Բարգուշատի լեռներ
Երկարությունը՝ 86 կմ
Առավելագույն բարձրությունը՝ 3399 մ
Ամենաբարձր գագաթը՝ Արամազդ լեռ
Բարգուշատի լեռները գտնվում են Սյունիքի մարզում: Հանդիսանում են Զանգեզուրի լեռնաշղթայի արլ. ճյուղավորությունը: Սկսվում է Այրիսար գագաթից և ձգվում արլ. ուղղությամբ մինչև Աղջկասարը, ապա թեքվելով դեպի հվ.-արլ.՝ հասնում Ողջի գետի հովիտը: Ջրմաբաժն է Ողջի և Որոտան գետերի միջև: Լանջերը կտրտված են Որոտանի և Գեղիի վտակների խոր (մինչև 800 մ) հովիտներով: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է: Գիրաթաղ-Սվարանց գետահովիտներով բաժանվում է արմ. և արլ. մասերի: Արմ. մասը բարձրադիր հորստաձև բեկոր է՝ կազմված պալեոզոյի փոխակերպային, նստվածք. և էոցենի հրաբխածին-նստվածք. ապարներից, գրանիտոիդային ներժայթուքներից: Այստեղ են գտնվում Արամազդ, Գեղաքար (3343մ), Քառակատար (3270 մ), Երկաթասար (3227 մ) լեռնագագաթները: Արլ. մասը՝ Սուսանասարը, համեմատաբար ցածրադիր է, միաթեք՝ կազմված յուրայի ու կավճի հրաբխածին ապարներից:
Կլիմա
Կլիման բարեխառն է, բարձրադիր գոտում՝ ցուրտ լեռնային, տարեկան տեղումները՝ 500-800 մմ: Ձմռանը բնորոշ է կայուն ձնածածկույթը: Լանջերն անտառածածկ են, բարձրադիր գոտում՝ մերձալպյան և ալպյան մարգագետիններ:
Արամազդ լեռը
Կազմված է հրաբխային ապարներից: Լանջերը զառիթափ են՝ ծածկված լեռնամարգագետնային բուսականությամբ: Գագաթնամերձ մասերում կան մերկացումներ, քարացրոններ: Անվանումը ծագել է հեթանոս հայերի Արամազդ (պահլավերեն՝ գերագույն իմաստություն) աստծու անունից:
Մեծ և արի Արամազդ
Ինչպես վկայում են Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու պատմությունները, Հին Հայաստանում պանթեոնի գլուխ կանգնած էր Արամազդը, իբրև գերագույն աստված, ով ըստ դիցաբանության բոլոր աստվածների հայրն էր, երկնքի և երկրի արարիչը։
Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։
Մի ավանդապատման մեջ նշվում է, որ լեռան ամենաբարձր տեղում ճկվածք կա, ուր ապրում են երկնքի փերիները: Երբ սարերը թխպում են, փերիները դուրս են գալիս, իրար հետ կռվում են մի տղայի համար. ով որ հաղթում է՝ մեկ տարով դառնում է տղայի կինը: Երկնքի որոտը փերիների թրերի ձայնն է, կայծակն էլ նրանց թուրը:
Տեսանյութը՝ Գագիկ Սարգսյանի
Լուսանկարները՝ Կարո Սահակյանի և Տիգրան Շահբազյանի