրար, իտալացիները բրոնզե տախտակի վրա են թողել իրենց արձանագրությունը, իսկ մենք… թուղթ անգամ չունեինք… Չգիտեմ ինչպես, իմ ուսապարկի միջից մի կտոր թուղթ գտա ու մի գրիչ նաև, ու ես գրեցի երեք լեզվով` հայերեն, անգլերեն, իսպաներեն, մեր ազգանունները ու մեր այստեղ` գագաթին, այսինչ թվի այսինչ օրը հայտնվելու հանգամանքը… Այդ թղթի կտորն էր մեր բրոնզե տախտակը… Խնամքով, որքան հնարավոր էր, փաթաթեցի երկարուկ փաթեթի տեսքով այդ թուղթը ու շշի բարակ անցքով խցկեցի ներս… Լավ է, որ խցանը շշի չէի նետել, շիշը խցանվեց ամուր, ու Ալվարեսը չգիտեմ որտեղից գտավ մետաղալար, ու կախեցինք շիշը մետաղյա սյանը այնտեղ` բարձրում… Ալվարեսը, Ռաֆայելոն նաև նկարեցին շիշը` սյանը կապված, այնտեղ` ընդարձակ կապուտակ երկնքի ֆոնի վրա… Նկարները ստացվել էին ու շատ հաջող… Բայց ու՞ր են դրանք, չգիտեմ… Միլանցիների բրոնզե արձանագրությունը բերի հետս, այստեղ է` իմ կաբինետի պահարաններից մեկի ներսում… կարգը դա՛ է, որ ես տեղյակ պահեի դրա մասին նրանց, չարեցի, իմ մշտական անփութության պատճառով…
***
Մի՞թե այնտեղից ենք իջել. անհավատալի էր թվում…
Արևը բավական թեքվել էր, ժամանակն է շարժվելու: Գագաթ հասնելուն պես առաջին իսկ ակնթարթին որոշել էի. իջնում ենք երրորդ մարշրուտով: Նախ` մտաբերելով ներքևում մեր առաջին մարշրուտի սկզբին ցցված մետաղյա խաչերը` գտա, որ վայրէջքը այդ նույն մարշրուտով կարող է լինել վտանգավոր, և այս երրորդ մարշրուտի լանջերը ավելի սահուն են, կարելի է իրականացնել արագ, նույնիսկ շատ արագ վայրէջք, այսպես կոչված, գլիսերովկայի տեխնիկայով: Այդպես էլ արեցինք, արագ տեմպով անցանք խառնարանի ձախ եզրով, հասանք այնտեղ, որտեղից կարելի է իրականացնել գլիսերովկան. դա հայտնի ձև է, երբ պառկում ես մեջքի վրա, ուսապարկը առաջ բերելով` պինդ ձյան վրա սահելով իջնում ես մինչև ինչ-որ կետ, հետո ստուգում ու որոշում հաջորդ գլիսերովկայի մարշրուտը ու այսպես մինչև վար… Առաջինը ես անցա այդ տեխնիկայի ցուցադրմանը, ինձնից հետո Ալվարեսը բաց թողեց Եսթերային, և այնտեղ` վարում, կարողացա բռնել նրան, հետո` Ռաֆայելոն, ու վերջում` Ալվարեսը… Այդ ընթացքում մենք անցնում էինք մյուս ալպինիստական խմբերի մոտով, ժպտում էինք նրանց ու ձեռքով անում, իսկ նրանք մեզ էին նայում մռայլ դեմքով… Չորսս էլ վարում ենք, անհավատալի կարող է թվալ, այսպես ասած վայրէջքը մեր տևեց հազիվ քսան րոպե… Մի քանի քայլ ևս, ու մենք կանաչ, մաքուր ալպիական մարգագետնի վրա ենք… Կեսգիշերին` ալպինիստական լագերից դուրս գալու պահից ի վեր, ոչինչ չէինք կերել: Հիմա ժամը երեքն անց էր, ժամանակ շատ ունենք. մի մաս-մաքուր տեղ փռվեցինք խոտի վրա, ու Եսթերան տանտիրուհու իրավունքով անցավ գործի, շատ արագ սեղանը պատրաստ էր… Մեր հայացքին հիմա արդեն ձախից Պոպոկատեպետլի գագաթն էր, ու ես գոնե մտածում էի` այնտեղի՞ց ենք իջել… Անհավատալի էր թվում…
***
Հայկական կոնյակի շիշն ու սև իկրայի այդ տուփը…
Այստեղ ես մատուցեցի երկրորդ անակնկալը. ձեռքս տարա ուսապարկիս ու հանգիստ, բոլորի հայացքների տակ դուրս հանեցի տուփը, մեծ տուփը ռուսական… սև իկրայի… ի՛նչ կատարվեց, մի գոռոց` ոչ պակաս այնտեղ` Պոպոկատեպետլի գագաթում եղածի… Ալվարեսը բացեց տուփը ու մեկնեց Եսթերային… Եսթերան բաժանեց չորս մասի ու բաժանեց. ես ինձ լավ էի զգում այն բանի համար, որ տուփը այնքան է մեծ, որ ամեն մեկը իր բաժնից կկշտանար հաստատ… Ես իմ խառնվածքով անփույթ եմ, ճանապարհորդությունների պատրաստվելու օրերին չգիտեմ անգամ ի՛նչ է պետք անել, ի՛նչ է պետք վերցնել ինձ հետ, ի՛նչը չէ… Բայց այս անգամ ի՛նչ էր մտել մեջս, չհասկացա. ոչ Պոպոկատեպետլ կար գլխումս, ո՛չ էլ ուրիշ մի բան, ու իմ ճամպրուկում կար ահա այդ կոնյակի շիշը ու այդ տուփը սև իկրայի… Հիմա հավանորեն բոլորը կհամաձայնեն ինձ հետ. ես ընթերցողին նկատի ունեմ, որ այդ շիշն ու այդ տուփը հազիվ թե ունենային ավելի շքեղ, այդ աստիճանի հուզիչ կիրառություն, քան այդ առասպելական Պոպոկատեպետլի գագաթին ու ստորոտին… Ես չգիտեմ` ինձանից առաջ եղե՞լ է հայ մարդ Պոպոկատեպետլի գագաթը հասած: Հազիվ թե: Բայց որ հայկական կոնյակը հասավ այդ կատաղի լեռան գագաթը առաջին անգամ, դա հաստատ է: Մեծ բան է դա, չգիտեմ, բայց գիտեմ, որ ամեն հայ կուզենար, կերազեր իր ձեռքով առասպել դարձած այդ շիշը` հայկական կոնյակի շիշը, հասցնել այնտեղ` գագաթը…
Գրիգոր Գուրզադյան