Վերելքն առասպելական էր, ինչպես Արարատը
Արարատի մասին պատմությունները շատ են: Դրանք շատ են հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր կամ բարձրացել են, կամ պլանավորում են բարձրանալ Արարատ: Հաճախ եմ լսում այդ պատմություններում, որ Արարատ բարձրանալը միշտ անհասանելի է թվացել: Սակայն ինձ համար Արարատն միշտ մոտ է եղել: Դեռ փոքրուց վստահություն եմ ունեցել, որ մի օր լինելու եմ գագաթին։ Փաստորեն այդ օրն օգոստոսի 22-ն էր, որն այսուհետ կարմիր օղակի մեջ է առնված իմ անձնական օրացույցում: Արարատին հասնելու ճանապարհը տարիների տևականություն ունի, բայց ֆիզիկապես սկսել եմ պատրաստվել մարտից, երբ ArmGeo-ի հետ բարձրացանք Մոխրասար (2716 մ) և Պապաքիսար (2448 մ), ինչից հետո գրեթե ամեն շաբաթ արշավել եմ:
Վերելքի ընթացքը տվեց ու սովորեցրեց այն, ինչի կարիքն ունեի
Ի սկզբանե հստակ որոշում ունեի՝ որևէ կերպ չպատկերացնել վերելքն ու հետևել ընթացքին: Լավագույն միտքը չէ պատկերացնել այն, ինչի փորձառությունը դեռ չես ունեցել, ու պատկերացումներդ լինելու են կամ երևակայությանդ, կամ այլ մարդկանց պատմությունների արդյունքը։ Հետհայացք գցելով՝ վստահաբար կարող եմ ասել, որ ճիշտ որոշում էր: Ընթացքը տվեց ու սովորեցրեց այն, ինչի կարիքն ունեի: Վերելքն առասպելական էր, ինչպես Արարատը:
Սարերն իրենց հետ նոր մարդկանց են բերում
Արշավներն ու քայլքն ինձ համար միշտ եղել են քաղաքային աղմուկից դիստանցավորվելու լավագույն ձևը: Դրանք միշտ օգնող ու ամոքող են: Սարերն ունեն ֆենոմենալ մոգականություն. ավելորդն իրենց վերցնելով, լցնում են բաց մնացած տեղերը: Ես շատ եմ սիրում մենակ արշավել: Լեռների հզորության մեջ բոլոր ծանր մտածումներս փոքրանում ու անէանում են: Հնարավորություն եմ ունենում լինել ու մնալ ինձ հետ ու չեմ ձանձրանում: Բավականին հետաքրքիր է անցնում, բայց սա իհարկե չի չեղարկում արահետներն ընկերների հետ կիսելու անփոխարինելիությունը: Հատկապես, որ հաճախ սարերն իրենց հետ նոր մարդկանց են բերում, ովքեր ճանապարհներ կիսելու արդյունքում դառնում են ընկերներ:
Արշավներն ու լեռներն են եղել մեր ծանոթության հովանավորները
Մտերիմ մարդու՝ կողակցի հետ արշավելու զգացողությունները հետաքրքիր են ու նման չեն ընկերների հետ արշավելու զգացողություններին: Երբ ընկերներիս հետ եմ, ակամա շատ ավելի ուշադիր, զգոն ու խնամող եմ իրենց նկատմամբ: Կողակցի հետ ասես փոխվում են դիրքերն ու դերերը: Մեծապես կարողանում եմ ինձ թույլ տալ հենվել իր վրա:
Բացի այդ, արշավական պրոցեսն ասես իր մեջ խտացրած ունենա ամենատարբեր իրավիճակները, որոնք կարող են պատահել: Իսկ քաղաքային կյանքում դրանց հետ առնչվելու համար կարող են պետք լինել տարիներ: Արշավներն ասես դրանց թրեիլերները լինեն: Չեմ կարող իհարկե չակցենտավորել այն, որ հենց արշավներն ու լեռներն են եղել մեր ծանոթության ու հարաբերությունների հովանավորները, ինչի համար անսահման շնորհակալ ենք Armgeo-ին:
