Անի Ջանբազյան
Մասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)
Տուրիզմի մասնագետ եմ
Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո «հարմարավետության գոտուց» դուրս գալուց
Ինքս ինձ ստիպեցի առաջին անգամ մասնակցել արշավի, ինքս ինձ ստիպեցի զգալ կյանքում, որ պետք է ապրել իրական կյանքով, և ուրախ եմ, որ այդ օրը՝ 2014 թվականի սեպտեմբերի 8 ին, բարձրացա Լալվար լեռը, որն ինձ համար մինչ օրս մոտիվացիայի լեռ է: Իմ “հարմարավետության գոտուց” դուրս ես զգում էի, որ ես լիարժեք ապրում եմ, ապրում եմ զուտ վայելելով կյանքը, տեսնելով և զգալով բնության ամեն մի շունչը: Ճիշտ կարգախոս ունի Armenian Geographic – ը՝ “եղիր մոտ բնությանը”: Այն ազատությունը, որ ես գտա լեռներում երբեք այլևս չի լքի ինձ: Դու անվերջ կարող ես բացահայտել Հայաստանը, պետք է պարզապես սիրել և միշտ առաջ գնալ:
Ինչո՞ւ ես լեռներ բարձրանում, ի՞նչ են տալիս քեզ լեռները
Ըստ իս լեռներ կարող են բարձրանալ բոլորը, բայց ոչ բոլորը կարող են ապրել լեռներով: Գալիս է մի պահ, որ արդեն լեռերն են քեզ ձգում դեպի իրենց: Երբ հաղթահարում ես առաջին լեռդ, քեզանից անկախ, ուզում ես բարձրանալ հաջորդը և այդպես շարունակ բացահայտում ես քո մեջ, որ դու դարձել ես լեռների գերին, և միայն լեռներն են, որ առաջինն են տեսնում բոլոր եղանակների սկիզբն ու ավարտը և դա ակամայից գրավում է քեզ: Լեռները ինձ տալիս են նոր մտքեր, նոր զգացումներ, տալիս են նորովի ինձ ճանաչելու հնարավորություն: Գագաթ հասնելը ինձ համար մի նոր էջի բացահայտում է, այդպես ես ձգտում եմ հասնել նոր կատարելության: Լեռներում տեսնում ես անմեղ կենդանիների, գյուղացիների ու մանուկների անջնջելի դեմքեր, ամեն անգամ նոր լեռ բարձրանալիս դու ոչ միայն բացահայտում ես այդ լեռը այլ նաև բացահայտում ես այդ տարածաշրջանի կյանքը:
Ունե՞ս սիրելի մեջբերում լեռների մասին
Այս խոսքերը միշտ հիշում եմ իմ շատ լավ արշավական ընկերոջ՝ Հրաչ Իվանյանի շնորհիվ.
Իսկ եթե հոգնեն ոտքերդ, դու հանկարծ չհանձնվես,
Քո անցած ճանապարհները վերևից դու կտեսնես…
Ունե՞ս ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն
Այո, հույս ունեմ, որ 2018 թ.- ին արդեն կիրականացնեմ այդ ցանկություններս:
Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան
Ինձ համար բոլոր արշավներն էլ հիշարժան են: Հիմանակնում կարող եմ առանձնացնել գիշերակացով արշավները: Անսահման շատ եմ սիրում, երբ բոլոր արշավակններով հավաքվում ենք խարույկի շուրջ և սկսում լսել մեկս մյուսի անվերջանալի հիշարժան դեպքերը, որոնք հիմանականում կապված են լինում մեր մյուս արշավների հետ: Հիշարժան են մարդկանցով, որոնք ուղղակի ընկերներ չեն, նրանք ավելին են, նրանք զուտ կատարյալ են ինձ համար: Նրանց շնորհիվ ես դու այդ պահերին այդքան ազատ ու այդքան թեթև, ժպիտը միշտ անպակաս է երբ կան նրանք:
Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում
Միշտ դժվարն առաջին քայլն է, բայց երբ գիտես, թե ուր ես գնում և ինչի համար, արժի ռիսկի դիմել: Հիշե՛ք, որ ձեր կյանքը փոխվելու է 360 աստիճանով, որ դուք զգալու և տեսնելու եք անտեսանելին: Այն, ինչ քաղաքում չես տեսնում տեսնելու ես լեռներում, որտեղ նույնիսկ քամին գույն ունի: Եվ այդպիսով բացահայտելու եք անվերջ բացահայտվող Ձեր իսկ երկիրը:
Ուզու՞մ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին: