Հայաստանի կենդանական աշխարհը
Հայաստանի տարածքն աչքի է ընկնում կենդանական աշխարհի բազմազանությամբ: Հաշվվում են մոտ 12 հազար կենդանիներ, որոնցից 11 հազարը միջատներ ու անողնաշարավորներ, 75 տեսակ կաթնասուններ, 43 տեսակ սողուններ, 308 տեսակ թռչուններ: ՀՀ-ում շատ են նաև կենդանիների էնդեմիկ տեսակները՝ բեզոարյան այծը, մուֆլոնը, փասիանը, հայկական իժը, առաջավորասիական հովազը և այլն: Այս բոլոր կենդանատեսակները մեծ արժեք են ներկայացնում Հայաստանի բնաշխարհի և առհասարակ աշխարհի էկոլոգիայի պահպանման մեջ: Գաղտնիք չէ, որ նրանցից շատերը վտանգված են և գրանցված են միջազգային և հայկական կարմիր գրքերում: Այդ կենդանատեսակների պահպանության գործում պատասխանատու ենք բոլորս, և պետք է իրազեկ ու գիտակից վարք դրսևորենք բնության հետ շփման ժամանակ: Մենք առանձնացրել ենք ամենախոցելի կենդանատեսակներին, որոնք մեծ նշանակություն ունեն կենսոլորտի համար: Որոշեցինք ներկայացնել Հայաստանի կենդանական աշխարհը ՝ դրանց հակիրճ բնութագիրը, պահպանումը և ձեռնարկվող քայլերն այդ հարցում:
Ազնվացեղ եղջերու
Ազնվացեղ եղջերուն տարածված է Եվրոպայի և Ռուսաստանի մեծ մասում, Հայկական լեռնաշխարհում, Կովկասյան լեռներում, Փոքր Ասիայում, Իրանում, Ադրբեջանում, մասամբ Փոքր և Կենտրոնական Ասիայում: Հազվադեպ հանդիպում է նաև Ատլասի լեռներում: Սա միակ եղջերուն է, որը հանդիպում է Աֆրիկայում:
Սննդակարգը շատ բազմազան է: Հիմնականում սնվում է խոտային բուսականությամբ, լոբազգիներով և հացահատիկով: Գարնանը՝ ձմռան սովից հետո ուժերը վերականգնելու համար, հիմնականում սնվում է սպիտակուց պարունակող բուսականությամբ: Ձմռանը եղջերուն փորում է ձյան շերտը, որպեսզի սնվի աշնանը թափված տերևներով: Ձմռանը սնվում է նաև արմատներով, բարակ շիվերով, մամուռով և քարաքոսերով, փշատերև ծառերի փշերով և սերմերով՝ գիհի, կենի: Ձյան տակից հանում են ընկույզներ, կաղին, շագանակ: Անհրաժեշտության դեպքում սնվում են անգամ սնկերով: Հանքանյութերի պակասը օրգանիզմում լրացնելու համար եղջերուները փնտրում են հանքային ջրով հարուստ աղբյուրներ, լիզում են նստվածքային ապարները, փորում և կրծում են հողը:
Եղջերուների զբաղեցրած տարածքը հիմնականում կախված է կերի առատությունից: Որքան շատ է կերը, այնքան քիչ տարածք են նրանք զբաղեցնում: Եղջերուներն ապրում են 3 – 6 առանձնյակից բաղկացած խմբերով՝ հոտերով: Հոտում ապրում է հասուն էգը նախորդ մի քանի տարիների ձագերի հետ: Արուները վարում են մենակյաց կյանք: Հասուն որձերը հոտի տարածքը նշում են մեզով, և օտար եղջերուն՝ առնելով դրա հոտը, չի խախտում օտար սահմանը: Իսկ խախտելու դեպքում էլ անմիջապես վռնդվում է հասուն արուի կողմից, որը հսկում է սահմանները: Բազմացման շրջանն աշնանն է: Այդ ժամանակ որձերն ու էգերը հավաքվում են մի վայրում: Որձերի միջև սկսվում է մրցակցություն՝ բազմացման իրավունքը վաստակելու համար: Նրանք փորձում են պոզերով տապալել մեկը մյուսին: Թույլ որձերը շուտ են լքում «մարտի դաշտը»: Սովորաբար այդ մարտերն ավարտվում են առանց լուրջ հետևանքների: Սակայն լինում են մահվան ելքով դեպքեր, երբ երկու եղջերուների պոզերն այնպես են խճճվում, որ չեն կարողանում ազատվել և արդյունքում երկուսն էլ սովամահ են լինում:
Ազնվացեղ եղջերուն միշտ եղել է Դիլիջանի արգելոցի (ներկայումս ազգային պարկ) բնիկը: 90-ականների սկզբին Դիլիջանի անտառներում դեռ կարելի էր եղջերու հանդիպել, սակայն որսագողերի ջանքերով դրանք վերացան վայրի բնությունից: Եղջերուները տարածված են եղել Հյուսիսային, Արևելյան և Հարավային Հայաստանի անտառներում: Դրանից հետո ազնվացեղ եղջերուները պարբերաբար այցելել են մեզ Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի տարածքից, սակայն մշտական բնակություն չեն հաստատել: 2005 թ-ին Մեղրու լեռնաշղթայի հարավային լանջին՝ Նռնաձոր գյուղից վերև, հայտնաբերվել են առնվազն 5–10 տարվա վաղեմության եղջյուրներ:
2018-ին Դիլիջան ազգային պարկում Հայաստանի Բնապահպանության Նախարարությունը WWF-ի և CNF-ի հետ համատեղ ջանքերով, վերջապես, իրականացրեց երկար սպասված երազանքը՝ բացվեց «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը»: Առաջին խմբաքանակը ներմուծվում է Իրանից՝ երկու էգ և մեկ որձ: Ամիսներ անց ծնվում է առաջին ձագը՝ արու: Հաջորդ տարի Իրանից բերվում է կենդանիների երկրորդ խմբաքանակը՝ 5 առանձնյակ՝ 2 արու և 3 էգ: 2019-ին ևս մեկ ձագ է ծնվում: Այժմ եղջերուներն ապրում են 1 հա տարածք ընդգրկող ազատավանդակում: Ապագա սերունդը բաց է թողնվելու 10 հա մակերեսով ազատավանդակներ, որտեղ նրանք կապրեն ինքնուրույն՝ առանց մարդու միջամտության, որպեսզի ընտելանան վայրի բնությանը և չսովորեն մարդկային խնամքին: Ներկա պահին բազմացման կենտրոնում ապրում են 10 եղջերու՝ 6 էգ և 4 արու: Տարածքը պաշտպանված է էլեկտրական ցանկապատերով, որպեսզի գիշատիչները չկարողանան ներս թափանցել: Հսկվում է տեսախցիկներով, որպեսզի ոչ ոք չկարողանա վնասել եղջերուներին: Իսկ ազատության մեջ բաց թողնվելուց եղջերուներին հագցնելու են փարոսիկով վզկապներ, որպեսզի կարողանան տեղորոշել նրանց վայրը և կանոնավոր մշտադիտարկում իրականացնել: Հուսանք, որ այս ծրագրի վերջնական նպատակն իրականություն կդառնա:
Հայկական մուֆլոն
Հայկական մուֆլոնը վայրի ոչխարի էնդեմիկ տեսակ է: Տարածված է Իրանի հյուսիսում՝ մինչև Ուրմիա լիճ, Նախիջևանում, Հայաստանի հարավում՝ Ուրծի (Արարատի մարզ), Վայոց ձորի (Աղավնաձոր, Խնձորուտ, Մարտիրոս, Բարձրունի), Բարգուշատի և Զանգեզուրի (Սյունիքի մարզի Դաստակերտ գյուղից դեպի հարավ) լեռնաշղթաներում, Խոսրովի արգելոցում: Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով:
ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է, որպես «Վտանգված»` EN D: Մինչև XX դարի կեսերն Իրանի և Նախիջևանի պոպուլյացիաները փոխկապակցված էին միգրացիաների շնորհիվ: Սակայն հետագայում՝ սահմանների վրա պաշտպանական ենթակառուցվածքների ամրացումներից հետո, միգրացիան դարձավ անհնար:
Մուֆլոններն ապրում են գիհու, նշենու և այլ չորասեր բուսականության առկայությամբ լեռնային չոր տափաստաններում, (Ուրծի լեռնաշղթա), ենթալպյան և ալպյան մարգագետիններում (Վայոց Ձոր և Սյունիք): Գերադասում են կիրճերի, ժայռաբեկորների և նման այլ տեղամասերի հետ համակցված բաց բիոտոպերը ծ.մ. 1000–3000 մ բարձրություններում: Հայաստանի պոպուլիացիան չի քոչում, վարում է նստակյաց կյանք: Սակայն բազմացման շրջանում Նախիջևանի տարածքից նկատվում է արուների ներհոսք:
Ունեն սլացիկ կազմվածք՝ ոչ շատ մեծ զանգված։ Արուների մարմնի երկարությունը 130-135 սմ է, մաքիներինը՝ 105-120 սմ, մնդավի բարձրությունը համապատասխանաբար՝ 85-90 և 70-80 սմ, կենդանի զանգվածը՝ 50-60 և 35-45 կգ։ Արուներն ունենում են խոշոր եղջուրներ, մաքիները հիմնականում առանց եղջուրների են լինում: Մայրերն առաջին անգամ, որպես կանոն, ունենում են մեկ ձագ՝ հետագայում զույգ: Բազմացման շրջանը տևում է նոյեմբերից մինչև դեկտեմբերի սկիզբ: Ձագերը ծնվում են մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում: Մուֆլոնը զուգավորվում է նաև ընտանի ոչխարի հետ՝ տալով առողջ սերունդ տվող ձագեր:
Վերացման պատճառներն են՝ կենսատոպերի վերացումը, լեռնային արդյունաբերությունը, որսագողությունը:
Հավալուսն
Հանդիպում է Ալբանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, Բալկանյան երկրներում, Թուրքիայում, Ուկրաինայում, Ուզբեկստանում և Ղազախստանում, Սիրիայում և Իրաքում, Իրանում, Մոնղոլիայում և Չինաստանում: Հայաստանում հանդիպում են չուի ժամանակ Սևանա լճում, Արփի լճում, Արմաշի ձկնաբուծարանների լճակներում: Ձկնաբուծարաններ են այցելում կերակրման նպատակով: Բնակվում են ջրավազանների մոտ՝ նոսր բուսականությամբ տարածքներում: Իր տեսակի մեջ ամենամեծն է, մարմնի երկարությունը հասնում 130-180 սմ է, իսկ քաշը՝ 7-14 կգ։ Ունեն խոշոր մարմին, մեծ թևեր, կարճ ու հաստ ոտքեր, կարճ կլորացած պոչ, երկար վիզ: Կտուցի երկարությունը հասնում է մինչև 47 սմ։ Կտուցի ներքևի մասում շատ ձիգ պարկ ունի, որը ձուկ որսալու համար է։
Փետուրներն արագ են խոնավանում, այդ իսկ պատճառով հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են նրանք կտուցով սեղմում քամում փետուրները։ Գույնը վառ սպիտակ է, բայց հիմնականում լինում է գորշագույն: Իսկ երիտասարդ հավալուսներն ունենում են կեղտոտ-դարչնագույն կամ գորշ գույն: Բնադրման ժամանակ թոնձերի ձայնը բութ բղավոցի է նման, սակայն մնացած ժամանակ նրանք այդքան էլ շատ ձայներ չեն հանում։
Հազվագյուտ տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»: Հիմնական վտանգ է հանդիսանում ձկնաբուծարանների աշխատակիցների կողմից հետապնդումը, որսագողությունը, Սևանա լճում անկառավարելի ձկնորսությունը: Այս թռչունները վերացման եզրին են ամբողջ աշխարհում, ուստի նրանց պահպանությունը շատ կարևոր է:
Որդան կարմիրը բնության մեջ
Որդան կարմիրը, բացի կենդանական աշխարհի յուրահատուկ ներկայացուցիչ լինելը, նաև մեծ նշանակություն ունի մեր մշակույթի մեջ: Չէ որ հենց նրանից են ստացել հայտնի կարմիր թանաքը, որով գրվում էին մագաղաթներն ու թագավորական նամակները:
Սահմանափակ, կրճատվող արեալով և նվազող թվաքանակով հազվագյուտ էնդեմիկ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է, որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1b(i,ii,iii)+2ab(i,ii,iii): Գրանցված էր ԽՍՍՀ Կարմիր գրքում:
Ապրում են աղուտներով՝ հողի տակ: Դուրս են գալիս երկրի մակերևույթ բազմացման նպատակով: Հողի տակից դուրս են գալիս նաև թրթուրները, բարձրանում բույսերի ցողունների վրա, կպչում և ողջ ամառ սնվում: Մնում են բույսից կպած մինչև մայիս, այնուհետև ետ են անցնում հողի տակ և ձևավորում ցիստեր: Ցիստերի մի մասից դուրս են գալիս արուներ, մյուսից՝ էգեր: Բնորոշ է խիստ արտահայտված սեռական երկձևություն։ Հասուն էգն անթև, ձվաձև, մուգ բալի գույն ունեցող, դանդաղաշարժ, փոքր միջատ է (մարմնի երկարությունը` 2–12 մմ է, քաշը` 2–100 մգ)։ Մարմինը հատվածավորված է, սակայն չունի հստակ բաժանում գլխի, կրծքի և փորիկի։
Ոտքերը կարճ են, թույլ զարգացած։ Աչքերը պարզ տիպի են, բեղիկները` 11–12 հատվածանի: Արուն չափերով շատ ավելի փոքր է էգից (մարմնի երկարությունը` 2–4,5 մմ, քաշը` 0,6–3,4 մգ), մարմինը հստակ բաժանված է գլխի, կրծքի և փորիկի, կուրծքն օժտված է մուգ կարմիր, առաջնային երիզ ունեցող մեկ զույգ թափանցիկ թևերով։ Ունեն բարդ ֆասետային խոշոր աչքեր, բեղիկները կազմված են 13 հատվածներից, ոտքերը երկար են, հարմարված համեմատաբար արագ տեղաշարժվելուն: Մարմինը մուգ կարմիր գույնի է, վերջին հատվածի մեջքային կողմից դուրս են գալիս մարմնի երկարությունը 2–2,5 անգամ գերազանցող արծաթագույն մոմային թելերից կազմված 2 փնջեր: Սնվում են բացառապես եղեգների և որդնախոտերի արմատներով:
Տարածման վայրերում թվաքանակը բարձր է, սակայն խնդիր է հանդիսանում բուն արեալների կրճատումը: Դա պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, գյուղատնտեսական նպատակներով աղուտների յուրացմամբ, անասունների անկառավարելի գերարածեցմամբ:
Որդան կարմիրի պոպուլյացիան պահպանելու նպատակով 1987 թվականին կազմավորվել է «Որդան կարմիր» արգելավայրը, Արմավիրի մարզում, Արարատյան դաշտում՝ Արգավանդ, Արազափ և Ալաշկերտ գյուղերի միջև։ Այնտեղ մշակվել է միջատների բազմացման արհեստական մեթոդ:
Առաջավորասիական ընձառյուծ
Ընառյուծը երբեք մեծ քանակությամբ պոպուլյացիա չի ունեցել Հայաստանում: Սակայն վերջին տարիներին այն ընդհանրապես վերացած էր համարվում մեր տարածքում: Առաջին անգամ ընձառյուծը նկատվեց 2018 թվականին: Նրան ֆիքսել էին Խոսրովի արգելոցում WWF-ի կողմից տեղադրված ֆոտոթակարդները: Հիմա Խոսրովի արգելոցում ունենք մեկ մշտական բնակություն հաստատած ընձառյուծ, իսկ ընդհանուր առմամբ՝ 7-9 առանձնյակ, որոնք բնակվում են «Արևիք» ազգային պարկում, «Գնիշիկ» և «Դժոխաձոր» հատուկ պահպանվող տարածքներում, Շիկահողի արգելոցում:
Թեև այս վայրերում ընձառյուծների թվաքանակը կայուն չէ, քանի որ նրանք մեծ տարածքներ են զբաղեցնում և պարբերաբար հատում են պետական սահմանները, այնուամենայնիվ, այն փաստը, որ նրանք վերջին տարիներին հայտնվում են մեզ մոտ, խոսում է նրա մասին, որ Հայաստանում ստեղծվել են բարենպաստ պայմաններ նրանց համար:
Առաջին հերթին դա Բեզոարյան այծերի պոպուլյացիայի աճի շնորհիվ է, քանի որ նրանք ընձառյուծի սիրելի որսն են: WWF-ի ֆինանսավորմամբ Շիկահողի արգելոցում ստեղծվել է հատուկ հակաորսորդական խումբը, որպեզի բացառվի ցանկացած ոտնձգություն ընձառյուծների հանդեպ: Բարեբախտաբար ընձառյուծն ինքը չափազանց զգուշավոր կենդանի է և խուսափում է մարդու հետ հանդիպումից: Այդ իսկ պատճառով վայրի բնության մեջ ընձառյուծին հանդիպելու հավանականությունն, անգամ եթե նրանք մեծ թվաքանակով լինեն, մոտ է զրոյի:
Հայաստանի հանրապետության կառավարությունը 2019 թվականը հռչակեց ընձառյուծի տարի: Անցկացվեցին մի շարք միջոցառումներ, հանդիպումներ և իրազեկման ակցիաներ, որպեսզի մարդիկ լինեն տեղեկացված և նրանց մեջ լինի ինքնագիտակցություն և պատասխանատվության զգացում բնության և, մասնավորապես, ընձառյուծների նկատմամբ: Շատ կարևոր է նաև որսագողության դեմ ուղղված պայքարը:
Ընձառյուծի որսի համար տույժը բարձրացվեց 3 միլլիոն դրամից մինչև 100 միլլիոնի, ինչը չի կարող չուրախացնել: Այժմ կա գերնպատակ Խոսրովի արգելոցում մշտական բնակություն հաստատած արուին այնտեղ պահելու և բազմացնելու ուղղությամբ: Մասնագետների խոսքով նա կարող է լքել այդ տարածքը էգի փնտրտուքներով և այլևս չվերադառնալ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր կլիներ, եթե հաջողվեր նրա համար ընկերուհի բերել Խոսրովի արգելոց: Հուսանք, որ մի օր սա իրականություն կդառնա:
Ընձառյուծի մասին մեր առանձին հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Սև անգղ
Անգղերը ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ են: Հիմնականում լեշակեր են, սակայն որոշ տեսակներ որսում են նաև մանր ողնաշարավորների: Անգղերը բաժանվում են երկու խմբի՝ ամերիկյան և իսկական: Հայտնի է իսկական անգղերի 16 տեսակ, որնոցից չորսը հանդիպում են Հայաստանում: Դրանք են՝ Սպիտակագլուխ անգղը, գառնանգղը, սև անգղը և գիշանգղը: Ցանկանում ենք առավել մանրամասն խոսել սև անգղի մասին:
Բոլոր անգղերին միավորում է երկարավուն բարակ վիզը մի փոքր կլորավուն գլուխը և ամուր կտուցը: Երկար վզի և փոքր գլխի օգնությամբ մտնում են լեշի մեջ՝ հասնելով ներքին օրգաններին, ողերի արանքներում կպած մսի մնացորդներին, իսկ ամուր կտուցը անհրաժեշտ է ոսկորները փշրելու համար: Սև անգղը Հայաստանում բնադրում է Խոսրովի արգելոցում: Մարմնի երկարությունը 75-100 սմ է, թևերի երկարությունը՝ 72-85 սմ, թևերի բացվածքը՝ 250-295 սմ։ Հասուն թռչունն ունի մուգ շագանակագույն գունավորում, իսկ երիտասարդ թռչուններն ավելի սև են՝ կապտավուն փետրազուրկ կոկորդով։
Սև անգղը, ի տարբերություն մյուս երեքի, բույն է դնում ծառերի վրա՝ մասնավորապես գիհիների վրա: Ձվադրում է մեկ, հազվադեպ երկու ձու: Գիհուտների հրդեհները շատ մեծ բացասական ազդեցություն են թողնում նրանց պոպուլյացիայի պահպանման և մեծացման հարցում:
Թեպետ նրանց թիվը ներկայումս կայուն է և չի պակասում՝ 8 – 9 զույգ, սակայն դա շատ քիչ է՝ ժամանակին նրանց թիվն ավելի մեծ էր: Սրա հիմնական պատճառը կերի սակավությունն է՝ սմբակավոր խոտակերների թվաքանակի պակասը: Սև անգղերն ավելի պահանջկոտ են կերի հարցում: Նրանք սնվում են լեշի վրայի մսով, երբ մյուսները բավարարվում են ներքին օրգաններով և ոսկորներով:
Թռչնաբան Կարեն Աղաբաբյանի խոսքերով այս խնդիրը հնարավոր է լուծել ստեղծելով, այսպես կոչված, «անգղերի ռեստորաններ»: Պատրաստվում է հատուկ հարթակ, տուրիստական դիտակետից ոչ շատ հեռու, որտեղ լցվում են անգղերի համար մսի մնացորդներ: Անգղերը հավաքվում են հարթակի վրա ճաշկերույթի, իսկ դիտակետ այցելող զբոսաշրջիկներից ստացված եկամուտով ապահովվում է սննդի և մնացած այլ ծախսերը: Եվրոպայում և Ամերիկայում սա շատ տարածված զբոսաշրջային ատրակցիոն է:
Սա իրականացնելու խնդիրներից գլխավորն այն է, որ անգղերը շատ արագ են սովորում «մուրացկանության» և եթե ընտելանան ռեստորանին, ապա հետագայում դժվարանալու են սեփական ուժերով սնունդ հայթհայթել: Այդ պատճառով, եթե ստեղծվի ռեստորան, սննդի մատակարարումը պետք է լինի կանոնավոր, առանց ընդհատումների: Անգղերի դերը բնության, էկոլոգիայի մեջ շատ մեծ է: Իզուր չէ, որ նրանց անվանում են «բնության սանիտար»: Նրանք, ուտելով լեշերը, մաքրում էն բնությունը նեխող մնացորդներից, որոնք արտադրում են թունավոր նյութեր և հանդիսանում բազմաթիվ վարակների ինկուբատոր: Անգեղերի մարսողական համակարգն աշխարհում ամենաուժեղներից է: Դրա շնորհիվ նրանք չեն թունավորովում նեխած մսից: Անգղերի որոշ տեսակներ ընդհանրապես սնվում են կենդանիների ոսկորներով, օրինակ՝ գառնանգղները: Նրանց ուժեղ ստամոքսահյութն ամբողջությամբ մարսում է ոսկորները: Նրանք հզոր կտուցով պոկում են ոսկորը կմախքից, բարձրացնում վերև և օդից նետում ցած: Ոսկորը կոտրվում է փոքր մասերի և նա մաս-մաս կուլ է տալիս դրանք:
Բեզոարյան այծ
Վայրի այծի տեսակ է: Նախընտրում է նոսրանտառներով, թփուտներով ժայռոտ վայրեր ապրելու համար: Կտրտված ժայռոտ ռելիեֆը պարտադիր պայման է, որտեղ նրանք պաշտպանվում են վտանգներից և հանգստանում: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է, որպես «խոցելի»:
Անկախությունից հետո Հայաստանում բեզոարյան այծերի թվաքանակը շատ էր պակասել, հազիվ հասնելով 1000-ի, որոշ մասնագետների գնահատմամբ 800 – 900 առանձնյակ: Այժմ գրանցվում է գլխաքանակի կտրուկ աճ: Հայաստանի տարածքում ենթադրվում է 2000 – 3000 առնանձնյակի առկայություն: Սա շատ կարևոր է, քանի որ հիմնականում հենց սրա շնորհիվ է Հայաստան վերադարձել ընձառյուծը: Նաև դրական ազդեցություն կարող է ունենալ անգղների թվաքանակի աճին: Բեզոարյան այծը պահպանվում է Խոսրովի և Զանգեզուր կենսոլորտային համալիրում: Կատարվում է կանոնավար մշտադիտարկում՝ նշված տարածքներում տեղադրված տեսախցիկ թակարդների շնորհիվ:
Բեզոարյան այծերի մասին մեր առանձին հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Լուսան
Լուսանը կատվազգիների ընտանիքում փոքր կատուների ենթաընտանիքին պատկանող գիշատիչ կենդանի է: Լուսանները բավականին տարածված կենդանիներ են: Հանդիպում են Եվրոպայում, Հյուսիսային, Միջին և մասամբ Առաջավոր Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանում հանդիպող լուսանները բնակվում են Արարատի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Նրանց բնակության արեալ են հանդիսանում անտառային և լեռնանտառային տարածքները, նոսրանտառների ժայռոտ հատվածները: Լուսանը հրաշալի ծառ է բարձրանում, ունի ուժեղ լսողություն և թույլ հոտառություն: Թաղանթավոր թաթերը ձնամուճակի դեր են խաղում, դրանց շնորհիվ լուսանը չի խրվում փխրուն ձյան մեջ:
Լուսաններն ունենում են երկուսից երեք ձագ: Փոքր տարիքում նրանք նման են լինում կատուների, բայց երեք շաբաթական հասակից արդեն սկսում են մոծակներ, ճպուռներ և փոքր թռչնակներ որսալ: Որջը լքում են և սկսում վարել թափառական կյանք: Լուսաններն ապրում են մինչև 25 տարի: Նրանք հրաշալի տեսնում են մթության մեջ: Որս անելիս կարող են գաղտագողի մոտենալ և ժամերով դարանակալել զոհին՝ հարձակման համար հարմար պահի սպասելով: Ակտիվանում է մթնշաղին և երեկոյան ժամերին: Լուսանի մորթին թանկարժեք է, այդ իսկ պատճառով գտնվում է որսագողերի ուշադրրության կենտրոնում:
Դարևսկու իժ
Իժերի ընտանիքին պատկանող թունավոր օձ է: Տարածված են Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան մասում` մինչև Վրաստանի հետ սահմանը (լ. Աչքասար), ծ.մ. 2350–3000 մ բարձրության վրա, Շիրակի մարզում և Աշոցքի տարածաշրջանում: Գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: Արեալներում թվաքանակը հաստատուն է, սակայն կրճատվում են բուն արեալները՝ հիմնականում անասունների անկառավարելի գերարածեցման, վարելահողերի ընդլայման պատճառներով: Նաև մեծ խնդիր է մարդկանց անփույթ և անգրագետ վարքը օձերի հանդեպ: Իժերը, իսկ Դարևսկու իժը մասնավորապես, մեծ դեր ունեն էկոլոգիայի մեջ և նրանց վնասել չի կարելի:
Նրանք հիմնականում սնվում են մորեխներով, ծղրիդներով, մանր կրծողներով: Այսինքն այն կարգավորում է որոշ վնասատու տեսակներ թվաքանակը և նրանց ոչնչացումն անուղղակիորեն կարող է ազդել հողագործության վրա: Հայտնի է, որ գրագետ խաղողագործը կյանքում չի վնասի օձին, քանի որ եթե խաղողի դաշտում օձ կա, ապա կրծողներն ու այլ վնասատուները չեն փչացնի բերքը: Դարևսկու իժը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում:
Գորշ արջ
Հայաստանում հանդիպում է արջի մեկ տեսակ՝ գորշ արջը: Արջն ամենամեծ կենդանին է, որ կարելի է հանդիպել Հայաստանում՝ վայրի բնության մեջ: Մեջքի բարձրությունը կարող է հասնել 150 սմ-ի, իսկ քաշը հասուն որձերի մոտ ընդհուպ մինչև 600 կգ: Սրա հետ մեկտեղ արջերը շատ արագ են վազում՝ մինչև 30կմ/ժ:
Զույգավորման սեզոնը տևում է ապրիլի կեսերից մինչև հունիս: Հղիությունը տևում է 7 ամիս: Ծննդաբերում են ձմռանը՝ որջի մեջ, երկու, առավել հազվադեպ մեկ կամ 3-4 քոթոթ: Այն անտառների արքան է և գտնվում է սննդային շղթայի գագաթին: Արջերը ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված են, որպես «խոցելի»: Թեև արջերի թվաքանակի հատուկ մշտադիտարկում չի անցկացվել, համարվում է, որ նրանց թվաքանակը կայուն է: Արջերի արեալն ամբողջ աշխարհով շատ մեծ է:
Գորշ արջի տարբեր ենթատեսակներ հանդիպում են գրեթե ողջ Եվրասիա մայրցամաքով՝ մասնավորապես Եվրոպայի կենտրոնական և արևելյան հատվածներում, Ռուսաստանի ամբողջ տարածքում, Կովկասում, Հայկական Լեռնաշխարհում և Արաբական Թերակղզում: Հայաստանում արջերի բիոտոպերը վտանգված են գյուղատնտեսության և որսագողության պատճառով: Սննդի պակասի պատճառով արջերը երբեմն մտնում են գյուղեր, ահաբեկում և վնասներ պատճառում: Սակայն պետք է գիտակցել, որ սրա մեղավորը հենց մարդն է, և կարևոր է իմանալ արջի հետ վարքի տարրական կանոնները:
Չնայած Հայաստանում բնապահպանական մի շարք լուրջ խնդիրների, կարելի է ասել՝ վերջին շրջանում մեր երկրում դիտվում է դրական միտում կենդանական աշխարհի իրավիճակի բարելավման հարցում: 2019-ին թակարդակ տեսախցիկներ են տեղադրվել Դիլիջան ազգային պարկում, որտեղ մինչ այդ մշտադիտարկումներ չէին իրականացվում: Վերադառնում է առաջավորասիական ընձառյուծը, մեծացել է բեզոարյան այծերի քանակը: Նրանց պահպանությունը յուրաքանչյուրիս խնդիրն է և դրա համար շատ կարևոր է կրթել բնապահպանական ինքնագիտակցություն ապագա սերնդի մեջ:
Լուսանկարները և տեսանյութերը տրամադրելու համար շնորհակալություն WWF Armenia-ին
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: