Լեռնային հիվանդություն
Լեռնային հիվանդություն երևույթն ի հայտ է գալիս ցածր մթնոլորտային ճնշման և թթվածնային քաղցի պարագայում: Լեռնագնացները, դահուկորդները, կամ այն մարդիկ, ովքեր մասնագիտության բերումով կապված են լեռների հետ, քաջ ծանոթ են լեռնային հիվանդությանը: Աշխարհի բնակչության մեծամասնությունն ապրում է մինչև 1000 մետր բարձրությունների վրա, և նրանց օրգանիզմը վարժված չէ բարձր լեռնային պայմաններին: Լեռնային հիվանդությունն ունի մի քանի փուլ. այն սկսվում է գլխացավով, ընդհանուր թուլությամբ և դյուրագրգիռությամբ: Հատուկ սուր դեպքերում այն հանգեցնում է ուղեղի այտուցվածության:
Լեռնային հիվանդությունը կարող է ի հայտ գալ ոչ միայն բարձրության հետևանքով, այլ նաև բարձրության կտրուկ աճի հետևանքով: Սա նշանակում է, որ 300 մետրից 3000 մետր կտրուկ վերելքը կարող է ավելի լուրջ հետևանքներ ունենալ, քան 4000 մետրից 5500 մետր աստիճանաբար վերելքը: Այս ամենի լուծում է հանդիսանում կլիմայավարժեցումը, որի ընթացքում մարմինը վարժվում է բարձր լեռնային պայմաններին:
Լեռնային հիվանդության փուլերը
Լեռնային հիվանդությունն ունի մի քանի փուլ՝ կախված բարձրությունից, հասարակածից հեռավորությունից, կլիմայից, ինչպես նաև մարդու վիճակից (քաշ, ֆիզիկական վիճակ, բարձրության հանդեպ փորձառություն և այլն): Սովորաբար մարդն, ով ապրում է հարթավայրում, լեռնային հիվանդության նախանշանները զգում է անգամ 2000 մետր բարձրության վրա: Պատահում է, որ Մոսկվայից եկած զբոսաշրջիկները, նույնիսկ Սևանի շրջակայքում սրտխառնոց և գլխացավ են զգում (Սևանա լիճը գտնվում է 1900 մ բարձրության վրա): Ինչպես նաև կարևոր է, թե ինչ բարձրության վրա է գտնվում ձեր մշտական բնակության վայրը: Երևանի բնակիչների համար 3000 մետրը շատ մեծ բարձրություն չէ: Աշխարհում կան բնակավայրեր, որոնք գտնվում են 3000 մետր և ավելի բարձրության վրա: Այս մարդկանց օրգանիզմը տարբերվում է ինչպես Երևանում ապրող, այնպես էլ հարթավայրում ապրող մարդկանց օրգանիզմից:
Այն մարդկանց համար, ովքեր ապրում են հարթավայրում Հայստանում Արագած կամ Աժդահակ լեռ բարձրանալուց առաջ խորհուրդ է տրվում իրականացնել կլիմայավարժեցում: 3000 մետրն արդեն իսկ հանդիսանում է բարձրություն, որտեղ մարդը կարող է լեռնային հիվանդություն ունենալ: Հետևաբար, այն զբոսաշրջիկների համար, ովքեր նման բարձրություններին վարժված չեն, խորհուրդ է տվում գիշերակաց իրականացնել Ակնա լճի մոտ՝ Աժդահակ լեռան վերելքի ճամանակ, և Քարի լճի մոտ՝ Արագած լեռան վերելքից առաջ: Գիշերակացը նման բարձրության վրա կօգնի ձեր օրգանիզմին ազատվել բարձրության կտրուկ աճի սթրեսից և հանգիստ քնել: Իսկ մեկօրյա վերելքների դեպքում անհրաժեշտ է շուտ արթնանալ և մեքենայով երկար ճանապարհ անցնել՝ մինչև վերելքը: Եվ հավատացեք, որ այս ամենը բացասաբար է ազդում մարդու ինքնազգացողության վրա:
Լեռնային հիվանդության ախտանշանները
Եկեք քննարկենք լեռնային հիվանդության ախտանշաններն ու ազդեցություններն օրգանիզմի վրա, իսկ այնուհետև կխոսենք դրանց կանխարգելման և բուժման մասին:
- Ախորժակի կորուստ: Անգամ մի ամբողջ օր քայլելուց հետո, երբ մտածում եք ուտելու մասին, ձեզ մոտ այդ միտքը սրտխառնոց է առաջացնում: Կարևոր է թեկուզ փոքր չափաբաժնով ուտել, որպեսզի ուժ և էներգիա ունենաք:
- Քունքերի հատվածում զարկերակային ցավ: Եթե դուք զգում եք սուր ցավ խորհուրդ է տրվում իբուպրոֆեն խմել կամ այլ ցավազրկող հաբեր: Այն չի կանխի լեռնային հիվանդությունը, բայց կհանգստացնի նյարդայնացնող ցավը, որը թույլ չի տալիս ձեզ կենտրոնանալ ձեր աշխատանքի վրա, և մեծ քանակությամբ էներգիա է խլում:
- Տրամադրության տատանումներ: Դուք կարող եք ծիծաղել, կատակել և հանկարծակի ունենալ տրամադրության անկում՝ տխրել: Ամեն ինչ կարող է ձեզ նյարդայնացնել և դուք ավելի դյուրագրգիռ դառնաք: Սովորաբար մարդու օրգանիզմը սկսում է էնդորֆին արտադրել, ինչի հետևանքով նրան թվում է, թե ինքն ամենակարող է: Նա սկսում են վազել և թռչկոտել: Սովորաբար այս էյֆորիկ վիճակը երկար չի տևում, և դրա ազդեցությունից հետո մարդն ուժասպառ է մնում: Բացի այդ, այս վիճակում մարդն ի վիճակի չի լինում կառավարել իրեն, և կարող է շատ լուրջ վնասվել՝ ընկնելով ժայռից կամ սահելով սառցադաշտում գտնվող ճեղքի մեջ: Նման իրավիճակներից խուսափելու համար պետք է շատ ուշադիր լինել խմբի մասնակիցների հանդեպ։
- Անքնություն: Սթրեսային վիճակը և թուլությունը կարող են խաթարել ձեր քունը: Այս դեպքում անհրաժեշտ է ընդունել քնաբեր հաբեր: Սակայն պետք չէ մտահոգվել. դուք ցանկացած պարագայում կարող եք առավոտյան արթնանալ: Պետք է հիշել, որ լավ քունը լեռնագնացության կարևոր բաղադրիչներից է:
- Բարձր արյան ճնշում: Մթնոլորտային ճնշումն իջնում է, իսկ ձերը՝ մնում նույնը: Հետևաբար օրգանիզմն իր հավասարակշռությունից դուրս է գալիս: Ամեն դեպում առանց արյան ճնշումը չափելու դեղորայք մի՛ ընդունեք, քանի որ դա ամեն մարդու դեպքում տարբերվում է:
- Կոորդինացիայի կորուստ, աղոտ տեսողություն, աչքի առջև սև կետերի առկայություն՝ սրանք այն ախտանիշներն են, որոնք ևս չի կարելի անտեսել:
- Բարձր ջերմությունը նորմալ է: Դա նշանակում է, որ օրգանիզմը պայքարում է: Ավելի վատ է, երբ դուք ջերմություն չունեք: Ամեն դեպքում եթե ջերմությունը բարձրանում է 38 աստիճանից՝ անհրաժեշտ է դադարեցնել վերելքը:
- Ոչինչ չանելու ցանկություն: Դուք պարզապես ցանկանում եք հորիզոնական դիրք ընդունել և ոչինչ չանել: Այս պարագայում ոչ մի դեպքում պետք չէ քնել, այլապես դուք կարող եք այլևս չարթնանալ:
- Ընդհատվող և մակերեսային շնչառությունը, սրտի արագ աշխատանքը:
Լեռնային հիվանդության կանխարգելում
Կարևոր է շատ ջուր խմել և քաղցրավենիք ուտել: Պետք է թույլ չտալ օրգանիզմին ջրազրկվել: Մեզը պետք է մաքուր լինի: Սովորաբար ախտանշաններն անհետանում են մեկ օրվա ընթացքում, եթե դուք չեք գերազանցում բարձրությունը: Ձեր վիճակի վրա բացասաբար կարող են ազդել ֆիզիկական թուլությունը, ջրազրկումը, էներգիայի պակասը, վնասվածքները և արյան կորուստը, խիստ ցուրտը, խրոնիկ հիվանդությունները՝ հատկապես թոքերի և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները: Վերջինիս դեպքում ընդհանրապես խորհուրդ չի տրվում գնալ լեռներ: Եթե դուք ունեք նմանատիպ հիվանդություններ, ապա անպայման խորհրդակցեք բժշկի հետ լեռներ գնալուց առաջ:
Դժվար է ախտորոշել լեռնային հիվանդությունը, քանի որ ախտանիշներից շատերը նկատվում են այլ հիվանդությունների ժամանակ ևս: Մարդը կարող է պարզապես ուժասպառ լինել կամ ունենալ սննդային թունավորում: Ամեն դեպքում անհրաժեշտ է հետևել առողջությանը և հետևություններ անել՝ հիմնվելով ախտանշանների վրա:
Մինչև լեռնային հիվանդության կրիտիկական վիճակը, երբ սկսվում է ուղեղի այտուցվածություն, ամեն ինչ շատ պարզ է: Ձեզ պարզապես անհրաժեշտ է բարձրությունը նվազեցնել: Շատ լեռնագնացներ ասում են, որ Լենինի Պիկի կամ Էվերեստի գագաթին նրանց գիտակցությունն աղոտ էր, նրանք դժվարանում էին շնչել և խոսել: Բայց անմիջապես մի փոքր ներքև իջնելուց հետո այդ բոլոր նշաններն անհետացել են:
Հիշեք, որ ալկոհոլը և սուրճը, ինչպես նաև մրսածությունը, ջրազրկումը, անքնությունը, թուլությունը նպաստում են լեռնային հիվանդության զարգացմանը և ինքնազգացողության վատթարացմանը: Ինչպես նաև տարբեր մարդիկ տարբեր կերպ են տանում բարձրության տատանումները, կախված՝
- Սեռից – կանայք ավելի դիմացկուն են թթվածնային քաղցի նկատմամբ:
- Տարիքից – երիտասարդներն ավելի ծանր են տանում թթվածնային քաղցը:
- Ընդհանուր ֆիզիկական մարզվածությունից և հոգեկան վիճակից
- Վերելքի արագությունից
- Բարձր լեռնային փորձառությունից
Վերջին կետը հատկապես կարևոր է: Քանի որ առաջին վերելքն ավելի դժվար է, քան հաջորդներն, անգամ եթե հաջորդը երկու տարի հետո է լինում: Օրգանիզմը հիշում է բարձրությանը հարմարվելու ալգորիթմը և արդեն կլիմայավարժեցումն ավելի հեշտ է տրվում:
Լեռնային հիվանդությունից խուսափելու համար անհրաժեշտ է հետևյալը․
- Կազմեք բավարար կլիմայավարժեցման պլան։
- Ընտրեք ձեր վերելքին համապատասխան գույք և հանդերձանք։
- Վերելքից երկու շաբաթ առաջ խորհուրդ է տրվում վիտամինների կուրս անցնել։
- Մի օգտագործեք ալկոհոլային խմիչքներ, անգամ փոքր չափաբաժնով։
- Վարժվեք բարձր լեռնային գոտիներում վրանով գիշերելուն: Արագածը հրաշալի տարբերակ է Կազբեկ, Արարատ, Էլբորուս կամ Դեմավենդ լեռների վերելքին պատրաստվելու համար: Գիշերակացը վրանում՝ 3200-3500 մետր բարձրությունների վրա, ինչպես նաև Արագածի Հյուսիսային գագաթի վերելքը՝ մարզման հրաշալի տարբերակ են: Մենք խորհուրդ ենք տալիս այս մարզումը 5000 մետր և ավելի բարձրություն ունեցող լեռ բարձրանալիս:
Ի՞նչ անել, երբ արդեն ունեք լեռնային հիվանդություն
Եթե ախտանիշները շատ ակնհայտ չեն, ապա հնարավոր է դադարեցնել վերելքը և մոտակա հարմար վայրում վրանային ճամբար պատրաստել: Եթե ախտանիշները վառ արտահայտված են, ապա պետք չէ շարունակել վերելքը։ Անհրաժեշտ է անմիջապես բարձրությունը նվազեցնել և հնարավորինս շատ իջնել լեռն ի վար: Սրանից հետո կարող եք նորից կրկնել վերելքը: Շատ դեպքերում լեռնային հիվանդությունը նահանջում է, քանի որ օրգանիզմը սկսում է կլիմայավարժեցվել: Բայց կարող են լինել նաև սուր պայմաններ, երբ տուժածի և ամբողջ խմբի կյանքը վտանգի տակ է: Նման պայմաններում խումբը ստիպված է լինում ժամանակացույցից հետ ընկնել: Նման դեպքեր տեղի են ունենում շատ բարձր լեռնային գոտիներում: 6000 մետրից բարձր վերելքների դեպքում, որպես կանոն թթվածնային քաղցը չի նահանջում, և մարդու համար դժվար՝ հաճախ նաև անհնարին է լինում հանգիստ վիճակ պահպանելը: Նման վերելքների համար անհրաժեշտ է մեկշաբաթյա կլիմայավարժեցման ծրագիր անցնել:
Հիմալայներում 8000 մետրանոց լեռան վերելքը համեմատաբար թեթև է ընթանում կլիմայի և աշխարհագրության շնորհիվ: Եթե այսպիսի լեռներ լինեին Կովկասում կամ բևեռներին մոտ, ապա դրանց վերելքը գրեթե անհնար կլիներ: 8000 մետրից հետո սկսվում է այսպես կոչված «մահվան գոտին»: Այստեղ «հասարակ մահկանացուն» չի գոյատևի առանց թթվածնային դիմակի: Մթնոլորտում թթվածնի կենտրոնացումը 55% է, կամ նույնն ինչ ինքնաթիռում: Նման բարձրության կլիմայավարժեցումը կարող է տևել ավելի քան մեկ ամիս: Դուք նման բարձրության վրա այդքան երկար չեք կարող մնալ, ժամանակը շատ սահմանափակ է: Ամեն դեպքում նման բարձրության վրա օրգանիզմն աստիճանաբար սկսում է մահանալ:
Խորհուրդներ լեռնային հիվանդության դեմ պայքարելու համար
Սուր լեռնային հիվանդության դեպքում անհրաժեշտ է օգնել դեղորայքով: Լեռնագնացների մոտ միշտ լինում է դեքսամետազոն: Բայց մենք դրա մասին չենք խոսի, քանի որ նման ծայրահեղ իրավիճակը մեր նպատակների մեջ չի մտնում, բացի այդ, համացանցը լի է նմանատիպ հոդվածներով: Մենք, որպես հասարակ մահկանացուներ, պետք է ընդամենը կանոնավոր կերպով կատարենք կարդիո մարզումներ, թթվածնային վարժություններ, ինչպես, օրինակ՝ պահելով շունչը կամ կրելով հատուկ դիմակներ, որոնք դժվարեցնում են շնչառությունը: Նման մարզումները բարելավում են հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ և բարձրացնում մազանոթների խտությունը, որը լավացնում է արյան շրջանառությունը՝ այսպիսով դարձնելով մեզ ավելի ճկուն բարձր լեռնային գոտիների և ցրտահարության հանդեպ:
Ունեցեք մի քանի տուփ Ռեհիդրոն կամ ասկորբիկ թթու ձեր առաջին օգնության դեղարկղիկում: Խմեք իզոտոնիկներ, քաղցր ըմպելիքներ՝ կամ պարզապես հետևեք, որպեսզի ձեր օրգանիզմն անցնի համապատասխան կլիմայավարժեցում: Սկսնակների համար կարող է մի փոքր բարդ լինել՝ քիչ փորձի պատճառով: Նրանցից շատերը շտապում են և չեն կարողանում հասկանալ այն ազդակները, որոնք մարմինը հասցնում է իրենց: Մյուսները, ովքեր ունեն ավելի գիտակից մոտեցում, կարող են շփոթել լեռնային հիվանդությունը թուլության հետ: Այնուամենայնիվ, սկսնակների համար ավելի լավ է դիմել լեռնային ուղեկցորդի օգնությանը: Շատ լեռնային պատահարներ տեղի են ունենում իրավիճակի և սեփական ուժերի կողմնակալ գնահատման պատճառով այնպիսի տուրիստական լեռներում, ինչպիսիք են, օրինակ՝ Կազբեկը կամ Էլբրուսը:
Մենք փորձեցինք համառոտ խոսել լեռնային հիվանդության մասին: Հաջորդը շատ կարոր թեմա է ՝ կիմայավարժեցումը, որն անմիջականորեն կապված է այս թեմայի հետ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: