info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Քարանձավի առեղծվածը / Արենի

Արենիի քարանձավ,  քարանձավների համալիր Հայաստանի հարավ-արևելյան մասում՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ 2011 թ-ի հունվարին հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը։ 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։

Տեղադրություն և նկարագիր

Գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա և ընկած է Արփա գետի հովտում։ Արենիի քարանձավը գտնվում է Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից։ Քարանձավն ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ, քանի որ տարածքը սահմանափակ է, և նոր պեղումները կարող են փակել անցումներն ու վնասել արդեն հայտնաբերված հնագիտական հուշարձանները։ Քարանձավում առնվազն չորս մետր մշակութային շերտ կա։ Ներքին՝ նեոլիթական շերտերը պատկանում են պղնձեքարի դարին։ Հանդիպում են նաև հոմոէրեքտուսի (լատ.՝ Homo erectus) հետքեր, ովքեր բնակվել են ավելի քան երկու միլիոն տարի առաջ մեր տարածաշրջանում։ Քարանձավը դասվում է կլաստոկարստային քարանձավների դասին, քանի որ ձևավորվել է կրաքարային կոնգլոմերատների մեջ։ Քարանձավն իրենից ներկայացնում է մի քանի խոռոչների համալիր և ունի 400-ից 600 մ² մակերես տարածք։ V դարի պատմիչ Եղիշեի մոտ այն հիշատակվում է Արպանյալ, Արպունյալ, Արբանյալ անուններով։ Թռչունների քարանձավում սկսած 2007 թվականից իրականացվում են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին վերագրված բազմաթիվ գտածոներ՝ բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացված այծի մարմնի մաս և այլն։

 « Արենի 1 » քարանձավ / լուսանկարը` helpme.am կայքից

« Արենի 1 » քարանձավ / լուսանկարը` helpme.am կայքից

Արենիի քարանձավների գաղտնիքները

Իզուր չէ, որ մեր երկիրն անվանում են թանգարան բաց երկնքի տակ: Թեև մինչ օրս հանրապետության տարածքում բազմաթիվ պատմական հուշարձաններ կան, սակայն գրեթե ամեն տարի լինում են հնագիտական նորանոր բացահայտումներ: Օրինակ, վերջին տարիներին միջազգային հանրության ուշադրությունը բևեռվել էր Արենիի քարանձավի սենսացիոն հայտնագործության վրա:
Արենիի քարանձավը, բաղկացած երեք «սրահից», գտնվում է Արենի գետի ձախ ափին, հենց այստեղ են հնագետները գտել բացառիկ հնագիտական իրեր: Օրինակ, աշխարհի ամենահին կոշիկը, որը 5,5 հազ. տարեկան է:

Արենի 1 քարանձավից պեղված աշխարհի ամենահին կոշիկը / լուսանկարը` Վիքիպեդիայից

Նույն քարանձավում գինեգործության մասին վկայող իրեր էին հայտնաբերվել դեռևս 2007թ-ին, հետախուզական պեղումների ժամանակ, որի արդյունքում գտնվեց խաղողի ճմլարանը:
Այն ժամանակ ճմլարանի մասին պարզապես ենթադրություններ կային, և հետո դեռ պահանջվում էր ապացուցել, որ այն հենց գինեգործական համալիրի կարևոր բաղադրիչն է: Ապացույցները հետևյալներն էին՝
Առաջինը կառուցվածքային առանձնահատկությունները, այսինքն` գինեգործությանը հատուկ թեք հարթությունը. երբ ճզմել են խաղողը, դրա միջոցով խաղողի հյութը հոսել է հատուկ տեղ, որտեղ էլ այն հասունանում էր համապատասխան աստիճանի:
Երկրորդը` հնձանի հարևանությամբ հողի մեջ հսկայական կարասների թաղված լինելը: Առաջին իսկ բացված կարասում գտնվել են խաղողի մնացորդներ և եղեգնի սնամեջ ցողուններ: ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագիտական աշխատանքների ղեկավար Բորիս Գասպարյանը նշում է, որ դա տեսնելով` հիշել է Քսենոֆոնի «Անաբասիս»ը, որտեղ հույն պատմիչը խոսում էր հայկական գինեգործության մասին` նշելով, որ հայերը գինի էին խմում հողի մեջ թաղված կարասներից՝ օգտագործելով դրա համար եղեգնի սնամեջ ցողունները:
Համալիրի տարածքում հայտնաբերվել են նաև խաղողի ողկույզներ և կորիզներ: Սակայն թե այն ժամանակ խաղողի ինչ տեսակից է պատրաստվել գինին, դժվար է ասել: Դարերի ընթացքում անխուսափելի են պտուղի ԴՆԹ-ի մուտացիները, այդ իսկ պատճառով դժվար է որոշել, թե խաղողի ժամանակակից տեսակներից որն է հնագույն տեսակի «ժառանգը»: Խաղողի տեսակների ԴՆԹ փորձաքննությունը նույնպես մատչելի չէ…
Խեցեղենի կտորները, անհայտ նյութերի շերտով, ուղարկվել են փորձաքննության: Ընդհանուր առմամբ 12 «թեկնածու» նյութեր կան, որոնք կարող են նման հետք թողնել խեցեղենի վրա:
«Թեկնածուների» քանակի բացառման մեթոդով նրանց թիվը հասցվել է երկուսի. հետքերը կարող էին պատկանել կամ խաղողին կամ նռանը: Քանի որ նուռ այնտեղ չի աճել, ապա դա եղել է խաղող: Այսպիսով, ստացված ողջ տեղեկատվությունը բերել է մեկ միանշանակ եզրահանգման. Արենիի քարանձավում հայտնաբերվել է գենեգործական մի ողջ համալիր, ընդ որում` ներկայումս համարվում է աշխարհում հնագույնը եւ թվագրվում է մ. թ. ա. IV հազարամյակին:

Գինեգործական արտադրամաս / լուսանկարը՝ helpme.am կայքից

Հենց քարանձավում մարդիկ չեն բնակվել: Գինու սպառումը նրանց համար կրել է ծիսական, ոչ թե կենցաղային բնույթ: Բորիս Գասպարյանի խոսքով` գինու պատրաստումն ու օգտագործումն այդ տարածաշրջանի համար ծիսական պաշտամունքի մի մաս է եղել` կապված գյուղատնտեսական ցիկլի, պտղաբերության հետ…
Մասնագետի խոսքով` քարանձավի որոշ գտածոներ վկայում են այն մասին, որ այդ վայրի բնակիչների մոտ ընդունված է եղել ծիսական կանիբալիզմը: Արենիի քարանձավի խորքում, սննդի պահպանության տարաների կողքին,  հայտանբերվել են նաև կավե ամանների մեջ թաղված երեխաների եւ մեծերի աճյուններ, որնք վատ չեն պահպանվել: Երեք գանգ պատկանել է դեռահաս աղջիկների, որոնք մահացել են 5,9-6,2 հազ. տարի առաջ` ըստ ամենայնի, մահակի հարվածներից: Ժամանակակից մարդու տեսանկյունից, դա, անշուշտ, հրեշավոր է, սակայն հնագույն մարդկանց համար կանիբալիզմն ավելի շատ ծես է եղել:
Գասպարյանը նշում է, որ հետազոտության ընթացքում աշխատանքային վարկած էր առաջ քաշվել այն մասին, որ որպես զոհ մատուցված աղջիկների մարմնի մասերը կերել են կրոնական ծիսակատարության մասնակիցները: Դրանով նրանք հաղորդակցվել են այն աշխարհի հետ, որտեղ հեռացել են անմեղ զոհերը:
Այս վայրի բնակիչների տնտեսվարական գործունեությունը, ըստ Գասպարյանի, Միջագետքի և Եգիպտոսի տաճարների նախատիպն է: Ինչպես հայտնի է, այդ պետություններում տաճարները, զուտ կրոնականից բացի, զբաղվում էին նյութական բարիքների արտադրությամբ: Հենց այդ բարիքներն էլ ծառայել են իրենց կուռքերին:
Պետք է նշել,որ քարանձավում առնվազն չորս մետր մշակութային շերտ կա, այնպես որ նոր սենսացիոն բացահայտումները դեռ առջևում են …

Կարդացեք նմանատիպ հոդվածներ