info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վերելքն առասպելական էր, ինչպես Արարատը

Արարատվածներ / Մարիանէ Աբրահամյան

Արարատվածներ / Մարիանէ Աբրահամյան

Արարատի մասին պատմությունները շատ են, դրանք շատ են հատկապես այն մարդկանց շրջանում, որոնք կա՛մ բարձրացել են, կա՛մ պլանավորում են բարձրանալ Արարատ: Հաճախ եմ լսում այդ պատմություններում, որ Արարատ բարձրանալը միշտ անհասանելի է թվացել, բայց Արարատն ինձ միշտ մոտ է եղել, ու դեռ փոքրուց վստահություն եմ ունեցել, որ մի օր լինելու եմ գագաթին։ Փաստորեն այդ օրն օգոստոսի 22-ն էր, որն այսուհետ կարմիր օղակի մեջ է առնված իմ անձնական օրացույցում: Արարատին հասնելու ճանապարհը տարիների տևականություն ունի, բայց ֆիզիկապես սկսել եմ պատրաստվել մարտից, երբ ԱրմՋեոյի հետ բարձրացանք Մոխրասար (2716մ․), ու Պապաքիսար (2448մ․), ինչից հետո գրեթե ամեն շաբաթ արշավել եմ:

Վերելքի ընթացքը տվեց ու սովորեցրեց այն, ինչի կարիքն ունեի

Ի սկզբանե հստակ որոշում ունեի, որևէ կերպ չպատկերացնել վերելքն ու հետևել ընթացքին: Լավագույն միտքը չէ պատկերացնել այն, ինչի փորձառությունը դեռ չես ունեցել, ու պատկերացումներդ լինելու են կա՛մ երևակայությանդ, կա՛մ այլ մարդկանց պատմությունների արդյունքը։ Հետհայացք գցելով վստահաբար կարող եմ ասել, որ ճիշտ որոշում էր՝ ընթացքը տվեց ու սովորեցրեց այն, ինչի կարիքն ունեի: Վերելքն առասպելական էր, ինչպես Արարատը:

Արարատվածներ / Մարիանէ Աբրահամյան

Սարերն իրենց հետ նոր մարդկանց են բերում

Արշավներն ու քայլքն ինձ համար միշտ եղել են քաղաքային աղմուկից դիստանցավորվելու լավագույն ձևը: Դրանք միշտ օգնող ու ամոքող են, և սարերն ունեն ֆոնեմենալ մոգականություն՝ ավելորդն իրենց վերցնելով, լցնում են բաց մնացած տեղերդ: Ես շատ եմ սիրում մենակ արշավել՝ լեռների հզորության մեջ բոլոր ծանր մտածումներս փոքրանում են ու անէանում, հնարավորություն եմ ունենում լինել ու մնալ ինձ հետ, ու չեմ ձանձրանում՝ բավականին հետաքրքիր է անցնում, բայց սա իհարկե չի չեղարկում արահետներն ընկերների հետ կիսելու անփոխարինելիությունը՝ հատկապես, որ հաճախ սարերն իրենց հետ նոր մարդկանց են բերում, որոնք ճանապարհների արդյունքում դառնում են ընկեր: 

Արշավներն ու լեռներն են եղել մեր ծանոթության հովանավորները

Մտերիմ մարդու՝ կողակցի հետ արշավելու զգացողությունները հետաքրքիր են ու նման չեն ընկերների հետ արշավելու զգացողություններին: Երբ ընկերներիս հետ եմ, ակամա շատ ավելի ուշադիր, զգոն ու խնամող եմ իրենց նկատմամբ: Կողակցի հետ ասես փոխվում են դիրքերն ու դերերը՝ մեծապես կարողանում եմ ինձ թույլ տալ հենվել իր վրա:

Արարատվածներ / Մարիանէ Աբրահամյան

Բացի այդ, արշավական պրոցեսն ասես իր մեջ խտացրած ունենա ամենատարբեր իրավիճակները, որոնք կարող են պատահել, բայց քաղաքային կյանքում դրանց հետ առնչվելու համար կարող են պետք լինել տարիներ՝ արշավներն ասես դրանց թրեիլերները լինեն: Չեմ կարող իհարկե չակցենտավորել այն, որ հենց արշավներն ու լեռներն են եղել մեր ծանոթության ու հարաբերությունների հովանավորները, ինչի համար անսահման շնորհակալ ենք ԱրմՋեոյին:

Արարատի լուսաբացի սպասումով

Մինչ վերելքն Արարատն ասոցացնում էի փառահեղության, հայրենիքի, տան, կարոտի, ուժի, կորստի հետ: Վերելքից հետո այն ինձ համար ամոքման ու բժշկման մասին է դարձել:

Առաջին դժվարությունը 4200 մետրի վրա՝ երկրորդ ճամբարի անհարմարություններն էին, որոնք գուցե այդքան չզգացվեին, եթե 3200 մետրի բազային ճամբարը չլիներ այդչափ հարմար ու ջերմ: Երկրորդը՝ վերելքի ժամանակ ճնշման ազդեցությունն էր, որը մեծապես զգացվեց 4800 մետրի վրա: Մյուսը եղանակն էր, որը ցավոք մեր կողմից չեղավ՝ չտեսանք այն լուսաբացը, որին սպասում էինք, փոխարենը քամի էր, կարկուտ, մառախուղ, որի պատճառով գագաթը բացարձակ չէր երևում, իսկ սա շատ թևաթափ անող էր, մինչև անգամ միտք ու զգացողություն առաջացավ, որ Արարատից նեղացել եմ, բայց հաջորդ օրն անցավ:

Վերելքի մարդիկ

Մարդիկ էին օգնում, որ դժվարություններս հաղթահարեմ: Բախտավորություն էր վերելքը կիսել հենց այն մարդկանց հետ, ում հետ անցա այդ ճանապարհը: Ուղեկցորդների հոգատարությունն ու պատրաստակամությունը որևէ չափման միավորով չափելի չի դառնա: 4800 մետրի վրա երբ վատ էի զգում, ինձ կյանքի բերեցին Անիի տաք ձեռքերը, ու առհասարակ, եթե Անին տարածքում էր, ապա կարելի էր վստահ լինել, որ եթե ինչ-որ բան այն չլինի՝ Անին «կԱնի» հնարավոր ու անհնարին ամեն ինչ: Տիգրանն աընդհատ կապի մեջ էր, ու չնայած շատ մեծ պատասխանատվության, որը վերցրել էր իր վրա ու ուղեկցում էր մարդկանց, որոնք մեծ դժվարությամբ էին քայլում, դա իրեն չէր խանգարում ճշտել ու միշտ իմանալ, թե ինչպես ենք մենք առջևում:

Դեռ մարտից հստակ գիտեի, որ Արարատ կգնամ միայն Հրաչի ուղեկցությամբ, ու մինչ կսկսեինք բարձրանալ, Հրաչը հնչեցրեց մի բան, որը պտտվում էր մտքումս գրեթե ողջ ընթացքում. «Հիշեք, ինչ էլ լինի լույսն անպայման բացվելու է», ու լույսը բացվեց Արարատից: Եվ վերջապես՝ իմ ամենակարևոր ուղեկցորդը, հենարանը, օգնողն ու աջակցողը, կողակիցը բոլոր իմաստներով Հովհաննեսն էր:

Գլխումս պարբերբար պտտվում էր «Բինգյոլ»-ը, սա հայրիկիս սիրելի երգերից է, հենց ինքն էլ նվիրելի է ինձ ձեռնափայտերը, ու ամեն անգամ փայտերի վրա հենվելիս զգացում էր առաջանում, որ իր վրա եմ հենվում: 

Մենք ունենք մեզ և ունենք իրար

Արարատը մեզ տվեց նոր տպավորություններ, ծանոթություններ, փորձառություն, չկրկնվող, տարբեր էմոցիաներ ու էյֆորիկ զգացում, համատեղ ևս մեկ երթուղի, առաջին 5000+ բարձրության գագաթ, ու ևս մեկ անգամ ապացույց, որ յուրաքանչյուր իրավիճակում մենք ունենք ինքներս մեզ և ունենք իրար. “Individually, we are whole, together, we are more”…

Երազանքին հասնելու ճանապարհը բազմազան, բազմաշերտ ու բազմերանգ էր

Արարատն էմոցիաներով նկարագրելուց կարող եմ ասել այն ամենը, ինչը կբխի ուրախությունից՝ հիացմունք, հպարտություն, ոգեշնչում, հաճույք, կենսախնդություն ..․

Անմոռանալի էր այն պահը, երբ ևս մեկ քայլ դրեցինք ու արդեն գագաթին էինք՝ մի քանի վայրկյան պետք եղավ գիտակցելու համար այդ փաստը, ու դրան զուգահեռ հնարավոր եղավ ֆիքսել Հովհաննեսի հայացքը, ու մեր երբևէ ունեցած ամենախիտ էմոցիաներով գրկախառնությունն ունենալ:

Վանա լճի ալիքներն իրենց հետ տարան հոգնությունն ու էմոցիոնալ վայրիվերումները

Արարատի ճամփորդությունն իհարկե ամբողջապես պտտվում էր հենց Արարատի շուրջ, ու գլխավոր հերոսն ինքն էր, բայց հույզերի ու խառը մտքերի շատ խիտ հոսք բերեց իր հետ նաև Անին: Քայլում էի ու պատկերացնում ոչ ավեր վիճակում՝ փառահեղ է եղել ամեն վանքի ու բերդի ամեն կտորը, ու ներսս տակնուվրա էր լինում, երբ տեսնում էի պատառիկները: Արդեն Բայազետում տարված էինք արշավական նախապատրաստմամբ, ժամերն անցնում էին աննկատ ու շատ արագ: Գագաթից դեպի ճամբար իջնելուց ասես չզգայի, որ ժամեր առաջ եղել եմ էնտեղ՝ վերևներում: Օրերից մեկն անցկացրել ենք Ախթամար կղզում, վայելել Վանա լիճն, ու երևի թե միայն իրեն հատուկ՝ տաք երանգներով մայրամուտը:

Վանա լճի ալիքներն իրենց հետ տարան հոգնությունն ու էմոցիոնալ վայրիվերումները, թեթևացնելով ոչ միայն մկանային լարվածությունը, այլև ներսինը: Վանա լճին հաջորդեց Արաքսը՝ Բարդողի ֆոնին, բայց մյուս էմոցիոնալ մեծ ալիքը եղավ Կարսում՝ Առաքելոց եկեղեցու մոտ, որը գործող մզկիթ էր՝ չկարողացա մտնել ներս..․

Առանց Հովհաննեսի այս վերելքը պարզապես ուրիշ կլիներ՝ ոչ այն ինչ եղավ

Արդեն երկու շաբաթ է ինչ վերադարձել ենք, Արարատի հետ դեռ չենք հանդիպել, Հովհաննեսի հետ կատակում ենք, որ երևի ամաչում է եղանակային վարքի համար, ու այդ պատճառով չի երևում:

Նեղացել էի Արարատից, որ թույլ չտվեց վայելենք իր գագաթը, տեսնենք Սիսը, ու ավելի սահուն հասնենք իրեն, և երբ արդեն իջնում էինք, հնչեցրել էի մի միտք, որ էլ չեմ գնա իր մոտ, բայց հերիք էր վերադառնալ 3200 մետրի բազային ճամբար, քնել, մաքրել հոգնությունը, արդեն լուսադեմին՝ մտքում հավաքելով նախորդ օրվա կատարվածը, Արարատի կողմից վատ եղանակն ընկալեցի ոչ թե մեզ չընդունել, այլ էդպիսով կանչել մեզ ևս մեկ անգամ:

Արարատվածներ / Մարիանէ Աբրահամյան

Կվերադառնանք Արարատ, տարիներ անց, գուցե ավելի մեծ թիմով: Հաջորդ համատեղ 5000+ լեռը դեռ քննարկումների ու ակտիվ խմորումների փուլում է:

Արարատվածներն ասում են, որ կյանքը փոխվում է 5165-ով, երբ մտածում եմ այդ մասին ժպիտ է առաջանում, ու անսահման շնորհակալանք այդ արտահայտության հեղինակին ուղղված:

Մարիանէ Աբրահամյան

Առաջիկա արշավներ