info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արատեսի վանք

Արատեսի վանք

Արատեսի վանք

Արատեսի վանք վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։ Չնայած պահպանված արձանագրություններին, շատ քիչ տեղեկություններ են հայտնի վանական համալիրի մասին։ Չնայած որ այն 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր։

Արատես վանական համալիր

Արատեսի վանական համալիրը բաղկացած է իրար կից գտնվող 4 մեծ և 5 փոքր շինություններից՝ բոլորն էլ կանգնած մի ուղղության վրա՝ հյուսիսից հարավ։ Ինը շինություններից երեքը եկեղեցիներ են՝ Սբ․ Սիոն, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին։ Սակայն արձանագրություններից այնքան էլ պարզ չէ, թե որ անունը որ եկեղեցուն է պատկանում։

Հայտնի է, որ վանական համալիրը վերջին անգամ վերանորոգվել է 13-րդ դարում՝ 1270թ․։ Այդ մասին կա պահպանված նվիրատվական արձանագրություն, որի վկայմամբ վանքի առաջնորդ «նվաստ աբեղա» Հայրապետի հովանավորությամբ է կատարվել վերանորոգումը։ 

Սբ Սիոն

Ենթադրվում է, որ համալիրի հյուսիսային հատվածում կանգնած շինությունները վանական համալիրի առաջին կառույցներն են։ Ամենայն հավանականությամբ, այդ շինությունները կառուցվել են 7-րդ դարում։ Այդ հատվածում կանգնած է թաղածածկ մի եկեղեցի՝ հավանաբար Սբ․ Սիոն եկեղեցին, որի շուրջ կառուցվել են մատուռներ։

Սբ Աստվածածին և Սբ Կարապետ

Վանական համալիրի երկրորդ եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։ Այն գմբեթավոր եկեղեցի է, որը գտնվում է համալիրի հարավային հատվածում։ Եկեղեցու արևելյան հատվածին կից գտնվում ենք երեք ոչ այնքան մեծ մատուռներ, որոնց առջևի հատվածում հետագայում ավելացրել են նաև ավելի փոքր գավիթ-եկեղեցի։ Գավիթ-եկեղեցին հավանաբար Սբ Կարապետն է։

Վարդապետ Սիրանես

Վանական համալիրի գավիթներից մեկը, որը կառուցվել էր 13-րդ դարում վանքի առաջնորդ Հայրապետի հովանավորությամբ, առանձնանում է իր ճարտարապետական հորինվածքով։ Եվ Արատեսի վանք վանական համալիրը նշանավոր է հատկապես այդ գավթի լուծումներով։ Հայտնի է նաև, որ գավթի վարպապետ-ճարտարապետը եղել է Սիրանեսը։ Նա հայտնի է հատկապես իր Նորավանքում կատարած աշխատանքների շնորհիվ։ 

Եպիսկոպոսական ամառանոց

Պատմագիր Ստ․ Օրբելյանը 13-րդ դարի վերջին իր շուրջ է համախմբում սյունյաց թեմը և Նորավանքը դարձնում իր նստավայրը։ Իսկ քանի որ ամառներն այնտեղ շատ տոթ էին լինում, նա որոշում է Արատեսը դարձնել եպիսկոպոսական ամառանոց։ Ահա այդ որոշման շնորհիվ, վանքը բարելավվում է, իսկ վանքին նվիրաբերվում է 8 գյուղ։ Այսպիսով, Արատեսի վանքը 13-14-րդ դարերում եղել է կարևոր նշանակության հոգևոր կենտրոն։

 

Հոդվածը գրելիս օգտվել ենք «Դիվան հայ վիմագրության» աշխատությունից։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Վանքեր և եկեղեցիներ