Ազգային տոները հեթանոսությունից մինչև քրիստոնեություն
Հայոց ազգային տոները տարբեր ժամանակներում տարբեր դրսևորումներ և վերաիմաստավորումներ են ունեցել: Սակայն այս տոների արմատներն այնքան խորն են եղել ժողովրդի ինքնագիտակցության մեջ, որ ժամանակի կրոնաքաղաքական փոփոխությունները նույնպես չեն կարողացել ազդել դրանց վրա: Հայկական մշակույթը հնուց ի վեր, մինչ օրս էլ, աչքի է ընկնում իր բազմաթիվ և յուրօրինակ ազգային տոներով: Մենք բոլորս այս տոները նշում ենք, որպես քրիստոնեական և եկեղեցական տոներ, սակայն այս տոների մեծ մասը գալիս է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից: Այստեղ փորձել ենք առանձնացնել մի քանի ազգային տոներ, որոնք երկար ճանապարհ են անցել հեթանոսությունից մինչև քրիստոնեություն:
Սուրբ Զատիկն ու Անահիտ աստվածուհին
Ամբողջ քրիստոնյա աշխարհում Զատիկը համարվում է Քրիստոսի հարության տոնը: Զատիկ անվանումն առաջացել է զատել բառից, որը նշանակում է զատվել և հեռանալ մեղքերից: Այն համարվում է եկեղեցական 5 տաղավար տոներից մեկը և այս օրն ամբողջ քրիստոնյա աշխարհը տոնում է Քրիստոսի հարությունը, իրար հայտնելով ավետիսը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և ի պատասխան ստանալով՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
Սակայն հայոց աշխարհում զատկի տոնի արմատները շատ ավելի հին են: Զատիկը հնում համարվում էր գարնանացանի տոնը և նվիրված էր Անահիտ դիցուհուն, ով էլ հովանավորում էր մայր հողի բեղմնավորումը:
Զատիկն այստեղ կրկին ծագում է զատել բառից, քանի որ հենց Անահիտն էր, որ միմյանցից զատում էր բնության գույները: Ըստ ավանդության, երբ ջրհեղեղից հետո Արացիները բնակություն հաստատեցին Արարատյան դաշտում, նրանք նկատեցին, որ ծիլ ու ծաղկունքն ամբողջությամբ գորշությամբ է պատված: Եվ Արիների նահապետ Մանը զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհուն՝ խնդրելով նրան, որպեսզի վանի գորշությունն ու իրենց վերադարձնի բնության հազարավոր գույները: Սակայն Անահիտը պատասխանում է, որ բնության գույները կարող է վերադարձնել միայն Հազարան հավքը, որը դյութիչ ձայնով երգում է և գույնզգույն ձվեր ածում, որով և նորոգվում են բնության գույները: Բայց այժմ հավքը պահվում է ստորգետնյա թագավորությունում, և Մանը պետք է ազատի և վեադարձնի նրան:
Մանը վերադառնում է Արարատ Հազարան հավքի հետ: Նա հավքին դնում է գետնին, և հավքը սկսում է երգել՝ բազմաթիվ գույներ ճառագելով և գույնզգույն ձվեր ածելով: Այնուհետև Անահիտը, գալով Արարատ, հավաքում է գույնզգույն ձվերը և շաղ տալիս ողջ դաշտով մեկ: Իսկ այնուհետև պատվիրում է հավքին բույն դնել Արարատ լեռան վրա և մշտապես գույներ տարածել երկրի վրա:
Եվ այդ օրվանից Արիները սկսում են ուրախ վարել և ցանել հողը, իսկ մանուկները, ջահել հարսներն ու աղջիկները մինչև ուշ երեկո երգում, պարում ու ձվախաղ են խաղում:
Ի տարբերություն քրիստոնյաների, ովքեր զատկի ձվերը ներկում են մուգ կարմիր գույնով (Քրիստոսի թափած արյան գույնը), Արիացիները զատիկի ձվերը ներկում էին բոլոր հնարավոր գույներով: Նրանց համար զատկի տոնի իմաստը կյանքի վերածնունդը և բնության գարնանային զարթոնքը տոնելու մեջ էր:
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին
Վարդավառը քրիստոնյա աշխարհում տարածված է, որպես Քրիստոսի պայծառակերպության օր, որը նշվում է Քրիստոսի հարությունից հետո 98-րդ օրը: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը և Նոյի աղավնուն:
Հեթանոսական շրջանում Վարդավառ տոնը նվիրված է եղել Աստղիկին: Աստղիկը հայոց դիցարանում համարվում էր սիրո և գեղեցկության աստվածուհին, ինչպես նաև ամպրոպի աստված Վահագնի սիրեցյալը:
Ըստ ավանդազրույցի՝ Աստղիկը ծնվել է ծովի փրփուրներից և որտեղ որ քայլում էր, նրա ոտքերից կաթկթացող արյան հետքերի տեղում վարդեր էին բուսնում: Ատղիկ աստվածուհին նաև երկնքից վարդեր շաղ տալով հայ աղջիկներին օժտում էր աստվածային գեղեցկությամբ: Վարդավառը հայոց աշխարհում ամենասիրելի տոներից մեկն էր և տոնվում էր մեծ շուքով: Այդ օրը բոլորը միմյանց վրա ջուր էին ցանում և իրար սեր ու գեղեցկություն տալիս: Տոնի ընթացքում նրանք փառաբանում էին Աստղիկին և միմյանց նվիրում տոնի խորհրդանիշը՝ վարդը:
Ըստ արիական ավանդույթներից մեկի՝ ստորգետնյա աստվածն առևանգում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են սերն ու գեղեցկությունը, և նրանց հոգիներում բույն է դնում ատելությունը: Բոլորը դառնում են տգեղ ու անգութ։ Բայց Վահագնը, հաղթելով հրեշին, ազատում է Աստղիկին և, շրջելով Հայոց աշխարհով, արիներին օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում և նրանց վերստին օժտում աստղիկյան սիրառատությամբ։
Հնում մարդիկ Վարդավառը նշել են հիմնականում գետերի աղբյուրների կամ լճերի ափին՝ այնտեղ, որտեղ ջուրն առատ է եղել: Վարդավառը նաև համարվել էր ջրի տարերքի պաշտամունքի տոն: Հայերի մեջ տարածված են ջրի և անձրևաբերության հետ կապված բազմաթիվ ծեսեր: Ջուրն ասոցացվել է նաև կապույտ գույնի հետ, որը և՛ պարզություն, և՛ մաքրություն է խորհրդանշում: Համաձայն շումերական աղբյուրների, հայերը Հայա տիեզերական ջրերի և իմաստության աստծո որդիներն են, և ըստ «Սասնա ծռեր» էպոսի՝ հայերը պաշտել են ջուրը և իրենց համարել ջրից ստեղծված (Սանասար և Բաղդասար):
Վարդավառը համարվում է նաև խնձորի տոնը: Ընդունված սովորություն կար, որ մինչև Վարդավառ խնձոր չէին ուտում: Եվ Վարդավառին՝ խնձորի բերքի օրհնությունից հետո, նոր կարելի էր բերքը հավաքել և օգտագործել:
Մարիամ Աստվածածինն ու Անահիտը
Բոլորին ծանոթ է Մարիամ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը: Այն ևս հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը:
Ըստ ավանդույթի՝ Մարիամ Աստվածածինը Քրիստոսի խաչելությունից հետո 12 տարի շարունակ այցելում է որդու գերեզմանին և աղոթում: Սակայն մի օր աղոթքներից մեկի ժամանակ նրան է այցելում Գաբրիել հրեշտակը և նրան հայտնում դեպի երկինք իր վերափոխվելու մասին:
Հայաստանում, քրիստոնեության ընդունումից հետո, Մարիամ Աստվածածինն ընդունեց Անահիտին վերագրվող բոլոր հատկությունները: Իսկ Անահտական տաճարները վերածվեցին Աստվածածին եկեղեցիների: Անահիտին նվիրված տոները վերագրվեցին Աստվածածնին, քանի որ ժամանակին Անահիտի մեջ էին ամփոփված կնոջ և մայրության բոլոր առաքինությունները:
Իսկ խաղողօրհնեքի ավանդույթները շատ ավելի հին են, քան քրիստոնեությունը և կապվում էին Նավասարդի տոնակատարությունների հետ: Հնում Անահիտ աստվածուհուն է նվիրված եղել նաև խաղողօրհնեքը, որը նշվել է որպես բերքի տոն: Խաղողօրհնեքի առաջին պտուղը նվիրաբերել են Անահիտին:
Հայոց դաշտերում և այգիներում փառաբանման ծես է կատարվել, որից հետո էլ սկսվել է բերքահավաքը: Տոնին մասնակցել են բոլորը, ինչն ուղեկցվել է տոնին հատուկ երգերով, պարերով և խաղերով:
Քրիստոնեության ընդունումից հետո Խաղողօրհնեքի տոնը միացվեց Մարիամ Աստվածածնի վերափոխման հետ: Սակայն այդ օրը եկեղեցում օրհնվում է միայն խաղողը, քանի որ այն համարվում է ազնվագույն մրգերից մեկը և, բացի այդ, խաղողից էր պատրաստվում նաև պատարագի գինին:
Տիրոջն ընդառաջ կամ Տրնդեզ
Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի՝ Քրիստոսի ծնունդից 40 օր հետո նշում է Տյառնընդառաջը: Տյառնընդառաջի տոնը համարվում է Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր բոլորի համար:
Հնում տրնդեզը կրակին նվիրված տոն է եղել: Ըստ հին հայկական պատկերացումների՝ տրնդեզի վառվող կրակի բոցերն ավելի էին ջերմացնում արևին և այդպիսով մեղմում էին ցուրտը և արագացնում գարնան գալուստը: Քանի որ հայերն իրենց համարում էին Արևի որդիներ, նրանք պաշտում էին նաև արևի երկրային տեսակը՝ կրակը: Տոնի ժամանակ կրակի վրայով թռչելով՝ մեր նախնիները հաղորդակցվել են բնության տարրերի հետ: Ըստ որոշ մեկնաբանությունների՝ տրնդեզ բառը նշանակում է դիզված կրակ:
Հեթանոսական շրջանում Տյառնընդառաջի ծխի ուղղությամբ մարդիկ կատարել են գուշակություններ: Ծխի միջոցով մարդիկ գուշակել են տարվա բերքառատությունը: Ծխի ուղղությամբ նաև փորձել են գուշակել՝ որտեղից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի կրակը վառել են հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջ, իսկ դրա որոշ մասը շաղ տալիս կրակի վրա: Այնուհետև, երբ կրակի բոցն արդեն թուլանում էր, սկսում էին թռչել կրակի վրայով: Եթե կրակի վրայից թռչելիս փեշը անզգուշությամբ վառվում էր, դա համարվում էր հաջողության նշան:
Մուսալեռան բնակիչների մեջ տարածված է եղել նաև մի սովորություն, որ տանտիկինը Տյառնընդառաջի ժամանակ բացում էր տան դուռն ու պատուհանը, դուրս էր քշում ձմեռը և ներս էր հրավիրում գարունը:
Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ կրակն ունի հետևյալ խորհուրդները. «Խարույկի հուրը բորբոքելով` քրիստոնյաներն Աստծո սիրո հուրն են խնդրում, և կրակը ծառայեցնում են Աստծուն»:
Ծաղկազարդ թե ծառզարդար
Զատկի տոնից մեկ շաբաթ առաջ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը: Այն խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Տոնի ժամանակ բացվում է եկեղեցու խորանը և մարդիկ եկեղեցուց օրհնված ուռենու կամ ձիթենու ճյուղեր են տանում տուն, որոնք էլ համարվում են չարխափան: Մարդիկ այդ ճյուղերը պահում էին տանը կամ ամբարներում, որպեսզի տարին առատ ու բարիքով լի լիներ և հիվանդությունները վերանային:
Սակայն, դեռևս հեթանոսական ժամանակներից մարդիկ տոնել են Ծառզարդարը, որը նվիրված է եղել ծառի պաշտամունքին: Այն հնում կապված է եղել բնության զարթոնքի, գարնան գալստյան և մեռնող և հարություն առնող բնության աստվածության հետ՝ Արա Գեղեցիկի հովանավորչությամբ: Հնում հայ ժողովրդի մեջ եղել է որոշ ծառերի պաշտամունք, ինչպիսիք էն՝ ուռենին, սոսին, խնկենին, կաղնին, որոնք ունեցել են տիեզերքի հավերժականության, պտղաբերության և կենաց ծառի խորհուրդ:
Հնագույն շրջանում ծառզարդարի տոնի ժամանակ սրբազան և խորհրդանշական ծառը զարդարել են գույնզգույն շորի պատառիկներով և տարբեր պտուղներով: Որոշ շրջաններում ծառերը զարդարել են ձվերով, ինչն էլ ունեցել է չարխափան նշանակություն:
Հնում ծառզարդարի տոնի ժամանակ էր կատարվում նաև անձրևաբերության ծեսը, որը կատարվում էր Նուրի տիկնիկների միջոցով: Աղջիկները պատրաստում էին տիկնիկը, այն պտտեցնում տնետուն՝ խնդրելով Նուրիին անձրև պարգևել չորացած հողին: Կա նաև կարծիք, որ տիկնիկը խորհրդանշում է ջրի՝ Նարե աստվածուհուն, և ծառզարադարի տոնն էլ հենց նվիրված է եղել նրա պաշտամունքին, քանի որ ջուրն այն կենսական տարրն է, առանց որի բնությունը չի կարող կենդանություն առնել:
Հեթանոսական շրջանում ազգային տոների մեծ մասը նվիրված էր աստվածների և բնության տարբեր տարերքների պաշտամունքին: Չնայած որ քրիստոնեության ընդունումով դրանցից շատերը փոխել են իրենց անվանումն ու խորհուրդը, բայց դրանցում գոյություն ունեցող մի շարք սովորույթներ մինչ օրս էլ պահպանել են իրենց արժեքը: Սակայն, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ տոներն ունեն նույն գործառույթը՝ այն է համախմբել մարդկանց տոնի և ծեսի ազգային գաղափարի շուրջ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին