Արարատն արդեն իմն եմ համարում
Կարևոր է՝ ում հետ
Դալարը ստիպեց, որ Արարատն անհաս երազանքից դառնա նպատակ )): Իսկ եթե լուրջ, զգացի, որ եթե այս տարի էլ հետաձգեմ, անընդհատ կհետաձգեմ։ Դրան գումարվեցին Դալարի խոսքերն ու ինձ անընդհատ մոտիվացնելը, հին ընկերոջ նույնպիսի ցանկությունը, ինչպես նաև ընթացքում ձևավորված խումբը, և ասա, հետ քայլն արդեն դարձավ անհնար ու անիմաստ։
Նման էմոցիաներ ուրիշ տեղ չեմ զգացել
Խմբի տրամադրությունն ու առհասարակ միջավայրն անմոռանալի էր։ Ժլատ չեմ գտնվի ու կասեմ, որ իմ ամենալավ օրերից եմ ապրել Արարատում, նման տեսակի էմոցիաներ ուրիշ տեղ չեմ զգացել, ուրիշ ոչ-մի ճամփորդության տեսակից դա չեմ ստանում։ Հատկապես տպավորվել է վերելքի վերջին օրվա լուսաբացի տեսարանը՝ ամպերի ու արևի նոր լույսի խաղը։ Չնայած այդքան էլ երկար չհասցրի վայելել քայլելու ընթացքում, բայց այդ տեսարաանը մնաց իմ հետ։ Ու չեմ կարող նաև չնշել վերելքի հարմարավետության մասին․ մեզնից պահանջվում էր միայն քայլել ու վայելել, մնացած ամեն ինչի մասին հոգում էին հայ ու տեղացի ուղեկցորդները։
Իմ կարճամետրաժ ֆիլմը կամ գագաթին մնացել էր 10 րոպե
Այդ յոթ օրերի ընթացքում գագաթին հասնելու վերջին հաշված քայլերն իմ ամենասիրելի մասն էր։ Ստացվել էր այնպես, որ խմբից մի քանի հոգի արդեն գագաթին էին, իսկ մյուս մասն ինձնից հեռու էր մնացել ու ես մենակ՝ մտքիս մեջ երգելով բարձրանում էի։ Գագաթից արդեն իջնող անձանոթ մարդիկ գալիս գրկում ու ոգևորում էին։ Հիմա մտածում եմ, որ սիրուն կարճամետրաժ ֆիլմ կլինեին այդ 10 րոպեները։ Վերջին քայլերիս զուգահեռ արդեն տեսնում էի Դալարին, Մարիամին ու Արթուրին, երեքով գագաթից ինձ էին նայում ու հաստատ ինչ-որ բաներ խոսում․ չէր լսվում, բայց շատ սիրուն էին։ Ես էլ շատ ուրախ ու հպարտ էի, որ հասնում եմ իրենց ու մյուս ընկերներիս արդեն ինքս կդիմավորեմ գագաթից։
Իմ վիճակը կարելի էր նկարագրել մի բառով՝ քամահար՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ ուղեղով։ Իրականում գագաթում ամեն ինչ շատ ահնասկանալի էր՝ ո՞վ եկավ, ո՞նց են, մի հատ նկարեմ․․․ մի հատ եկեք նկարվենք․․․ Հայաստանը ո՞ր կողմում տեսնեմ․․․ մրսում եմ․․․ ե՞րբ ենք հետ իջնում․․․ձեռնոցս չկորցնեմ։ Ամեն ինչ միանգամից։ Միայն իջնելուց հետո ես գիտակցում՝ ուր էիր, ու միևնույն է այլևս չես հիշում՝ ոնց էիր։
Կյանքս չփոխվեց, բայց հարստացավ 5165-ով
Վերելքից հետո Արարատի հանդեպ վերաբերմունքս լիովին փոխվեց։ Արարատն ինձ համար միշտ եղել է սփյուռքահայերին պատկանող սար, ինձ համար տեսանելի, բայց սովորական, մշտական երևույթ։ Բայց հիմա հաստատ ավելի կապված եմ Արարատի հետ, քաղաքում քայլելիս, տեսնելիս ջերմանում եմ, արդեն իմն եմ համարում։ Եվ ընկերուհիներիս հետ պլանավորում եմ ևս մեկ անգամ կանգնել Արարատի գագաթին։