Հայոց այբուբենի հուշարձան
Հայոց այբուբենի հուշարձան համալիրը, որն ավելի շատ հայտնի է Տառերի պուրակ անվամբ կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Հուշարձանը գտնվում է բաց երկնքի տակ, Արտաշավան գյուղում՝ Արագած լեռան արևելյան լանջին: Ներառում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը։ Համալիրի բոլոր տառերը քանդակվել են տուֆից:
Հայոց գրերը ստեղծվել են 405 թվականին։ Մշակվել են Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ Աստվածաշունչը հայերին հասանելի դարձնելու և քրիստոնեությունը տարածելու նպատակով: Մաշտոցյան այբուբենն այքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր։ Ի սկզբանե այբուբենը բաղկացած էր 36 տառերից և ամբողջացվել է Միջին դարերում։
Հայերեն տառերը՝ թվարժեքներ
Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև որպես թվարժեքներ։ Այս թվային համակարգը օգտագործվել է հնագույն ժամանակներից, ինչի մասին վկայում են պատմական հուշարձանների պատերին պահպանված փորագրությունները։ Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ և հազարավորներ։
Համալիրի տարածքից երևում է նաև Սուրբ Խաչը։ Այն տեղադրվել է 2012 թվականին և բաղկացած էր 1711 մեծ և փոքր մետաղական խաչերից։ Խաչերի քանակը խորհրդանշել է Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն գործելու տարիները: Խաչի բարձրությունը 33 մ է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խաչելիության տարիքը։
Ամեն տարի ևս մեկ խաչ է ավելացվում:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: