Ախթալայի ամրոց / Պղնձահանք
Ամրոցի տեղադիրքն ու պատմությունը
Ախթալայի ամրոցը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ Երևանից 185 կմ հյուսիս: Տեղակայված է խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա և բացառիկ տեղ է զբաղեցնում հայ միջնադարյան մշակույթում: Այն հայ քաղքեդոնական (ուղղափառ) ճարտարապետության և կերպարվեստի արժեքավոր նմուշներից է: Կառուցվել է 10-րդ դարում Կյուրիկյան Բագրատունիների տիրապետության օրոք: Ամրոցը հայտնի է եղել նաև Պղնձահանք անունով։ Հետագայում ամրոցը անցել է Զաքարյան իշխանական տան տիրույթին։ Ամրոցի տարածքում է գտնվում նաև համանուն՝ Պղնձահանք վանքը, որը հետագայում հայտնի դարձավ որպես Ախթալայի վանք՝ բաղկացած երեք եկեղեցուց։
Ճարտարապետական առանձնահատկություններ
Ամրոցը հյուսիսային կողմից ամրացված է բարձրաբերձ բրգավոր պարիսպներով: Պատերը շարված են բազալտի խոշոր, սեպաձև քարերով՝ կապակցված ամուր կրաշաղախով: Գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակներ:
Ամրոցի ներսում է գտնվում Ախթալայի վանքը՝ բաղկացած երեք եկեղեցուց, զանգակատնից, սրահից և քարաշեն կացարաններից: Վանքի գլխավոր եկեղեցին Ս. Աստվածածինն է (XIII դ), որը ուղղանկյուն հատակագծով խաչաձև գմբեթավոր կառույց է: Պատերը ներսից ծածկված են Հին ու Նոր Կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ որմնանկարներով:
Ախթալայի ամրոցը Հայաստանի տարածքում համեմատաբար լավ պահպանվածներից է, որին բնորոշ է հայկական ճարտարապետության առանցքային տարրերից մեկը՝ կառույցի և բնական միջավայրի ներդաշնակության սկզբունքի կիրառումը: Ամրոցը, երեք կողմից շրջապատված լինելով ուղղաձիգ ժայռեղեն ձորերով, ունի բնական պաշտպանվածություն: Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է: Այն ունի հյուսիսից հարավ ձգվող թաղակապ սրահ, որի վերնամասում կառուցված են եղել պահակային և պաշտպանական նշանակության սենյակներ: Հատկապես տպավորիչ է մուտքի արևելյան կողմի հզոր աշտարակը: Մինչև հուշարձանի վերանորոգումը այն կիսով չափ փլված վիճակում է եղել:
Այս աշտարակը կազմված է հինգ հարկից, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը ներքևից վերև, աստիճանաբար, պակասել է: Առաջին հարկը գետնափոր է, մնացած չորս հարկերը ներքուստ կամարակամ են: Ամրոցի բերդապարիսպները և աշտարակները շարված են կապտավուն կոպտատաշ բազալտի շաղախված կրաբետոնով:
Հստակ է, որ XIII դարասկզբին Ախթալայի Սբ. Աստվածածին վանքն արդեն հայտնի և հեղինակավոր է եղել: Մի որոշ ժամանակ այստեղ է պահվել այնպիսի նշանավոր սրբություն, ինչպիսին Աստվածընկալ Սուրբ Խաչն է, որով ավանդության համաձայն, Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուսին: Այդ մասունքը Իվանե Զաքարյանը նվեր էր ստացել նշանավոր Պռոշ իշխանի հայր Վասակից, իսկ 1216 թվականին բավական մեծ վճարի դիմաց հանձնել է Նորավանքին:
Ֆրանսիացի հնագետ, ազգագրագետ և պատմաբան Ժակ դը Մորգանը, ոբ 19-րդ դարում եղել է Ախթալայի պղնձահանքերի տնօրենը, Ախթալայի բերդում իրականացրել է պեղումներ և հայտնաբերել է հնություններ, այդ թվում հայտնաբերել է ռազմական սակը (մ.թ.ա. 6000 թթ.): Այժմ այն պահպանվում է Փարիզում։
Ախթալայի վանք. պատմական ակնարկ
Ախթալայի վանական համալիրը (նաև Պղնձահանք), 10-րդ դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր է, տեղակայված է Լոռու մարզի Ախթալա գյուղում։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։
Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացել է 1241 թվականին և նրա դին ամփոփվել է Պղնձահանքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (ուղղափառ) եկեղեցի։ Դարձնելով ուղղափառ եկեղեցի, ուղղափառություն ընդունած Իվանե Զաքարյանը այն վերակառուցել և անվանել է Ախթալա։
Ավանդազրույցներից մեկի համաձայն` Նյու Յորքի Ազատության արձանը ֆրանսիացիները ձուլել են Ախթալայի պղնձից: Ախթալայում է պահվել նաև քրիստոնեական նշանավոր սրբություն համարվող Աստվածընկալ Սուրբ Խաչը:
Ախթալայի վանական համալիրում է Սերգեյ Փարաջանովը նկարահանել «Նռան գույնը» ֆիլմի որոշ տեսարաններ։
Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր՝ սեպտեմբերի 20-21:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բերդեր և ամրոցներ