info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արագած լեռ

Արագած լեռ

Արագած լեռ

Բարձրությունը՝ 4090 մ

Կոորդինատները՝ 40°31’24.48, 44°11’45.92 (Հյուսիսային գագաթ)

Արագածը լեռնազանգվածը գտնվում է Հայաստանի Հանրապետության արևմուտքում՝ Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև: Իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով: Այն Հայկական լեռնաշխարհի չորրորդ (Մասիսից, Սաբալանից, Ջիլոյից հետո) և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ, իսկ Հարավայինը` 3887,8 մ:

Արագածը Երանոսի լեռներից

Արագածի անվան ծագումն ու ավանդությունները

Արագածի անվանումը, ըստ ավանդության, ծագել է Արա աստծո անունից ու Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի անվան ծագումը կապում են նաև Հայկի որդի Արամանյակի հետ:

Արագած

Արագածի մասին կան նաև մի քանի ավանդություններ: Օրինակ՝ դրանցից մեկը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք հակառակ իրենց սովորության՝ մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված տեսնելով այդ՝ բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։ Այդ հսկաներից մեծությամբ չորրորդը Արագածն էր:

Արագած

Մասիսն ու Արագածը

Ժամանակին Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են․ մեկն ասում է՝ «ես եմ լավը և քեզանից էլ բարձր», մյուսը թե՝ «ես քեզանից և լավն եմ, և ավելի մեծ ու բարձր»։ Այդ միջոցին վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին, բայց չի կարողանում։ Նա թողնում հեռանում է և անիծում է, որ Մասիսն ու Արագածը այնպես բաժանվեն իրարից, որ այլևս երբեք չհանդիպեն։ Մասիսն անիծում է Արագածին, որ ամբողջ տարին դարդը դուրս չգա նրա սրտից, և արտասուքն էլ չպակասի աչքերից։ Արագածն իրեն հերթին անիծում է Մասսին, որ աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարին և վրան մատաղ չմորթվի։

Մասիսը Արագածից

 

Վերելք Մասիս լեռ  2022

 

Ընդհանուր տեղեկություններ Արագածի մասին

Արագածի կլիման փոխվում է ըստ բարձրության. լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ, գագաթնային գոտում ցրտեր են լինում նաև ամռանը, իսկ ձմեռը երկարատև է, խստաշունչ ու ձնառատ՝ տարեկան 250 օր կայուն ձնածածկույթով:

Արագած

Արագածի գագաթնային մասում, բրգաձև, ժայռային կատարների միջև ընկած է խորը գոգավորություն, որն անվանում են «խառնարան»: Ըստ Կ․Ն Պաֆենհոլցի իրականում այստեղ խառնարան չկա, մոտ 400 մետր խորությամբ գոգավորությունը սառցադաշտային կրկես է։ Ս․Պ․ Բալյանն այն անվանել է պայթման կալդերա։

Արագածի խառնարանը

Գագաթային գոտին ունի խիստ մասնատված ալպյան ռելիեֆ: Սառցադաշտային բազմաթիվ կրկեսների և հովիտների վերին մասերում պահպանվում են մնացորդային սառցադաշտեր: Արագածի մերձգագաթային սարահարթը և մեղմաթեք լանջերը մասնատված են մեծ թվով խոր հովիտներով, լանջերին լայն տարածում ունեն չոր ձորերը, որոնց մի մասը հեղեղաբեր է:

Արագած

Արագածի լավային քարերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ: Սառցադաշտային կրկեսներում և մորենային թմբերի միջև գոյացել են գեղատեսիլ լճեր` Քարի, Ամբերդի, Հորթախեղդ, Ումրոյ, Լեսինգ և այլն:

Ումրոյը Արագածի ամենամեծ լիճն է

Արագածի մշակութային կոթողները

Արագածի լանջերին պահպանվել են ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ակունքներին կանգնեցված և ջրի պաշտամունքը խորհրդանշող «վիշապ» կոչվող կոթողներ, միջնադարյան ճարտարապետության ուշագրավ կառույցներ (Ամբերդ, Բյուրական և այլն):

Ամբերդ (Անբերդ) ամրոց – համալիր

Հարավ-արևելյան լանջերին Բյուրականի աստղադիտարանն է, մերձգագաթային սարավանդի վրա` Տիեզերական ճառագայթների հետազոտման բարձրալեռ օդերևութաբանական կայանները, Մանթաշի հովտում` խոշոր ջրամբարը:

Արագած լեռը

Արագածը հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է

Բնությունն այստեղ արտասովոր գեղեցիկ է: Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ մարգագետիններով, որտեղ տարածված են անուշահոտ ծաղիկներ (մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն): Պատմիչները վկայում են, որ հնում Արագածը ծածկված է եղել փարթամ անտառներով, որտեղ ապրել են վայրի կենդանիներ: Մաքուր ու զովաշունչ օդը, առվակները, մարգագետիններն ու բազմերանգ ծաղիկներն ամռան ամիսներին իրենց գիրկն են կանչում լեռների սիրահարներին:

Քառագագաթ Արագածը Արագած գյուղի կողմից

Իրենց ստեղծագործություններում Արագածը գովերգել են հայ պատմիչները, նկարիչները, բանաստեղծները, երաժիշտները (Ղ. Ալիշան, Կոմիտաս, Հ. Թումանյան, Ե. Չարենց, Մ. Սարյան, Ավ. Իսահակյան և այլն):

Մարտիրոս Սարյան / Արագած լեռ / 1925 թ.

Առաջիկա արշավներ