Արարատի լուսաբացի սպասումով
Մինչ վերելքն Արարատն ասոցացնում էի փառահեղության, հայրենիքի, տան, կարոտի, ուժի, կորստի հետ: Վերելքից հետո այն ինձ համար ամոքման ու բժշկման մասին է դարձել:
Առաջին դժվարությունը երկրորդ ճամբարի անհարմարություններն էին՝ 4200 մետրի վրա: Դրանք գուցե այդքան չզգացվեին, եթե 3200 մետրի բազային ճամբարը չլիներ այդչափ հարմար ու ջերմ: Երկրորդը՝ վերելքի ժամանակ ճնշման ազդեցությունն էր, որը մեծապես զգացվեց 4800 մետրի վրա: Մյուսը եղանակն էր, որը ցավոք մեր կողմից չեղավ: Չտեսանք այն լուսաբացը, որին սպասում էինք: Փոխարենը քամի էր, կարկուտ, մառախուղ, որի պատճառով գագաթը բացարձակ չէր երևում: Դա շատ թևաթափ անող էր, մինչև անգամ միտք ու զգացողություն առաջացավ, որ Արարատից նեղացել եմ, բայց հաջորդ օրն անցավ:
Վերելքի մարդիկ
Մարդիկ էին օգնում, որ դժվարություններս հաղթահարեմ: Բախտավորություն էր վերելքը կիսել հենց այն մարդկանց հետ, ում հետ անցա այդ ճանապարհը: Ուղեկցորդների հոգատարությունն ու պատրաստակամությունը որևէ չափման միավորով չափելի չի դառնա: 4800 մետրի վրա երբ վատ էի զգում, ինձ կյանքի բերեցին Անիի տաք ձեռքերը: Առհասարակ, եթե Անին տարածքում էր, ապա կարելի էր վստահ լինել, որ եթե ինչ-որ բան այն չլինի՝ Անին «կԱնի» հնարավոր ու անհնարին ամեն ինչ: Տիգրանը մեծ պատասխանատվությամբ ուղեկցում էր մարդկանց, ովքեր մեծ դժվարությամբ էին քայլում: Դա իրեն չէր խանգարում միշտ կապի մեջ լինել ու իմանալ, թե ինչպես ենք մենք առջևում:
Դեռ մարտից հստակ գիտեի, որ Արարատ կգնամ միայն Հրաչի ուղեկցությամբ: Մինչ կսկսեինք բարձրանալ, Հրաչը հնչեցրեց մի բան, որը պտտվում էր մտքումս գրեթե ողջ ընթացքում. «Հիշե՛ք, ինչ էլ լինի լույսն անպայման բացվելու է»: Ու լույսը բացվեց Արարատից: Եվ վերջապես՝ իմ ամենակարևոր ուղեկցորդը, հենարանը, օգնողն ու աջակցողը, կողակիցը բոլոր իմաստներով՝ Հովհաննեսն էր:
Գլխումս պարբերբար պտտվում էր «Բինգյոլ»-ը: Սա հայրիկիս սիրելի երգերից է: Ձեռնափայտերը հենց ինքն է նվիրել, ու ամեն անգամ փայտերի վրա հենվելիս առաջանում էր զգացում, որ իր վրա եմ հենվում:
Մենք ունենք մեզ և ունենք իրար
Արարատը մեզ տվեց նոր տպավորություններ, ծանոթություններ, փորձառություն, չկրկնվող, տարբեր էմոցիաներ ու էյֆորիկ զգացում: Տվեց ևս մեկ համատեղ երթուղի, առաջին 5000+ բարձրության գագաթ ու ևս մեկ անգամ ապացույց, որ յուրաքանչյուր իրավիճակում մենք ունենք ինքներս մեզ և ունենք իրար: “Individually, we are whole, together, we are more”…
Երազանքին հասնելու ճանապարհը բազմազան, բազմաշերտ ու բազմերանգ էր
Արարատն էմոցիաներով նկարագրելուց կարող եմ ասել այն ամենը, ինչը կբխի ուրախությունից. հիացմունք, հպարտություն, ոգեշնչում, հաճույք, կենսախնդություն ..․
Անմոռանալի էր այն պահը, երբ ևս մեկ քայլ դրեցինք ու արդեն գագաթին էինք: Մի քանի վայրկյան պետք եղավ գիտակցելու համար այդ փաստը: Դրան զուգահեռ հնարավոր եղավ ֆիքսել Հովհաննեսի հայացքը ու մեր երբևէ ունեցած ամենախիտ էմոցիաներով գրկախառնությունն ունենալ:
Վանա լճի ալիքներն իրենց հետ տարան հոգնությունն ու էմոցիոնալ վայրիվերումները
Արարատի ճամփորդությունն իհարկե ամբողջապես պտտվում էր հենց Արարատի շուրջ: Գլխավոր հերոսն ինքն էր, բայց իր հետ հույզերի ու խառը մտքերի շատ խիտ հոսք բերեց նաև Անին: Քայլում էի ու պատկերացնում քաղաքը ոչ ավեր վիճակում: Փառահեղ է եղել յուրաքանչյուր վանքի ու բերդի ամեն կտորը: Ներսս տակնուվրա էր լինում, երբ տեսնում էի պատառիկները: Արդեն Բայազետում տարված էինք արշավական նախապատրաստմամբ: Ժամերն անցնում էին աննկատ ու շատ արագ: Գագաթից դեպի ճամբար իջնելիս՝ ասես չզգայի, որ ժամեր առաջ եղել եմ այնտեղ՝ վերևում: Օրերից մեկն էլ անցկացրել ենք Աղթամար կղզում, վայելել Վանա լիճն ու երևի թե միայն իրեն հատուկ, տաք երանգներով մայրամուտը:
Վանա լճի ալիքներն իրենց հետ տարան հոգնությունն ու էմոցիոնալ վայրիվերումները՝ թեթևացնելով ոչ միայն մկանային լարվածությունը, այլև ներսինը: Վանա լճին հաջորդեց Արաքսը՝ Բարդողի ֆոնին, բայց մյուս էմոցիոնալ մեծ ալիքը եղավ Կարսում՝ Առաքելոց եկեղեցու մոտ: Այն գործող մզկիթ էր. չկարողացա ներս մտնել..․
Առանց Հովհաննեսի այս վերելքը պարզապես ուրիշ կլիներ՝ ոչ այն ինչ եղավ
Արդեն երկու շաբաթ է, ինչ վերադարձել ենք, բայց Արարատի հետ դեռ չենք հանդիպել: Հովհաննեսի հետ կատակում ենք, որ երևի ամաչում է եղանակային վարքի համար ու այդ պատճառով չի երևում:
Նեղացել էի Արարատից, որ թույլ չտվեց վայելենք իր գագաթը, տեսնենք Սիսը, ու ավելի սահուն հասնենք իրեն: Երբ արդեն իջնում էինք, հնչեցրել էի մի միտք, որ էլ չեմ գնա իր մոտ, բայց հերիք էր վերադառնալ 3200 մետրի բազային ճամբար, քնել, մաքրել հոգնությունը, երբ կրկին փոխեցի միտքս: Արդեն լուսադեմին՝ մտքում հավաքելով նախորդ օրվա կատարվածը, Արարատի կողմից վատ եղանակն ընկալեցի ոչ թե մեզ չընդունել, այլ այդպիսով ևս մեկ անգամ մեզ իր մոտ կանչել:
Կվերադառնանք Արարատ տարիներ անց, գուցե ավելի մեծ թիմով: Հաջորդ համատեղ 5000+ լեռը դեռ քննարկումների ու ակտիվ խմորումների փուլում է:
Արարատվածներն ասում են, որ կյանքը փոխվում է 5165-ով: Երբ մտածում եմ այդ մասին ժպիտ է առաջանում ու այդ արտահայտության հեղինակին ուղղված անսահման շնորհակալանք:
Մարիանէ Աբրահամյան
Առաջիկա արշավներ