Արայի լեռ
Արայի լեռ հանգած հրաբուխը գտնվում է Արագածի հարավ-արևելքում՝ Քասաղ և Հրազդան գետերի միջև: Բարձրությունը 2605 մ է: Ունի հատած գագաթով անկանոն կոնի ձև: Հվ-արմ.-ում կա բնական պատռվածք: Արայի լեռը բազմածին հրաբուխ է: Կազմված է նեոգենի հրաբխային ապարներից: Լանջերը կտրտված են ձորակներով: Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300-400 մմ: Հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ: Արայի լեռան ստորոտին տարածված են գորշահողերով ծածկված օշինդրային կիսաանապատները, բարձրադիր մասերում՝ տափաստանները, հս. լանջը բավականին անտառապատ է, ցածրադիր մասում կան կաղնու և լորենու նոսր պուրակներ, գիհու մացառուտներ և թփուտներ:
Ավանդապատումներ
Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա Գեղեցիկ արքայի անունով: Խորենացին Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը համարում է իրական՝ զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արայի լեռը դա հենց Արա Գեղեցիկի մարմինն է, որն ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»՝ արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում գագաթի արևմտյան մասում վեր խոյացող ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):
Ծաղկեվանք կամ Կույս Վարվառայի քարայր
Լեռան լանջերին է գտնվում Ծաղկեվանքը, որի պատճառով էլ լեռը կոչվել է նաև Ծաղկեվանքասար:
Ավանդույթի համաձայն քրիստոնեությունն ընդունելու համար հալածանքի ենթարկվելով իր հարազատ հոր կողմից, Վառվառա անունով կույսը թաքնվում է այս այրի մեջ:
Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է բռնի տիրանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։
Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին՝ պատժելու համար։ Հանդիպում է հովվին, ով վախենալով նրանից հայտնում է Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանն ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ցած նետում այնտեղից։ Այդ պահին մատնիչ հովիվն իր ոչխարներով քարանում է։ Ծաղիկի անվամբ էլ Արայի լեռան վրա գտնվող մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրն էլ համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց աչքերը։