info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայաստանն արվեստում

Հայաստանն արվեստում

Հայկական մշակույթը, որը հազարամյակների պատմություն ունի, առանձնահատուկ դեր է կատարել հայ ժողովրդի կյանքում: Հայաստանն իր արտահայտումը գտել է գիտության և արվեստի բաղմաթիվ ոլորտներում, և այժմ ներկայացնում ենք ձեզ ինչպիսին է Հայաստանն արվեստում և մշակույթում: Այդ մշակույթի ճյուղերից մեկը կերպարվեստն է: Մանրանկարչությանը և որմնանկարչությանը զուգընթաց զարգացել են կերպարվեստի նոր տեսակներ ու ժանրեր՝ գեղանկարչություն, դիմանկարչություն, կենցաղային թեմաներով պատկերներ, բնանկար։

Հայաստանն արվեստում որպես ներշնչանքի աղբյուր

Տարբեր ժամանակներում Հայաստանն, հայկական բնությունը և հատկապես Արարատ սարը եղել են հայ արվեստագետների ներշնչանքի անսպառ աղբյուր ու տարբեր ձևերով պատկերվել վերջիններիս կտավներում: Օրինակ՝ աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին առաջիններից էր, ով գեղանկարչության մեջ պատկերեց հայկական բնությունը, Արարատը, Արարատյան դաշտը: Հայաստանի հանդեպ Այվազովսկու տածած սերն արտահայտվել է «Արարատ լեռան հովիտը», «Արարատ», «Նոյն իջնում է Արարատից» և այլ հանրահայտ կտավներով:

Հովհաննես Այվազովսկի, Նոյն իջնում է Արարատից (1889)

Հովհաննես Այվազովսկի, Արարատյան դաշտ (1882)

Վեհագույն Արարատը կտավներում

Արարատն իր ողջ վեհությամբ հայտնվել է նաև մի շարք այլ հայ արվեստագետների ստեղծագործություններում: Ահա օրինակ այն այսպես է պատկերվել հայ մեծանուն նկարիչ և հասարակական գործիչ Փանոս Թերլեմեզյանի կտավներում, ով բնանկարի ժանրի լավագույն ներկայացուցիչներից մեկն էր: Նրա կտավներն աչքի են ընկնում քնարական ջերմությամբ ու նուրբ երանգավորմամբ:

Փանոս Թերլեմեզյան, Աշուն (1929)

«Ես եկել եմ իմ ճակատի քրտինքը խառնելու հայ շինականի քրտինքին, որպեսզի մեր երկիրը՝ իմ Հայաստանը, վերաշինենք», – ասել է Թերլեմեզյանը՝ Երևանում իր ծննդյան 75-ամյակի առթիվ կազմակերպված անհատական ցուցահանդեսի բացմանը:

Փանոս Թերլեմեզյան, Մեծ Մասիսը

1914 թվականին նա ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիփան սարը Կտուց կղզուց», «Վանա լիճը» բնանկարները։

Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց

Թերլեմեզյանի ստեղծագործությունը համահնչուն էր իր ապրած ժամանակաշրջանի տրամադրություններին և գեղարվեստական ձևերի արտահայտությամբ էլ՝ մատչելի ժողովրդի լայն խավերին։ Այդ է պատճառը, որ նրա արվեստը բարձր գնահատվեց ժողովրդի կողմից և սիրելի դարձավ բոլորին։

Փանոս Թերլեմեզյան, Լեռներ

Հայ անվանի նկարիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանի ստեղծագործություններում նույնպես գերակշռում են Արարատը, ինչպես նաև Սևանը պատկերող տեսարանները, որոնք հիացնում են իրենց արտասովոր պարզությամբ, բնական կենդանությամբ, հայրենի գեղատեսիլ բնության նկատմամբ թափանցող սիրով: Իր գործերում նա պատկերել է լեռների վեհությունը, կապուտակ երկնքի և արևաշող դաշտերի առասպելական գեղեցկությունը: Դրանք աչքի են ընկնում լույսի և գույնի հիասքանչ դրսևորումներով:

Գևորգ Բաշինջաղյան, Արարատը և արտը (1920)

Գևորգ Բաշինջաղյան, Սևանը լուսնյակ գիշերով (1915)

Բաշինջաղյանը սիրով և գիտական մանրակրկտությամբ է պատկերել հայրենի բնության բոլոր մանրամասնությունները: Նրա ստեղծագործության մեջ բնանկարչությունն ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել:

Գևորգ Բաշինջաղյան, Դիլիջանի ճանապարհը (1895)

Հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանի կտավներում Արարատն այսպես է պատկերվել՝

Եղիշե Թադևոսյան, Արարատ (1914)

Թադևոսյանի գեղանկարին հատուկ էր հայրենի բնության, դաշտ ու ձորի, քար ու ծառի երանգավորման նուրբ ու ճշգրիտ զգացությունը:

Եղիշե Թադևոսյան, Արագած լեռը (1917)

Իր անմիջականությամբ ու վրձնի թարմությամբ է գրավում Բյուրականի փոքրիկ պատկերը. ծառեր, հեռվում երևացող կապտավուն սար ու երկինք: Պարզ ու առաջին հայացքից հասարակ մի տեսարան, բայց ինչ հարազատությամբ ու մտերմիկ ջերմությամբ է արված:

Եղիշե Թադևոսյան, Բյուրական. Ամպեր (1903)

«…Թադևոսյանը ստեղծեց իր հրաշալի էտյուդները, որոնց մեջ արվեստի իսկական գոհարներ կան: Գույնի նուրբ զգացողություն ուներ ու կարողացավ իր էտյուդների մեջ արտացոլել հայրենի բնության գողտրիկ անկյունները՝ այնքան վճիտ ու հայկական…», – ասել է Մարտիրոս Սարյանը:

Հայրենի Բնաշխարհը

Ինքը՝ Մարտիրոս Սարյանը՝ գույնի մեծ վարպետը, առաջինն էր, որ հայկական բնաշխարհը վերապատմեց իր կտավներում` տալով նրա հավաքական-ամբողջական կերպարն ու փորձելով բացահայտել նրա անսպառ հմայքի առեղծվածը: Ինքնատիպ գեղանկարչական լեզվով նա ազգային արվեստը բարձրացրել է միջազգային մակարդակի:

Մարտիրոս Սարյան, Հայկական կոլխոզային բնանկար (1947)

Քաջատեղյակ լինելով հայ ժողովրդի պատմական ճակատագրին՝ Սարյանն ավելի խոր զգաց նրա անցյալի տառապանքները, ավելի ջերմորեն կապվեց իր ժողովրդի հետ, ուսումնասիրեց ու խորապես ճանաչեց հայրենի բնությունը: Լեռների ու ձորերի, հարթավայրերի ու հովիտների, արևի լույսով ողողված գույների մեջ իր վառ երևակայությամբ ընկալեց իրական երանգներն այն բնաշխարհի, որն այնքան սիրել է նա իր ամբողջ կյանքում:

Մարտիրոս Սարյան, Կեսօրյա անդորր (1924)

Ամբողջ կյանքի ընթացքում Սարյանը նկարել է հայրենի բնաշխարհի ծաղիկներն ու մրգերը, որոնք բնության հետ նկարչի հատուկ զրույցի անմիջական արտահայտություններն են: Դրանցից յուրաքանչյուրն անսահմանորեն ջերմ է և հուզառատ ու դիտողին համակում է արդարացի հպարտությամբ. Ահա ինչպիսի գեղեցիկ երկրի որդի է նա:

«Ինչ որ նկարում եմ` Հայաստան է դուրս գալիս»

«Կուզեի, որ Հայաստանը չտեսած մարդիկ սիրեին այդ երկիրը` ծանոթանալով իմ կտավներին: Ես շատ բնանկարներ ունեմ: Արևկող լեռնապարեր, ծաղկուն հովիտներ: Իմ սիրելի Արարատը, որ պատկերել եմ հաճախ, կանաչի մեջ թաղված տներ, և ամենուր` անպայման մարդիկ, կյանքը վերափոխող մարդիկ»:

Մարտիրոս Սարյան, Արարատը գարնանը (1945)

Դիտելով Սարյանի պատկերած արևը, որքան էլ այն կիզիչ լինի, ուզում ես, որ նա միշտ երևա քո գլխավերևում: Դիտելով նրա խիստ, բայց պլաստիկ լեռները, ուզում ես միշտ վայելել նրանց հմայքը, ուզում ես անվերջ շրջագայել այդ արևազօծ լեռներով ու հարթավայրերով: Ուզում ես շփվել, հպվել այն ամենին, ինչ այդքան գեղեցիկ պատկերվել են անվերջ ապրելու ցանկություն ներշնչող սարյանական կտավներում:

Մարտիրոս Սարյան, Արագած

Մարտիրոս Սարյան, Քարինջ գյուղը Թումանյանի լեռներում (1952)

Նրա կտավներից ճառագող արևաշող գույները ամբողջացրել են հայրենի երկրի կերպարը, շեշտել բնության և կյանքի հավերժության գաղափարը: Օդի, լույսի, գույնի կախարդիչ ներդաշնակությամբ կերտած Հայաստանի հավաքական կերպարը հոգեհարազատ է մեզ: Մյուս կողմից էլ՝ օտարները Սարյանի նկարներով ճանաչեցին մեր երկրի ինքնատիպ գեղեցկությունը:

Մարտիրոս Սարյան, Հայաստան (1923)

«Սարյանն ամբողջ Հայաստանն է: Ոչ մի նկարիչ, Սարյանից բացի, գույներով այնպես չի հաղորդել նրա թափանցիկ օդը և նրա հազարամյա մառախուղը, վիթխարի, գրեթե առասպելական Արարատի և Արագածի ձյունափայլը, նրա արգավանդ հողի գույները, արևի խաղը խաղողի վազերի հետ, ժողովրդի գեղեցկությունն ու աշխատասիրությունը», –  ասել է ռուս գրող Կոնստանտին Պաուստովսկին:

Հայաստանը ՝ Մինաս Ավետիսյանի արվեստում

Հայաստանն ուրույն ձևով պատկերել է նաև Մինաս Ավետիսյանը՝ հայ կերպարվեստի մեկ այլ կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև՝ դիմանկարներ ու նատյուրմորտներ: Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ:Մինասի գործերում հատկապես մեծ տեղ են գրավում իր հայրենի Ջաջուռի բնապատկերները:

Մինաս Ավետիսյան, Ջաջուռ

«Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է: Իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը, որ շատ ժամանակակից է և շատ հայկական: Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ»,- ասել է Գառզուն:

Մինաս Ավետիսյան, Ջաջուռ

«Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք: Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր: Զարմանալի է…», – ասել է Վիլյամ Սարոյանը:

Մինաս Ավետիսյան, Բնանկար խաչքարերով (1974)

Հայրենի բնությունն իրենց կտավներում կենդանի օրգանիզմ դիտելով, վերջինիս բոլոր գույներն ու երանգները, գեղեցկությունն ու հմայքն իրենց կտավներում փոխանցելով՝ կերպարվեստի այս հսկաները ստիպել ու ստիպում են մեզ սիրել ու արժևորել մեր հայրենիքն այնպես, ինչպես այն կա:

Նյութը՝ Անի Ռակոբյանի

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին