Արմավիր
Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով:
Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:
Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը: Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները: Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:
Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է:
Արմավիր քաղաքը
Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը: Նախկինում Արմավիրը կոչվել է Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը:
Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:
Որդան կարմիր
Արմավիրի մարզում տարածված է միջատի մի տեսակ, որից հնում ստանում էին «որդան կարմիր» արժեքավոր ներկը:
Արգիշտիխինիլի քաղաքը, որի շրջակայքում հետագայում կառուցվել է Արմավիր քաղաքը, հիմնադրվել է Արգիշտի առաջինի կողմից մ.թ.ա. 776 թ-ին Էրեբունիի հիմնադրումից 6 տարի անց։ Արգիշտիխինիլի նշանակումէ Արգիշտաշեն։
Գտնվելով արգավանդ Արարատյան դաշտում՝ միջազգային քարավանային առևտրային ուղիների խաչմերուկում՝ ժամանակի ընթացքում Արգիշտիխինիլին դառնում է ուրարտական պետության վարչական, տնտեսական ու կրոնական կարևոր բերդաքաղաքներից մեկը։
Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին, այդ պատճառով էլ քաղաքին երբեմն անվանում են Արամայր։ Ըստ Խորենացու՝ Արամայիսն իր համար գետի ափամերձ բարձունքի վրա տուն է շինում։ Արամայիս անվանը ավելացվել է վիր մասնիկը, որը զենդերեն նշանակում է բարձր։ Ստացվում է Արմավիր՝ Արամայիսի բարձր տուն։
Ուրարտական պետության ժամանակ Արմավիր Քաղաքը իր մեծությամբ ու կարևորությամբ մրցում էր Վան մայրաքաղաքի հետ, իսկ ուրարտական պետության անկումից հետո շարունակելով գոյատևել մ.թ.ա. 4-րդ դարի վերջից մինչև մ.թ. 68թ,՝ դարձել է Արարատյան հայկական թագավորության մայրաքաղաքը, ուր և հաստատվել էին Երվանդունիները։
Բագրատունիների իշխանության օրոք Արմավիրը նորից վերելք է ապրում մինչև Զաքարյանների իշխանության ժամանակահատվածը։
Արմավիր քաղաքը ամբողջությամբ ավերվել է մոնղոլների արշավանքների ժամանակ։
Նախքին մայրաքաղաք Արմավիրի տարածքում ներկայումս փռված են Նոր Արմավիր, Հայկավան, Ջրաշեն, Նոր Արտագերս, Նալբանդյան և Արմավիր գյուղերը, իսկ բլրի գագաթին գտնվող քաղաքի միջնաբերդի ավերակները՝ որպես ուխտատեղի պահպանվում են մինչ օրս։
Տվյալները Արմավիրի մարզի պաշտոնական կայքից` armavir.gov.am
Հայաստանի մարզերը