info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայաստանը ծայրից ծայր՝ հեծանիվով

Հայաստանը հեծանիվով

Հայաստանը հեծանիվով

ArmGeo ակումբի անդամներ Ֆելիքս Քոչարյանն ու Գևորգ Հարությունյանն օրերս անցել են Հայաստանը ծայրից ծայր՝ հեծանիվով։ Այդ ուղևորությունը տևել է 5 օր, որի ընթացքում նրանք Հայաստանի հյուսիսից՝ Գոգավանի (Տաշիր) անցակետից հասել են մինչև հարավ՝ Ագարակի (Մեղրի) անցակետ։ Նրանք վարել են ընդհանուր 520 կմ, բարձրացել՝ 8100 մետր։ Անցել են Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Մարտունի, Եղեգնաձոր, Վայք, Գորիս, Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքներով։

Հայաստանը հեծանիվով

Մանկության երազանք

Այս գաղափարի հեղինակը Գևորգ Հարությունյանն է, որն էլ առաջարկել է Ֆելիքս Քոչարյանին միանալ իրեն։ Մեզ հետ զրույցում Գևորգն ասաց, որ նա վաղուց է ունեցել այդ միտքը․ «Կարելի է ասել՝ մանուկ հասակից այդ միտքը եղել է, երբ բակում հեծանիվ ես քշում, մտածում ես՝ ինչքան հեռու կարող ես գնալ, ինչքան երկար կքշես, ու մանկական պատկերացմամբ՝ դա Հայաստանի ծայրն է։ Այդ միտքը միշտ եղել է, խմորվել է, այն չիրականացվող երազանքի բնույթ է կրել մանուկ հասակում, հետո ժամանակի հետ, երբ ֆիզիկական, հեծանվային հնարավորություններդ մեծանում են, գիտակցում ես, որ այն լրիվ իրագործելի է։ Այս տարի էլ կորոնավիրուսը հնարավորություն ընձեռնեց վերադառնալու մանկական երազանքին։ Խոսեցի Ֆելիքսի հետ, քանի որ ինքն էլ բավականին լավ հեծանիվ է քշում ու լավ պատրաստվածություն ունի։ Առաջարկեցի, միտքը դուր եկավ նրան, որոշեցինք փորձել, կստացվի-կստացվի, չի ստացի, դե, ոչինչ չենք կորցնում»։

Հայաստանը հեծանիվով

Ֆելիքսն էլ նշում է, որ գաղափարն իրեն շատ է դուր եկել, ու մի քանի օր պլանավորելուց հետո՝ սկսել են ուղևորությունը։ Նրա տպավորությամբ՝ իրենց 5-օրյա հեծանվային ուղևորությունը շատ լավ է անցել։

Հայաստանի ճանապարհները

«Լրիվ մեր պլանավորած ձևով էր, ճիշտ է, ընթացքում կային դժվարություններ ռելիեֆի հետ կապված, բայց դրանք ավելի շատ ֆիզիկական դժվարություններ էին, հոգեբանական դժվարություններ շատ քիչ էին լինում, որովհետև երբ դու ֆիզիկապես հոգնած ու մեռած ես, ընդհանրապես չես պատկերացնում՝ ոնց ես հաջորդ օրը քշելու։ Հաջորդ օրն արթնանում ես, ու այն միտքը, որ պետք է շտապես ու հասցնես ավարտին, քեզ լրիվ ուժ է տալիս։ Կես ժամ քշում ես ու հետո լրիվ ֆիզիկապես դառնում ես նույնը, որովհետև իրականում մկանները ցավում են, բայց երբ դու նրանց տաքացնում ես մի կես ժամ, իրենք լրիվ դառնում են սովորական»,-նշում է Ֆելիքսը։

Հայաստանը հեծանիվով

Գևորգը նույնպես գտնում է՝ իրենց հեծանվային արշավը շատ լավ է անցել․ «Ես էմոցիոնալ առումով շատ հագեցված եմ, որովհետև միշտ մի բան անելուց առաջ մտավախություն կա, որ գուցե չստացվի, ինչ-որ բան խանգարի։ Սակայն ամեն ինչ շատ լավ անցավ, գրեթե իդեալականին մոտ։ Մի քիչ վստահության պակաս կար Հայաստանի ճանապարհների որակի հետ կապված, ինձ համար հաճելիորեն զարմանալի էր, որ ճանապարհները բավականին լավն էին հեծանիվով արշավելու համար, ու փաստորեն Հայաստանը բավականին գրավիչ կարող է լինել հեծանվային տուրերի համար։ Ինձ համար դա բացահայտում էր, որովհետև մենք սովոր էինք հեծանիվ վարել Երևանի շրջակայքում, մերձակայքում։ Մարզերի մասին այդպես ինֆորմացիա չկար, ու հետո պարզվեց, որ ինքը և՛ բավականին գեղեցիկ է, և՛ հարմար է, վարորդներն էլ, ի զարմանս ինձ, բավականին տոլերանտ էին, ու այդքան էլ վտանագավոր չէր»։

Հայաստանը հեծանիվով

Ֆելիքսն էլ նշեց, որ իրենք եղել են ամենանուրբ, բարակ ակերով հեծանիվներով․ «Դրանք «roadbike» են կոչվում, նախատեսված են հենց ասֆալտի համար, բայց ընդհանուր առմամբ շատ լավ էր, որովհետև հիմա շատ ճանապարհներ (երևի մեր անցած ճանապարհների 30-40 տոկոսը) լրիվ ասֆալտապատած են, մի մասն էլ արդեն ասֆալտում էին։ Երբեմն այնպիսի ճանապարհներով ենք անցել, որ լրիվ քանդած էին այդ պահին, շինարարություն էր գնում։ Այդ առումով իրականում կան խնդիրներ, բայց արդեն շատ ճանապարհներ սարքված են»։

Հեծանվային արշավների մշակույթը Հայաստանում

Ֆելիքսը գտնում է, որ հայ վարորդները, ամեն դեպքում, սովոր չեն, որ հեծանիվը պետք է ճանապարհին մեքենաների հետ զուգահեռ գնա․ «Իրենք սպասում են, որ եթե դու հեծանիվով ճանապահ ես գնում, պետք է դուրս գաս ճանապարհից, երբ մեքենա ես տեսնում, իսկ մեր հեծանիվներով դա հնարավոր չէ, որովհետև եթե մենք ասֆալտից դուրս գանք, կարող ենք հենց այդ պահին ծակել անիվը։ Իրականում դա նաև մշակույթի հարց է։ Ես, օրինակ, Եվրոպայում էլ եմ քշել երեք տարի առաջ․ Բուդապեշտից մեկ ամսում քշել եմ դեպի Բարսելոնա։ Այնտեղ լրիվ ուրիշ ձև է ընկալումը, վարորդներն ապահովության համար 3-4 մետր քեզնից հեռավորություն են պահում։ Հայաստանում այդպես չէ։ Հայաստանում շատ են ազդանշան տալիս, իրենց թվում է, թե մենք տուրիստ ենք։ Հիմնականում գյուղերում շատ էր լինում, որ երեխաները կամ տարեցները գոռում էին՝ «Hello, Hi» և այլն, հետո, որ ասում էինք՝ «բարև, ախպեր, ո՞նց ես», ուրախանում էին, որ հայ ենք։ Վարորդները ազդանշան են տալիս, իրենց թվում է՝ ողջունում են, բայց իրականում շատ տհաճ է, երբ դու քո մտքերով գնում ես, ու մեկն ականջիդ տակ բարձր ազդանշան է տալիս»։

Հայաստանը հեծանիվով

Գևորգն էլ է գտնում, որ հեծանիվներով ճանապարհորդելու մշակույթը Հայաստանում դեռ բավականին հետ է․ «Վերջին տարիներին մեծ առաջընթաց կա հեծանիվ վարելու հետ կապված, ավելի շատ մարդիկ սկսում են հեծանիվ վարել, բայց դա կրում է լոկալ բնույթ, բայց կարծում եմ՝ դա առաջին քայլն է։ Սա մի տեսակ արշավական կյանքի նման է, ինչքան շատ մարդ սկսի զբաղվել, այնքան շատ մարդիկ կտեսնեն, կհետաքրքրվեն։ Հայաստանում այդ առումով դեռ ամեն ինչ առջևում է, քանի որ նկատում եմ, որ բավականին շատ մարդ է արդեն հեծանիվ քշում, հաջորդ քայլն էլ լինելու է դա։ Այսինքն՝ մարդ չի սահմանափակվելու սրանով, ուզելու է անել ավելին, գնա ավելի հեռու, քշի ավելի երկար, ինձ թվում է առաջիկա տարիներին մենք կտեսնենք դա»։

Հետաքրքիր դրվագներ

Խոսելով հետաքրքիր դրվագների մասին՝ Ֆելիքսը հիշեց, որ երբ առաջին օրը գնացել են սահման՝ Տաշիրի անցակետ, սկսել են նկարվել անցակետի նշանի մոտ, ու մի կին է մոտեցել նրանց․ «Ասում է՝ «տղերք ջան, էս ո՞ւր եք գնում», ասում ենք՝ «գնում ենք Մեղրի», ասում է՝ «սխալ եք եկել»։ Այդպես ծիծաղեցինք, ինքն էլ չհասկացավ՝ ինչի ենք ծիծաղում։ Ասեցինք՝ «մենք ստեղից ենք քշում Մեղրի», ասում է՝ «բա ի՞նչ եք անում ստեղ», ասեցինք՝ «նկարվում ենք», ասում է՝ «դե, զինվորները ստեղ նայում են, չի կարելի նկարվել»։ Ասեցինք՝ «լավ գնում ենք»»։

Գևորգի համար հետաքրքիր դրվագներից մեկն այն էր, որ ամբողջ ընթացքում իրար հետ առանց միջադեպի քշելուց հետո՝ ընդամենը րոպեների տարբերությամբ ինքն ու Ֆելիքսը միաժամանակ ծակում են իրենց հեծանիվների անիվները․ «Շատ հետաքրքիր է, որ անցնում է 5 օր, ու երկուսի մոտ էլ նույն բանը միաժամանակ է տեղի ունենում։ Էն, որ ասում են՝ «ընկերովի մահը հարսանիք է», այդ վիճակն էր։ Դե, մեզ հետ ունեինք վերանորոգման պարագաներ, ընթացքում լուծեցինք խնդիրը»։

Հայաստանը հեծանիվով

Խոսելով ընթացիկ դժվարությունների մասին՝ Գևորգը նշեց, որ հիմնական դժվարությունը պայմանավորված էր Հայաստանի ռելիեֆով, քանի որ լեռնային է, անկումներն ու վերելքները շատ են․ «Բայց դա էլ ավելի գրավիչ ու հետաքրքիր է դարձնում ճանապարհորդությունը։ Մեր ընկերները մեզ օգնեցին տարբեր հարցերով՝ իրերի տեղափոխում, հյուրանոցներ գտնել։ Պարզվեց՝ Քաջարան քաղաքի միակ հյուրանոցը պղնձամոլիբդենային կոմբինատինն է, որը չի թողնում այնտեղ ուրիշ մարդ մնա։ Այդպես, հեծանիվներով երեկոյան հասել ենք այնտեղ, պարզվում է՝ Քաջարանում մնալու տեղ չկա, դա միակ բացասական էպիզոդն էր»։

Ֆելիքսն էլ նշեց, որ դժավրություններից մեկն այն էր, որ տեղում էին որոշում, թե որտեղ են մնալու․ «Այդպես, ամեն օր քշում էինք, ու որտեղ հասնում էինք՝ որոշում էինք՝ որտեղ պետք է մնանք։ Մի երկու-երեք անգամ եղել է, որ մնալու հետ կապված խնդիրներ են եղել։ Օրինակ, Քաջարանի դեպքը, որ հյուրանոց չգտանք։ Մեզ հետ ուղեկցող մեքենա ունեինք, հեծանիվները քանդեցինք, դրեցինք այդ մեքենայի մեջ ու գնացինք Կապան քաղաք, որ գիշերենք։ Նորից հաջորդ օրը եկանք  Քաջարան ու այնտեղից շարունակեցինք»։

Հայաստանը հեծանիվով

Հայաստանը՝ հյուիսից հարավ

Հարցին, թե ի՞նչ տվեց ձեզ այս ճանապարհորդությունը, Ֆելիքսն այսպես պատասխանեց․ «Ես Հայաստանի հյուսիսային մասերում չէի եղել։ Որպես արշավական, ճանապարհորդ, մարդ, որը սիրում է ճանապարհորդել՝ ինձ համար կարծես նոր տեղերի բացահայտում էր։ Շատ սիրուն էր Ստեփանավանից Տաշիր ճանապարհը։ Բացի այդ, ինչքան էլ մյուս ճանապարհներով գնացած լինեի մեքենայով, հեծանիվով շատ ավելի սիրուն է ամեն ինչ, շատ ավելին ես կարողանում տեսնել, զգալ։ Մենք առավոտվա ժամերին էինք քշում, որ մեքենաներ քիչ լինեն, ու այդ ընթացքում բնության ամբողջ ներդաշնակությունը զգում ես։ Հայաստանի հարավը շատ սիրուն է, որովհետև մեքենայով, որ գնում ես, 4-5 ժամ է տևում, որ հասնես Գորիս-Կապան, կեսից քնում ես, հոգնածություն ես զգում, բայց այս անգամ ոնց որ Հայաստանի լրիվ այլ հարավ տեսա, որովհետև հեծանիվով քշում ես, նայում ես կողքերդ ու հավատդ չի գալիս, որ դու այն ճանապարհով ես անցնում, որով մի քանի անգամ մեքենայով անցել ես, լրիվ ուրիշ տեսարաններ են, ուղղություններ են։ Սա նաև մեծ փորձ տվեց։ Մենք երևի առաջին հայաստանցիներն ենք, որ այս երթուղին հեծանիվով անցել է ծայրից ծայր»։

Հայաստանը հեծանիվով

Գևորգն էլ նշեց, որ այս ուղևորությունն իրեն նախ վստահություն տվեց․ «Երկրորդը՝ մեծ բավարարվածության զգացողություն տվեց։ Ինքն ամբողջությամբ ֆիզիկական աշխատանք է, ու, բնականաբար, առաջացնում է բավարարվածության զգացողություն։ Ես չեմ կարող ասել՝ ինչ տվեց, ես շատ մեծ հագեցածություն եմ զգում։ Նաև այն, որ մի միտք կա ուղեղումդ, որ անընդհատ պտտվում է, հետո երբ այդ միտքն իրագործում ես, երջանկությանը մոտ զգացում ես ունենում, մի քիչ էլ դատարկվում ես»։

Գևորգը նշում է, որ ինքը նաև նպատակ ունի Հայաստանը ոտքով ծայրից ծայր անցնել, արշավել սարերով, ձորերով, ոչ թե՝ մայրուղիներով։

Հայաստանը հեծանիվով

Հեծանվային 5-օրյա ուղևորության երկու մասնակիցներն էլ երջանիկ են, որ հաղթահարել են այս մարտահրավերն ու Հայաստանը հեծանիվով անցել են հյուսիսից՝ հարավ։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին