info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Պատարայի Ամենափրկիչ եկեղեցի

Պատարայի Ամենափրկիչ եկեղեցի

Պատարայի Ամենափրկիչ եկեղեցի

Պատարայի Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ Պատարա գյուղից 3կմ դեպի հյուսիս: Տեղացիներն այն ավելի հաճախ կոչում են Փրկչի վանք:

Ճարտարապետություն

Վանքի տարածքում պահպանվել է եկեղեցին, մոտակա բնակավայրը և հսկայական գերեզմանատունը: Պատարայի Ամենափրկիչը եռանավ բազիլիկ եկեղեցի է՝ ուղղանկյուն հատակագծով:

Պատարայի Ամենափրկիչ եկեղեցի

Եկեղեցու խորանը գտնվում է արևելյան կողմում, ընդարձակ է և համեմատած եկեղեցու չափերի հետ` բավական մեծ: Խորանի երկու կողմերում տեղակայված են մեկական ավանդատներ և միասին կազմում են սրահի մեծ մասը: Եկեղեցու արևելյան պատն արժանի է առանձնահատուկ ուշադրության, քանի որ պատին կպած վեր են խոյանում երկու եռանկյունաձև խորշեր՝ լինելով եկեղեցու արտաքին հարդարանքի եզակի հորինվածքները:

Պատարայի Ամենափրկիչ եկեղեցի

Սբ. Ամենափրկիչն ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերից: Մուտքի շրջապատող հատվածներում շարվածքը կատարված է մանրակրկիտ և սրբատաշ քարերից: Մշակված են նաև որմնասյուներն ու խոյակները: Իսկ առհասարակ եկեղեցու մեծ և անմշակ քարերը՝ հատկապես հիմքի շերտերում վկայում են այն մասին, որ Սբ. Ամենափրկիչը կառուցվել է ավելի հին հոգևոր կենտրոնի ավերակների վրա:

Արձանագրություն

Պատարայի Ամենափրկիչ եկեղեցու կառուցման մասին արձանագրությունը պահպանված է  մասնակի՝ վնասվել է արձանագրության սկզբի հատվածը:

Այդ պատճառով եկեղեցու կառուցման տարեթիվն անհայտ է մնում, քանի որ հիմնադրման մասին առաջին կարևոր տեղեկությունը՝ տարեթիվը, ներկայացվում էր ամենասկզբում: Սակայն պահպանված հատվածներում առկա բառերի՝ Սմպատ իշխան. շուկա, ապարանք, շնորհիվ կարող ենք ենթադրել, որ այն եղել է հոգևոր և ախարհիկ մեծ կենտրոն:

Ուսումնասիրողներն առաջ են քաշում վարկած, ըստ որի Հասան Ջալալ Ա-ի  իշխանության թուլացումից հետո, Սբ. Ամենափրկիչ է տեղափոխվել Սմպատի իշխանական կենտրոնը:

Պատարայի Ամենափրկիչ եկեղեցի

Այս մասին է վկայում շատ մոտ տեղակայված Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Արձանագրություններում հիշատակվում է նաև Աթանաս կաթողիկոսի մասին: Նա 1279թ. հիշատակվել է Արևելյան Հայաստանի կաթողիկոսների շարքում: Նա միաժամանակ եղել է չորս երկրների կաթողիկոս:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Վանքեր և եկեղեցիներ