Հայաստանի ոչ մետաղային օգտակար հանածոները
ՀՀ տարածքում առավել տարածված են քարանյութերը: Հայտնաբերված քարանյութերից առավել կարևորները՝ տուֆերը, բազալտները, անդեզիտները, պեմզան, պեռլիտը, հրաբխային խարամը, մարմարը, գրանիտները, կրաքարերը, բենտոնիտները, հրակայուն կավերն են:
Քարանյութերից տնտեսական նշանակության տեսակետից մինչ այժմ առաջին տեղը պատկանում է տուֆաքարերին: Ֆիզիկական, պետրոգրաֆիական և այլ հատկանիշներից ելնելով ՀՀ-ի տարածքում հանդիպող տուֆերը բաժանվում են 5 տեսակի՝ Արթիկի, Երևանյան, Անիական, Բյուրականի և ֆելզիտային :
Արթիկի տիպի տուֆերի հանքավայրերից են Արթիկի, Տուֆաշենի, Կաթնաղբյուրի, մարալիկի, Սառնաղբյուրի հանքավայրերը:
Անիական տիպի տուֆեր կան Անիպեմզայի, Հայկաձորի հանքավայրերում:
Երևանյան տիպի տուֆեր կան Անիի, Երնջատափի, Ալագյազի, Ապարանի, Վահրամաբերդի և այլ հանքավայրերում:
Բյուրականի տիպի տուֆեր կան Ագարակի, Աշտարակի, Բյուրականի, Օշականի, Աղավնատան և այլ հանքավայրերում:
Ֆելզիտային տիպի տուֆերով հայտնի են՝ Մեծավանի, Տաշիրի, Նորատուսի, Մարտիրոսի, Այգեձորի, Կարմիրաղբյուրի և այլ հանքավայրերը:
Տնտեսական խոշոր նշանակություն ունեն նաև բազալտները և դրա խմբն պատկանող մյուս ապարները՝ անդեզիտները, անդեզիտաբազալտները: Տուֆաքարերի համեմատ բազալտներն ավելի ամուր են, դիմացկուն, համեմատաբար դժվար մշակվող քարանյութեր են: Որպես կարծր ու դիմացկուն շինանյութ բազալտները կիրառվում են կամուրջների, հիդրոտեխնիկական և այլ բարդ կառույցներում, օգտագործվում են քանդակագործության և հուշարձանների կառուցման գործում: Բազալտները մանրացված վիճակում՝ որպես խիճ, օգտագործվում են բարձրորակ բետոնի արտադրության համար:
Անդեզիտները և անդեզիտաբազալտները բազալտներից տարբերվում են թեթևությամբ, ծակոտկենությամբ և բարձր թթվայնությամբ: Նշանավոր հանքավայրերից են Անիի, Արզնու, Կապուտանի, Վանաձորի, Խնձորուտի հանքավայրերը:
ՀՀ-ի քարանյութերի շարքում են նաև մարմարները: Մարմարը բարձրորակ դեկորատիվ նյութ է, օգտագործվում է շենքերի ներքին և արտաքին հարդարման համար: Մարմարի հանքավայրեր են հայտնաբերվել՝ Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի մարզերում: Այժմ գործնական նշանակություն ունեն՝ Արարատի, Ենոքավանի, Իջևանի, Աղվերանի հանքավայրերը:
Յուրահատուկ է Խոր Վիրապի հանքավայրի մարմարը, որն ունի սև գույն՝ սպիտակ և դեղին երանգներով: Շինանյութերի համակարգում յուրահատուկ է Մարմարաշենի օնիքսանման մարմարը, որն ունի սպիտակավուն, ոսկյա, դեղին, կանաչավուն և այլ երանգներ:
ՀՀ տարածքում կան նաև գրանիտի խոշոր պաշարներ, որոնց հանքավայրերը գտնվաում են նախկին Գուգարքի, Նոյեմբերյանի, Մեղրու, Կապանի, Սիսիանի, Հրազդանի, Թումանյանի տարածաշրջանում: Գրանիտն օգտագործվում է շինարարության մեջ, օրինակ՝ Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի շենքը կառուցված է Փամբակի գրանիտով:
ՀՀ տարածքը հարուստ է հրաբխային ծագում ունեցող թեթև լցանյութերի՝ հրաբխային խարամների, պեմզայի, պեռլիտների պաշարներով:
Հրաբխային խարամները բնական, թեթև, ծակոտկեն ապարներ են, ունեն կարմիր, սև գույներ, իրենց բազմաթիվ երանգներով: Նշանավոր հանքավայրերից են՝ Կարմրաշենի հանքավայրը, Քարահունջի, Շինուհայրի, Գավառի, Լճաշենի, Պեմզաշենի հանքավայրերը:
Պեմզան հրաբխային ժայթքման արդյունք է: Բնական վիճակում այն լինում է մանր ավազի ու ավելի խոշոր կտորնորի ձևով: Խոշոր հանքավայրերն են՝ Անիի և Պեմզաշենի հանքավայրերը: ՀՀ տարածքում ավելի խոշոր պաշարներ ունի լիթոիդային պեմզաները՝ որոնք պեռլիտների տեսակներ են՝ ավելի ծակոտկեն են, ավելի կարծր ու ամուր:
Պեռլիտները կազմված են այսպես կոչված հրաբխային ապակուց: Պաշարներով և դրանց որակով ՀՀ-ն եզակի դեր ունի: Պեռլիտի հիմնական պաշարները գտնվում են Աբովյան-Հրազդան հանգույցում, Արագածի լեռնալանջերին: Պեռլիտի հանքավայրերում կան նաև օբսիդիանի պաշարներ:
ՀՀ տարածքում կան բենտոնիտների և դիատոմիտների խոշոր պաշարներ: Բենտոնիտների խոշոր պաշարներ կան Սարիգյուղի մոտ:
Հանրապետության տարբեր հատվածներում հայտնաբերված են նաև իսլանդական շպատի, կվարցի, ազբեստի երևակումներ: Գործնական տեսակետից մեծ հետաքրքրություն են ներկայացնում քարաղի խոշոր պաշարները: Առավել հանրահայտը Երևանի և նրա շրջակայքում գտնվող բարձրորակ կերակրի աղի պաշարներն են: