Լեռնագնացությունը Հայաստանում
«Խելացի մարդը լեռ չի բարձրանա, խելացին այն կշրջանցի». այս ասացվածքը միանշանակ լեռնագնացների մասին չէ: Լեռների հանդեպ ձգողությունը յուրահատուկ կախվածություն է մարկանց համար: Լեռնագնացներն այդտեսակ կախվածությունն անվանում են «սեր դեպի լեռները»: Այն առաջանում է շատերի մոտ, ովքեր գոնե մեկ անգամ եղել են որևէ լեռան գագաթին: Դրանից հետո այլևս հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց վերելքների:
Լեռնագնացության ծնունդը և զարգացման պատմական ընթացքը
Լեռնագնացությունը սպորտի և ակտիվ հանգստի յուրահատուկ ձև է, որի հիմնական խնդիրը լեռնագագաթներ բարձրանալն ու սուր զգացողություններ վերապրելն է։ Լեռնագնացությունը ծնունդ է առել Արևմտյան Եվրոպայում, 1786 թվականին, շվեյցարացի գիտնական Գ. Սոսյուրի նախաձեռնությամբ: Ձևավորման սկիզբը նշանավորվում է հենց այդ թվականից, քանի որ այդ ժամանակ հաղթահարվեց Ալպերի ամենաբարձր գագաթը՝ Մոնբլան լեռը (4810 մ):
Մոնբլանի համար պայքարը տևեց շուրջ 26 տարի: Գիտնական Սոսյուրն անգամ խոստացել էր դրամական պարգև նրան, ով ցույց կտար դեպի գագաթ տանող ուղին: Սոսյուրն՝ ինքը, 1785 թվականին փորձեց վերելք կատարել, սակայն նրա բոլոր փորձերն անհաջողությամբ էին ավարտվում: Արդեն 1786 թվականին որսորդ Ժակ Բալմայի մոտ ծնվեց գաղափար, որի շնորհիվ հենց ինքը կարող էր արժանանալ Սոսյուրի պարգևին: Նա գտավ համեմատաբար հեշտ ուղի և առաջարկեց բժիշկ Միշել Պակկարդին, որպեսզի համատեղ իրականացնեն վերելքը: Օգոստոսի 8-ին՝ հաղթահարելով բազում դժվարություններ, նրանք իրականացրեցին կանխորոշված վերելքը:
Դժվարություններն ահռելի էին: Պակկարդն ու Բալման գագաթ հասան ուժասպառ: Վայրէջքի ժամանակ Պակկարդը ստացավ ձնային կուրություն: Հաջորդ տարի՝ 1787 թվականի օգոստոսի 1-ին, Սոսյուրը և Բալման 18 ուղեկցորդների հետ սկսեցին վերելքը և 3-րդ օրն արդեն գագաթին էին: Այդ վերելքը մեծ արձագանք ստացավ ողջ Եվրոպայում և դեպի Ալպեր գրավեց հարյուրավոր արկածասերների:Հետագայում լեռնագնացության զարգացման համար մեծ խթան հանդիսացավ լեռնային ակումբների և ազգային կազմակերպությունների ստեղծումը:
Լեռնագնացության սկիզբը Հայաստանում
Հայաստանի պատմության մեջ գրանցված լեռան առաջին վերելքը եղել է 1829 թվականի հոկտեմբերի 9-ին, երբ առաջին անգամ Արարատի գագաթ բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը: Նրան ուղեկցում էին Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյանը, Մուրադ Պողոսյանը և երկու ռուս զինվորներ՝ Ալեկսեյ Զդոռովենկոն ու Մատվեյ Չալպանովը:
1829 թվականի մարտի 30-ին բնախույզ-աշխարհագրագետ Ֆ. Պարրոտն իր արշավախմբով գալիս է Հայաստան` նպատակ ունենալով ուսումնասիրել Արարատ լեռը: Սեպտեմբերի 8-ին նրանք ժամանում են Էջմիածին, որտեղ Պարրոտը ծանոթանում է Աբովյանի հետ: Աբովյանը միանում է արշավախմբին` որպես թարգմանիչ և ուղեկցորդ: Արշավը սկսվում է Արարատի ստորոտին գտնվող Ակոռի գյուղից: 2 անհաջող փորձից հետո՝ սեպտեմբերի 27-ին (նոր տոմարով հոկտեմբերի 9-ին), Պարրոտը, Աբովյանը և 4 ուղեկցորդներ հասնում են Արարատի գագաթ: Արարատի գագաթ առաջին վերելքի մասին առավել մանրամասն կարդացեք՝ «Առաջին վերելքն Արարատի գագաթ» հոդվածում:
Հետագայում՝ 1845 թվականի հուլիսի 29-ին, Արարատի գագաթ է բարձրացել գերմանացի երկրաբան Հ. Աբիխը՝ Հովհաննես Այվազյանի, Մուրադ Պողոսյանի և թարգմանիչ Պ. Շարոյանի ուղեկցությամբ: 1896 թվականի սեպտեմբերի 14-ին Արարատի վերելքը հաղթահարել է նաև Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր՝ Ի. Աբելյանը:
Հայկական լեռնագնացության զարգացումը
Հայկական լեռնագնացության նոր ալիքի ձևավորման սկիզբը համարվում է նախորդ դարի 30-ական թվականները: 1935 թվականին Վահրամ Դարյանի ղեկավարած 1000 հոգանոց խումբը բարձրացավ Արագածի հյուսիսային գագաթ (4090 մ): Իսկ 1950-ականներին լեռնագնացության խմբերում կար արդեն 1500 մարդ:
1950-1960-ական թվականներին ԽՍՀՄ հայտնի սպորտի մասնագետներ՝ Վանո Գալուստովը, Սերգեյ Հարությունովը, Ալբերտ Հակոբյանը և Աղվան Չատինյանը պատվով ներկայացրել են հայկական լեռնագնացությունը: ԽՍՀՄ-ի տարիներին հայտնի լեռնագնաց Աղվան Չատինյանն այսօր 97 տարեկան է և չնայած իր տարիքին, նա շարունակում է ակտիվ կենսակերպ վարել:
Լեռնագնացության երկար սպասված վերածնունդը
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո լեռնագնացությունը Հայաստանում անկում ապրեց: Միայն 2000-ական թվականներին հայ լեռնագնացները սկսեցին բարձրանալ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս գտնվող լեռներ (Էլբրուս, Կազբեկ, Արարատ): Սակայն այդ տարիներին լեռնագնացային ակումբներ և դպրոցներ դեռևս չկային:
Լեռնագնացությունը Հայաստանում սկսեց արագ կերպով զարգանալ 2010 թվականից և ազդարարվեց ալպինիզմի վերածնունդը: Վերջին տարիների ընթացքում հայ լեռնագնացները հաղթահարել են բազմաթիվ գագաթներ, ինչպիսիք են Արարատը, Էլբրուսը, Դեմավենդը, Կազբեկը: Մասնակցել են միջազգային մրցաշարերի և անցկացրել մրցաշարեր Հայաստանում:
Այս հարցում իր մեծ նշանակությունն ունեցավ Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ստեղծումը, որը գործում է 2011 թվականից:
2011 թվականից ֆեդերացիայի անդամները սկսեցին առաջին վերելքները դեպի Դեմավենդ (5671 մ), Հեզար լեռ (4501 մ) և Կազբեկ (5034 մ): Իսկ ավելի ուշ, հայ լեռնագնացները մասնակցեցին Դեմավենդ լեռան միջազգային ձմեռային մրցաշարին և պատվով հասան գագաթ:
Լեռներին նվիրված օրեր
2003 թվականի դեկտեմբերի 11-ը նշվում է որպես լեռների միջազգային օր: Հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից: Օրվա կապակցությամբ աշխարհի տարբեր անկյուններում անցկացվում են տարատեսակ միջոցառումներ: Դրանց շնորհիվ ներկայացվում են լեռնային և ալպյան գոտիների բացառիկ նշանակությունն ու հնարավորությունները:
Իսկ Հայաստանում հոկտեմբերի 9-ին է նշվում Հայաստանի լեռների օրը: Ամսաթիվը կապված է 1829 թվականի հոկտեմբերի 9-ի հետ, երբ Խաչատուր Աբովյանը ոտք դրեց Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետի՝ Մասիսի գագաթին:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: