Արարադ լեռ (Ջուդի)
Արարադ լեռ (Ջուդի)
Կորդվաց լեռներ
Բարձրությունը՝ 2114 մ
Կոորդինատները՝ 37.375869, 42.451725
Ջուդի, Նիբուր, Կորդվաց և այլ անուններով հիշատակվող Արարադ լեռը Նոյյան Տապանի ավանդազրույցը կրող 2 տապանակիր լեռներից մեկն է։ Հայկական լեռնաշխարհի շատ լեռներ որևէ կերպ կապված են համաշխարհային ջրհեղեղի լեգենդի հետ, սակայն նրանցից երկուսն են համարվում տապանակիր լեռներ, որոնց վրա ըստ ավանդազրույցի հանգրվանել է Նոյն իր տապանով։
Արարադա լեռները գտնվում են Հայկական Տավրոս լեռնահամակարգի հարավ-արևելքում՝ Կորդվաց լեռներում։
Ի լերինս Արարատայ
Հայարեն առաջին աստվածաշունչը հունարենից թարգմանել է Սահակ Պարթևը 5-րդ դարում, որտեղ գրված է «Եւ նստաւ տապանն յեօթներորդում ամսեանն ի քսան եւ յեօթն ամսոյն ի լերինս Արարատայ»։ Ըստ որոշ մասնագետների «Ի լերինս Արարատայ» խոսքը պետք է հասկանալ որպես «Ի լերինս Հայոց» իմաստով, այսինքն տապանը կանգ է առել Արարատի լեռներում՝ Հայկական լեռնաշխարհում։
Փավստոս Բուզանդն իր «Պատմություն հայոց» աշխատության մեջ հիշատակում է Սարարադ լեռը։ Բուզանդն այն մատնանշում է Կորդուքում և անվանում ոչ թե Արարադ այլ Սարարադ։ Քանի որ հին հայկական գրատեսակներում տառերը գրվում էին իրար կպած «Ի լերինս Արարատայ»-ը գրվել է ԻԼԵՐԻՆՍԱՐԱՐԱԴԱՅ և հետագայում տրոհվել որպես «Ի լերին Սարարադայ»։ Բուզանդը գրում է թե ինչպես է Մծբինի եպիսկոպոս Հակոբը ճանապարհ ընկնում դեպի Արարատյան թագավորության հարավային սահմաններում գտնվող Սարարադ լեռը, որը գտնվում էր Կորդվաց գավառում։ Նա աղաչում է Աստծուն, որպեսզի թույլ տա նրան տեսնել Նոյան տապանը, որը ջրհեղեղից հետո հանգրվանել է այս լեռան գագաթին։ Հակոբն իր ուղեկիցների հետ սկսում է բարձրանալ Արարադյան լեռների անջրդի, քարքարոտ լանջերով։ Երբ նրանք ծարավում են Հակոբը ծնկի է գալիս և աղոթում աստծուն։ Այդ տեղում աղբյուր է բխում և հագեցնում ուխտավորների ծարավը։ Այդ աղբյուրը կոչվեց Հակոբի աղբյուր։ Երբ հոգնած Հակոբը քուն է մտնում նրան է այցելում հրեշտակն ու ասում «Տերը քո աղաչանքներն ընդունեց և խնդրանքդ կատարեց. այդ, ինչ որ գլխիդ տակ դրված է, տապանի փայտերից է։ Էլ կրկին չձգտես տեսնել, որովհետև տերը այսպես կամեցավ»։
Արարադից Արարատ
Հետագայում տապանակիր լեռան ավանդազրույցը տեղափոխվեց դեպի Մեծ Մասիս։ Նախքան աստվածաշնչյան պատումները Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը հիշատակվում է Ազատն Մասիս անունով։ Սակայն կար այն համոզմունքը, որ տապանը կանգ է առել լեռնաշխարհի ամենաբարձր գագաթին։ Բացի դա կան մի քանի աշխարհագրական անունների համընկնումներ, որոնք վերջնականապես տապանակիր լեռան տիտղոսը շնորհեցին Մեծ Մասիսին։ Այդ իսկ պատճառով տապանի փնտրտուքները ծավալվել են հիմնականում Մասիսի վրա, որն հետագայում ավելի շատ սկսվեց հիշատակվել Արարատ անվամբ, իսկ Ջուդի-Արարադը հետզհետե մնաց ստվերում։ Սուրբ գրքում հիշատակված Արարատյան լեռներն ու Միջագետքի սրբազան ասքերի տապանակիր լեռները գտնվում են իրարից մոտ 300 կմ հեռավորության վրա։
Քրիստոնեական Մասիսն ու իսլամական Ջուդին
Առաջավոր Ասիայի ժողովուրդները (ասորիներ, հրեաներ, արաբներ, քրդեր) տապանակիր լեռ էին համարում Տավրոսի լեռների հարավում գտնվող Կորդվաց Արարադը և ոչ Արարատյան Մասիսը։ Հետագայում, երբ քրիստոնեության և իսլամի շնորհիվ տիրապետող դարձավ միայն Նոյան տապանի առասպելը, քրիստոնեական աշխարհում տապանակիր լեռը դարձավ Մասիսը, իսկ իսլամական աշխարհում Ջուդի լեռը։ Այս իրավիճակը պահպանվում է մինչ օրս։
Լեռներն իրարից տարբերելու համար Արարատյան դաշտում վեր խոյացող Արարատ լեռն անվանում էին Ազատն Մասիսն կամ Արարատյան լեռ, իսկ մյուսը Կորդվաց Արարադ։
Արարադ կամ Ջուդի լեռանը նվիրված ավանդազրույց
Արարադ կամ Ջուդի լեռանը նվիրված հինավուրց զրույցներից մեկը պատմում է, որ ժամանակին այդ տեղերում ապրելիս է եղել մի քաջ հովիվ: Օրերից մի օր այլևս չհանդուրժելով այդտեղ իր իշխանությունը տարածած ավազակախմբի կեղեքումներին` հովիվը կռվի է ելնում ելուզակների դեմ և բոլորին հաղթում: Թագավորն իմանալով խիզախ հովվի մասին` նրան գանձ ու հարստություն է առաջարկում, նույնիսկ իր աղջկան է փորձում կնության տալ: Հովիվը մերժում է այդ ամենը և թագավորից միայն խնդրում է եզան կաշվի չափ տարածք տրամադրել իրեն` ազատ ու անկախ ապրելու համար: Թագավորը համաձայնում է` այլևս չկասկածելով, որ իր առջև խելապակասի մեկն է կանգնած: Հովիվը վերցնելով եզան կաշին` կտրտում է, վերածում է բարակ քուղի կծիկի, և ապա կաշեքուղը փաթաթում Արարադ լեռան շուրջը: Թագավորն, երբ այդ մասին իմանում է, ապշում է հովիվի հնարամտության վրա: Իսկ հովիվը լեռան վրա բերդ է կառուցում և ազատ ու անկախ ապրում մինչև մահ:
Պատրաստեց Տիգրան Վարագը
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: