Ամբերդ ամրոց
Ամբերդ ամրոց-համալիրը Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է: Այն կառուցվել է Արագած լեռան լանջերին և գտնվում է ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։ Դեպի ամրոց տանող ճանապարհը անմարդաբնակ է, այն նրբորեն միախառնվում է բլուրների հետ, իսկ Ամբերդի բարձունքից հրաշալի տեսարան է բացվում դեպի հորիզոն։
Երկհարկանի կառույցն ունի նաև փառահեղ սանդուղքներ, իսկ պատերից վեր են խոյանում ամրոցը պաշտպանող հզոր աշտարակները։ Ամբերդի ամրոցի արտաքին ճարտարապետությունը պարզ է և արտահայտիչ՝ կորընթարդ ձևավորված գմբեթներով և հզոր աշտարակներով։
Պատմական ակնարկ
Ամբերդ ամրոց-բերդաքաղաքը կառուցվել է պատմական Արագածոտն գավառում, Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա՝ 2300 մ բարձրության վրա: Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.:
1196-ին հայ-վրացական միացյալ զորքերը ազատագրում են ամրոցը` ամիրսպասալար Զաքարե Զաքարյանի գլխավորությամբ։ Այնուհետև ամրոցը որպես սեփականություն հանձնվում է վերջինիս։ 1215 թ. Ամբերդը դարձավ Զաքարյանների գործակալ Վաչուտյանների վարչական կենտրոնը։ 1236 թվականին ամրոցը գրավում և հիմնովին ավերում են մոնղոլները, որից հետո այն կրկին վերակառուցվել է 13-րդ դարի վերջին` Վաչուտյանների կողմից:
Երբեմնի հզոր ամրոցը վերջնականապես ամայացել և իր նշանակությունը կորցրել է 14-րդ դարի վերջին` Լենկթեմուրի օրոք:
Ճարտարապետություն
Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը ընդգրկել է մոտ 1500 մ² մակերես։ Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում:
Ըստ պատմական աղբյուրների Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դ. Կամսարական իշխանների կողմից: X դ. պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից և իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով անառիկ ամրոցի համբավ է ունեցել: Նրան էր վերապահված Անի քաղաքի պաշտպանողական օղակի պատասխանատու դերերից մեկը:
Պատմաճարտարապետական հուշարձանները
X-XIII դդ. Ամբերդ ամրոց-բերդաքաղաքը ընդգրկում էր մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ` ամրոցապարիսպներ, Արքաշեն ձորի և Ամբերդաձորի դարպասները, դղյակ, ջրամբարներ, բաղնիք, գաղտնուղիներ, մատուռ, բնակելի շինություններ և Կաթողիկե եկեղեցին: Ներկայումս բերդաքաղաքից պահպանվել են դղյակի (X-XIII դդ.), պարսպապատերի ավերակները, բաղնիքի (X-XI դդ.), այլևայլ շինությունների մնացորդներ և Կաթողիկե եկեղեցին (Վահրամաշեն) (1026 թ.):
Դղյակ
Ամբերդ ամրոցի-քաղաքի հյուսիսարևմտյան բարձրադիր մասում կառուցված բազալտաշեն այս համալիրի ավերակների ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններից եզրակացվել է, որ այն եղել է եռահարկ, որոշ մասերում` քառահարկ, գերանակազմ միջհարկային ծածկերով և բազմիցս վերակառուցվել, ամրացվել է:
Բաղնիք
Գտնվում է դղյակի և Արքաշենի դարպասի մոտ: Կառուցված է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով: Այս ուշագրավ հուշարձանը ունի ուղղանկյուն հատակագիծ` երկայնական առանցքի նկատմամբ հաջորդաբար տեղավորված հանդերձարանով, լողասրահով և ջեռուցման համակարգով: Սենյակներից մեկի պատին նշմարվում են որմնանկարչության հետքեր:
Մատուռ
Գտնվում է բաղնիքի մոտ` 9մ հեռավորության վրա: Այս մատուռը ենթադրվում է, որ կառուցվել է X դ. ոչ շուտ:
Վահրամաշեն Կաթողիկե եկեղեցի
Արքաշենի պարսպի մոտ, Ամբերդ ամրոց-քաղաքի կենտրոնական բարձրադիր մասում է գտնվում Վահրամաշեն եկեղեցին` կառուցված 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ: Եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք: Ուղղանկյուն հատակագծի մեջ ամփոփված է աղոթասրահը` արևելյան կողմի ավագ սեղանով և 4 անկյունների ավանդատներով: Ներքուստ բոլորաձև, արտաքուստ 12 նիստանի թմբուկը հարդարված է զույգ որմնասյուներով և ծածկված է հովանոցաձև վեղարով: Վերջինս ուշագրավ է և նման ծածկի առաջին օրինակն է: Եկեղեցու ներսում` պատի վրա, գտնվում է եկեղեցու կառուցման վերաբերյալ շինարարական արձանագրությունը: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարզ է և անպաճույճ:
Պեղումներ և վերանորոգման աշխատանքներ
Անցած տասնամյակներում Ամբերդ ամրոց-քաղաքում կատարվել են մի շարք հնագիտական պեղումներ և հուշարձանների ամրակայման, վերանորոգման մի շարք աշխատանքներ: Ամբերդ բերդաքաղաքի տարածքի առաջին պեղումները կատարել է ակադեմիկոս Հ. Օրբելին` 1936 թ.: Այնուհետև պեղումները շարունակել է ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը` 1963-72 թթ., Ն. Տոկարսկու, Ս. Հարությունյանի ղեկավարությամբ:
Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մետաղյա իրեր, զենքեր, արծաթե զարդեր, խեցեղեն, ապակեղեն, ոսկե, պղնձե դրամներ, մոմակալներ, բրոնզե աշտանակներ և այլ հնագիտական իրեր:
1949-1972 թթ. ճարտարապետներ Կ. Ղաֆադարյանի, Ա. Ժամհարյանի, Վ. Հարությունյանի, Ս. Քյուրքչյանի, Ա. Միրիջանյանի կատարած չափագրությունների հիման վրա ճարտարապետ Յու. Թամանյանի կազմած վերանորոգման նախագծով կատարվել է Վահրամաշեն եկեղեցու, բաղնիքի վերանորոգման և ամրակայման աշխատանքներ: Յու. Թամանյանի նախագծով է վերակառուցվել նաև Տավուշի Կողբ գյուղում գտնվող Մշկավանքը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բերդեր և ամրոցներ