Ակոռի
Արաքսի մյուս ափին
Ակոռի գյուղը գտնվում է Արաքսի մյուս ափին: «Մյուս ափ» արտահայտությունն արդեն իսկ հուշում է, որ այն մերը չէ, սակայն այստեղ կարող ես միացնել ռադիոընդունիչը և քեզ զգալ ինչպես տանը, հայկական երաժշտություն լսել, հայկական հեռախոսակապով խոսել հարազատներիդ հետ: Թռչուններն ու ռադիոալիքները առանց սահմանապահների թույլտվության են ափից ափ թռչում: Մյուս ափով անցնելիս անզեն աչքով տեսնում ես Մեծամորի ատոմակայանը, Վաղարշապատը, Երևանը, Արտաշատը, բայց այստեղ հասնելու համար պետք է մի ամբողջ շրջապտույտ կատարես Հայաստան-Վրաստան-Թուրքիա երթուղով: Սահմանը կիսում է մեր մայր գետը երկու մասի՝ Արաքսի այս կողմի ու այն կողմի: Այս կողմում մենք ապրում ենք, այն կողմի հետ մեզ կապում են հիշողությունները: Այդ հիշողություններից մեկն Ակոռին է:
Ակոռիի պատմությունը
Ակոռին գտնվում է Մասիսի հյուսիս-արևելյան լանջին: Բնակավայրն առաջին անգամ հիշատակել է Ղազար Փարպեցին՝ 481-484 հայ-պարսկական պատերազմի կապակցությամբ: Ըստ ավանդության Նոյ նահապետն այստեղ ուռենի է տնկել:
Ակոռի գյուղի մոտ դարեր շարունակ գործել է Սուրբ Հակոբ վանքը, որտեղ Նոյան Տապանի փայտի մի կտոր էր պահվում: Վանքը հայտնի էր նաև այնտեղ բխող սրբազան աղբյուրով, որի ջուրը բուժիչ և հրաշագործ էր համարվում:
Հակոբ Մծբնացի հայրապետը, որի անունով էլ անվանակոչվել է վանքը, 4-րդ դարի եկեղեցական գործիչ էր և համարվում էր Մեծ Հայքում Քրիստոնեությունը քարոզողներից մեկը: Նա պատմությանը հայտնի առաջին մարդն է, ով փորձել է բարձրանալ Արարատ լեռը և գտնել առասպելական Նոյան տապանի մնացորդները։
Լեգենդի համաձայն՝ Սուրբ Հակոբը բազմաթիվ անգամներ փորձել է բարձրանալ Արարատի գագաթը՝ գտնելու Նոյան տապանը, որը թաղված է սառույցի հաստ շերտի տակ։ Նա բարձրանում էր լեռը, ննջում և արթնանում էր լեռան ստորոտում, որտեղից սկսել էր բարձրանալ։ Մի քանի անհաջող փորձերից հետո երազում Աստված նրան ասում է. «Այլևս մի փորձիր գտնել Տապանը։ Ես քեզ կտամ մի կտոր այն փայտից, որից Տապանը կառուցվել է»։ Երբ արթնանում է, ի զարմանս իրեն, կողքին գտնում է փայտը։ Սուրբ Հակոբը որոշում է վանք կառուցել այնտեղ, որտեղից գտել էր փայտը։
Ակոռի գյուղն ու Սուրբ Հակոբ վանքը ներկայումս գոյություն չունեն, նրանք հիմնահատակ ավերվել են 1840 թվականի կործանիչ երկրաշարժի ժամանակ: Այդ օրը ողջ գյուղը թաղվեց ժայռաբեկորների հաստ շերտի տակ, սակայն առեղծվածային կերպով կանգուն մնացին միայն գյուղի գերեզմանոցի խաչքարերը՝ որոնք մինչ հիմա էլ դեռ կան: Հայտնի է, որ 1840-ի աղետից առաջ Ակոռին բավականին մեծ գյուղ է եղել, ունեցել է 2200 բնակիչ, բնակչության գերակշռող մեծամասնությունը հայեր են կազմել:
Առաջին վերելքն Արարատի գագաթ (կարդալ)
1829 թվականին գերմանացի երկրաբան ու ճանապարհորդ Ֆրիդրիխ Պարրոտը Խաչատուր Աբովյանի հետ բարձրանում է Արարատ լեռան գագաթը և հետագայում իր հուշագրությունում նկարագրում է Ակոռի գյուղը որպես ծաղկուն, հարմարավետ և հյուրընկալ մի բնակավայր: Ի դեպ, Արարատ բարձրանալու իր արշավախմբի հենակետային ճամբարը Ֆրիդրիխ Պարրոտը տեղակայել էր հենց Սուրբ Հակոբ վանքում: Հետագայում, արդեն երկրաշարժից կործանված Ակոռիից ոչ հեռու վերաշինվում է Նոր Ակոռի գյուղը, որը 19-րդ դարի վերջին ուներ մոտ 50 տուն, եկեղեցի և ամրոցաձև պահակատուն։ Այժմ այս տեղանքում գտնվում է Յենիդողան քրդաբնակ փոքր գյուղը:
Մեր այցելությունը Ակոռի
Մեր արշավի վերջին օրը ուղևորվեցինք Ակոռի: Պտույտ էինք կատարել Վանա լճի շուրջ և բարձրացել Սիփան և Նեմրութ լեռները: Թեքվելով Իգդիր քաղաքից դեպի արևելք սկսեցինք մոտենալ Երևանին: Ճանապարհին կանգ առանք մեր ընկերներից մեկի պապական գյուղում: Գյուղի մուտքի մոտ ռազմաբազա էր տեղակայված, փաստորեն գյուղի ելումուտը կատարվում էր թույլտվությամբ: Գյուղ մտնելու համար պետք է բացվեր ուղեփակոցը: Մեզ համար խորթ տեսարան էր, ոչ մի տեղ նման բան չէինք տեսել: Այն պահին երբ մոտենում էինք ուղեփակոցին գյուղից մեքենա էր դուրս գալիս և ուղեփակոցը բաց էր: Մենք առանց կանգնելու մտանք տարածք: Գյուղում պտույտ անելուց հետո վերադարձանք նույն տեղը, որպեսզի շարունակենք ճանապարհը: Մեզ արդեն սպասում էին զինված ոստիկանները: Ստուգեցին փաստաթղթերը և համոզվելով, որ վտանգ չենք ներկայացնում՝ բաց թողեցին: Մի քանիսը թուրքերենով հարցնում էին՝ արդյոք եկեղեցի չենք փնտրում իրենց գյուղում, քիլիսե բառից պարզ էր դառնում հարցի էությունը:
Այսքան մոտ ու այդքան հեռու
Շարունակեցինք ճանապարհը մայր Արաքսի կողքով: Նայելով Հայաստանին բոլորիս մոտ նույն միտքն էր. «այսքան մոտ ու այդքան հեռու»: Ճանապարհը թեքվեց դեպի Մասիս լեռ: Արաքսի մեր ափից Մասիսին կարող ես մոտենալ այնքան, ինչքան թույլատրված է՝ մինչև Արաքսի ձախ ափ, իսկ այստեղ լեռանը կարող ես մոտենալ այնքան, որքան կարող ես: Թվում էր շուտով կմտնենք Մասիսի մեջ, մենք արդեն իսկ Մասիսի լանջին էինք ու, փաստորեն, գնալով «բարձրանում էինք» լեռը: Հասանք Ակոռիի գերեզմանատանը, որը երբեմնի բնակավայրի խոսուն վկան է: Մասիսի տեսարանն ավելի տպավորիչ էր հայկական խաչքարերի ներքո: Ագահաբար սկսեցինք լուսանկարել: Նույնիսկ չէինք հասցրել վայելել այդ տեսարանը, մտորել, զգալ որտեղ ենք գտնվում, երբ երկնքից մեզ մոտեցավ անօդաչու թռչող սարքը և սկսեց «քշել» այդ տարածքից: ԱԹՍ-ն մոտեցավ և մանրամասն զննեց մեր մեքենան, հետո վերադարձավ ու շարունակեց մեզ «քշել» դեպի մեքենան: Թուրք ոստիկանները հավանաբար ալարել էին դուրս գալ իրենց ծառայության վայրից և ԱԹՍ-ի միջոցով մեզ հասկացրին, որ պետք է լքել տարածքը: Ընդիմանալն անիմաստ էր: Ստիպված հեռացանք, մեզ հետ տանելով վերջին պահին արված և՛ս մի քանի լուսանկար:
Տեքստը՝ Տիգրան Վարագի
Լուսանկարները՝ Էդուարդ Ստեփանյանի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Վարագի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում