Ի՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ, տարբեր ոլորտներում եմ աշխատել, այս պահին՝ ծրագրավորման ոլորտում։
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
Արշավների վաղուց եմ մասնակցել, իսկ եթե խոսեմ ArmGeo-ի առաջին արշավիս մասին, Երանոսի լեռնաշղթան էր 2019թ-ին։ Իրականում երբ կարդում էի արշավի մանրամասները, տեսա, որ մեկօրյա արշավներից ամենաերկարն է: Պատասխանատվությունս ավելի բարձրացավ։ Որոշել էի՝ եթե ընթացքում դժվարանամ կամ չստացվի, ոչ ոքի չեմ անհանգստացնի։ Արշավը շա՜տ սիրուն ստացվեց՝ առանց որևէ դժվարության։ Աչքերս չէին կշտանում տեսարաններից։
Արշավներին մասնակցելուց հետո ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Արտաքին ու ներքին աշխարհներիս խախտված անհավասարակշռությունն է վերականգնվել։ Կյանքիս գույների երանգներն են շատացել (կանաչը, դեղինը, սպիտակը): (Մի քիչ գեղարվեստական ստացվեց):
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Լեռները տալիս են հնարավորություն․․․ Հնարավորություն ճանաչելու լեռների բնավորությունը, բացի բնավորությունից՝ ինձ համար լեռներն ունեն նաև սեռ, ու ամեն արշավին մի նոր տեսակ ես բացահայտում։
Լեռներում փնտրում եմ իսկական մարդկանց։
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Վահագն Դավթյանի «Հայոց Լեռներ» բանաստեղծությունը շատ ուրույն կերպով է նկարագրում մեր լեռները։
Հայոց Լեռներ (Վահագն Դավթյան)
Տուն եմ դարձել, բայց ողջ գիշեր
Իմ աչքերում տենդոտ
Դեղին լեռներ, լեռներ են շեկ,
Լեռան ծարավ ու տոթ։
Մեկն ուզում է ծունկը ծալի
Ու խոնարհվի խոհեմ,
Որ մեկ հատիկ փրկված ծառի
Հողն արցունքով ցողեմ։
Այն մեկն ուղտի համբերությամբ
Իր ծարավն է ծամում,
Երազում է ծանրիկ մի ամպ
Եվ սպասում քամուն։
Այն մեկն ըմբոստ վեր է սուրում
Լեռնապարի միջից
Ու երկնքի սիրտն է խրում
Պղնձացած մի ճիչ։
Մեկը՝ նվազ ու տենդահար,
Դարձել դեղին թախիծ,
Կարկամել է՝ անդունդն ի վար
Տապալվելու ահից։
Գալիս այդպես, գալիս հերթով
Աչքերիս դեմ չոքում
Ու ծարավից ճաքած շուրթով
Իրենց ցավն են ոգում։
Եվ զգում եմ, լեռներ իմ հին,
Իմ տառապած լեռներ,
Որ ձեզ համար ուզած պահին
Կարող եմ ես մեռնել
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Ամենահիշարժան արշավս Ծռասարի արշավն էր։ Առաջին էքսպեդիցիոն արշավն էր, որին մասնակցեցի։ Այն, որ պիտի առավոտ 4-ին արթնանաս, կիսամութ ու ցուրտ, հետո պիտի մտնես գետը՝ այն էլ մի քանի անգամ, պիտի քայլես չգիտես՝ ինչքան ու ամենակարևորը՝ դու դեռ չես տեսնում գագաթը։ Տղաներից մի քանիսն արդեն գագաթին էին, երբ ես էլ միացա. էն, որ չգիտեի վազեի, ցատկեի, թե ուրախությունից գոռայի:
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Հարցն ուրիշ կերպ ձևակերպեմ. ի՞նչ ուղղություններ եմ դեռևս հաղթահարել։ Ինձ համարում եմ սկսնակ, ու երևի ուղղությունների մի ամբողջ ցուցակ ունեմ, որ պետք է հաղթահարեմ։
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Բավարարվածություն, վստահություն, երանություն (ու այս բառերի հոմանիշներն իրենց գերադրական աստիճանով):
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Արշավականներն այն մարդիկ են, ովքեր գիտեն՝ ինչ են ուզում կյանքից, ինչ են ուզում լեռներից ու գնահատում են հայրենիքը։
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել ArmGeo թիմի հետ):
Երբեք չեմ մտածել այս հարցի շուրջ, բայց երևի՝ հենց առաջին արշավից։ Տիգրանի առաջին խոսքերից «Շարքից դուրս չգալ». զգացի, որ սա իմ տեղն է, ու սկսեցի պարբերաբար արշավել միայն ArmGeo-ի հետ:
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Վաղը երբեք չի լինում այսօր, միթե՞ կարելի է արթնանալ առավոտյան և ասել․«Ահա, հիմա վերջապես վա՞ղն է» (Ալիսան հրաշքների աշխարհում):
Էնպես որ, պետք չի հետաձգել, եթե սիրում ես ու ուզում ես գնալ արշավների, հենց հիմա գրանցվում ես ու կունենաս անմոռանալի հանգստյան օրեր։
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին: