Արարատը՝ որպես ուժ և հպարտություն
Արարատ բարձրանալու որոշումը ծնվեց երկար ժամանակվա երազանքից: Երկար տարիներ երազել եմ տեսնել Արարատի գագաթը և զգալ նրա ուժը։ Դա ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր մարտահրավեր էր։ Մարզումների ծրագիրը մշակելը և պատրաստվելը տևեց մի քանի ամիս, ինչն իր մեջ ներառում էր նաև ֆիզիկական պատրաստվածություն։ 2024-ի ամռանը ես վերջապես իրականացրի իմ երկար սպասված երազանքը:
Արարատը՝ որպես անձնական հաղթանակի խորհրդանիշ
Պատկերացնում էի, որ վերելքը դժվար կլինի, բայց միևնույն ժամանակ ընթացքը լի կլինի գեղեցիկ տեսարաններով և ուրախ պահերով։ Իրականում վերելքն ավելի բարդ էր, քան պատկերացնում էի, սակայն նաև ավելի գեղեցիկ ու յուրահատուկ էր՝ հատկապես գագաթին հասնելու պահը։
Մինչև վերելքը, Արարատն ասոցացնում էի ուժի, տոկունության և ազգային հպարտության հետ։ Վերելքից հետո Արարատն ինձ համար դարձել է ոչ միայն այդ արժեքների, այլև անձնական հաղթանակի և ինքնահաղթահարման խորհրդանիշ։
Գագաթին հասնելը ոչ միայն ֆիզիկական հաղթանակ է, այլև հոգևոր
Ճանապարհին ամենամեծ դժվարությունը եղավ վատ եղանակը, որը խոչընդոտում էր առաջխաղացմանը։ Քամիներն ուժեղ էին: Ինչպես նաև, 4800 մետրից բարձր՝ թթվածնային քաղցի պատճառով, ամեն քայլը մեծ ջանք էր պահանջում, և հաճախ ստիպված էինք լինում կանգ առնել։
Դժվարությունների ժամանակ ինձ օգնում էր այն միտքը, որ գագաթին հասնելը ոչ միայն ֆիզիկական հաղթանակ է, այլև հոգևոր։ Դա դառնում էր ինձ համար պայքար սեփական սահմանափակումների դեմ, և այդ գիտակցությունն առաջ գնալու ուժ էր տալիս:
Վերելքն ինձ սովորեցրեց, որ սահմաններ գոյություն չունեն
Իմ մտքում երգերից բացի կան հիշողություններ՝ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների Կանչը» գրքից։ Վերջում, երբ նրանք բարձրանում են Արարատ, դա ասես այդ ամբողջ պայքարի խորհրդանիշը լիներ, որը ներկայացված է գրքում։ Արարատը դառնում է այն վեհ գաղափարների ու հայրենիքի սիրո խորհրդանիշը, որը նրանց մղում է դեպի վեր։
Վերելքն ինձ սովորեցրեց, որ սահմաններ գոյություն չունեն, երբ մարդը պատրաստ է անել ամեն ինչ իր նպատակներին հասնելու համար։ Այն ավելացրեց իմ վստահությունը սեփական ուժերիս հանդեպ և սովորեցրեց գնահատել կյանքը։
Արևն ուժ էր տալիս, որ առաջ շարժվենք
Արարատն ինձ համար ասոցացվում է հաղթահարում, հպարտություն, վստահություն, հոգևոր լիություն և անսահման երջանկություն բառերի հետ: Գագաթին ինձ կբնութագրեմ հաղթանակած բառով։
Ամենավառ հիշողությունն այն պահն էր, երբ առաջին անգամ տեսա գագաթը ներքևից։ Դա մի պահ էր, երբ ամեն ինչ դառնում էր իրական: Գագաթին հասնելու ցանկությունն էլ անվիճելի էր։
Ճանապարհը նման էր արևոտ և քարքարոտ լանջերի: Արևն ուժ էր տալիս, որ առաջ շարժվենք: Բայց գագաթի մոտ վատ եղանակը փոխեց ամեն ինչ՝ դարձնելով վերջին քայլերն առավել դժվար հաղթահարելի։
Մեծ հաղթանակները պահանջում են մեծ ջանքեր
Անպայման պատրաստվում եմ նորից բարձրանալ Արարատ, քանի որ այն ինձ համար դարձել է հատուկ վայր, որը միշտ կլինի իմ սրտում։
Վերելքն ինձ սովորեցրեց, որ երբ մարդիկ սրտանց ձգտում են իրենց նպատակներին, նրանք կարող են հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Այն նաև բացեց նոր հորիզոններ և խորացրեց իմ վստահությունը սեփական ուժերիս նկատմամբ՝ անընդհատ հիշեցնելով, որ մեծ հաղթանակները պահանջում են մեծ ջանքեր և համբերություն։
Վանունի Սաքանյան