Աղջոց վանք անունը կրող միջնադարյան վանական համալիրը գտնվում է Արարատի մարզի՝ Խոսրովի պետական արգելոցում: Այն տեղակայված է Գառնիից դեպի արևելք՝ Գեղամա լեռներից դեպի Ազատի գետն իջնող ձորակում:
Ավանդություն
Ավանդության համաձայն, Աղջոց վանքի կառուցումը եղել է Գ. Լուսավորչի մտահղացումն ու կյանքի է կոչվել նրա նախաձեռնությամբ: Աղջոց վանքը բազմիցս հիշատակվում է Հայսմավուրքներում՝ ծիսամատյաններում, ուր հավաքագրվում և ներկայացվում էին սրբերի կյանքն ու նահատակությունը:
Գրիգոր Խլաթեցու հեղինակած Հայսմավուրքում ներկայացվում է, թե երեք քահանաներ, ովքեր դարձել էին փախստական, գալիս են Գառնի: Նրանցից մեկը՝ Ստեփանոս քահանան, անցնում է Գառնիի լեռները և, այնտեղ, մեզ անհայտ պատճառներով, մահանում: Մյուս քահանան՝ Գրիգորը, այդտեղ կառուցում է վանք՝ ի հիշատակ քահանա Ստեփանոսի, և ըստ ավանդության, այդ օրվանից ի վեր վանքը կոչում են Աղջոց: Վանքը հայտնի է եղել նաև «Սբ. Ստեփանոս Աղջոց վանք», «Սբ. Ստեփանոս Սբ. Գրիգոր վանք» անուններով:
Քանզի հայերի մեջ տարածված է եղել սրբերի անուններով եկեղեցիների կառուցումը, չի բացառվում նաև, որ 4-րդ դարում Ստեփանոս քահանայի մասունքները երկար ժամանակ ամփոփված են եղել Աղջոց վանք համալիրում:
Պատմություն
Ավանդության համաձայն ստացվում է, որ Աղջոց վանքը կառուցվել է 4-րդ դարում, սակայն հասկանալի է, որ այսօր մեզ հասած Աղջոց վանքը 13-րդ դարում վերակառուցված համալիրն է: Վարդան Արևելյցու հիշատակության համաձայն, Աղջոց վանք վանական համալիրում պահվել է Ստեփանոս քահանայի և Գրիգոր Լուսավորչի որդու՝ Արստակեսի, Սուրբ աջերը:
13-րդ դարից մինչ 18-րդ դարը Աղջոց վանք վանական համալիրի մասին հիշատակություններ այլևս չկան, պատմիչները լռում են վանքի մասին: Արդեն 18-րդ դարում Միքայել Չամչյանն անդրադառնում է վանքին՝ հիշատակելով վերոնշյալ ավանդության մասին:
19-րդ դարում Սարգիս Ջալալյանցը գրում է, որ 17-րդ դարում Աղջոց վանքն ու Գեղարդը վնասվում են երկրաշարժից: Երկրաշարժից տուժել է հատկապես Աղջոց վանքի գավիթը և Պողոս-Պետրոս մատուռի ծածկը:
Ուսումնասիրություններ
Վանքն առաջին անգամ ուսումնասիրվել է Ցարական կայսրության ժամանակ: 1907-1908թթ. Մոսկովյան կայսերական ընկերության առաջարկով վանքը չափագրել, լուսանկարել են Վ. Սիսոևը, Տ. Վարդանյանը և Խաչիկ Դադյանցը: Այնուհետև 1918թ., վանքի քանդակագործական արվեստին անդրադարձել է պրոֆեսոր Ստրժիգովսկին իր՝ «Հայոց շինարարական արվեստն ու Եվրոպան» աշխատությունում:
Վանքի մասին մեզ հասած ծավալուն պատմական, ճարտարապետական, հոգևոր նկարագրի մասին տեղեկությունները հիմնված են գիտնական և կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի ուսումնասիրությունների վրա: Նա առաջինն էր, ով նշեց վանքի վերակառուցման հստակ տարեթիվը՝ 1212թ.: Ըստ նրա, վանքի վերկառուցումն ավարտվել է 1217թ: Սակայն կառուցման տարեթվի մասին կան նաև այլ վարկածներ:
ճարտարապետություն
Աղջոց վանք Սբ. Ստեփանոս վանական համալիրը կազմված է գլխավոր Սբ. Ստեփանոս եկեղեցուց, գավթից և Պողոս-Պետրոս մատուռից: Ամբողջ վանական համալիրը կառուցված է բազալտե սալիկներից և խճկարային միջուկից: Ներկայումս վանական համալիրից մնացել են միայն ավերակներ: Սակայն մինչ օրս կարելի է նկատել, որ վանական համալիրը զարդարված է եղել բազմաթիվ պատկերաքանդակներով՝ բուսական, կենդանական պատկերներով: Համալիրի բոլոր կառույցներն ունեցել են ներքին և արտաքին, որոշ հատվածներում զուսպ, սակայն հիմնականում խիտ զարդարանք:
Սբ. Ստեփանոս եկեղեցի
Եկեղեցին արտաքինից ունի ուղղանկյուն տեսք, իսկ հատակագիծը՝ ներգծած խաչի: Եկեղեցու չորս անկյուններոմ եղել են մեկական սենյակներ, որոնք, ամենայն հավանականությամբ, ծառայել են որպես ավանդատներ: Եկեղեցու բեմը կազմված է եղել տասնվեց նախշազարդ սալիկներից, որոնց վրա՝ ութանկյուն աստղերի մեջ քանդակված են թռչուններ, վարդյակներ:
Պողոս-Պետրոս մատուռ
Մատուռը գտնվում է Սբ. Ստեփանոս եկեղեցու հյուսիսային հատվածում: Վանական համալիրի կառույցներից մատուռն ամենավատն է պահպանվել: Նկատելի են միայն պատերի ավերակները 1-1,5 մ բարձրությամբ:
Անվան հետ կապված՝ մատուռի հյուսիսային մուտքի մոտ գտնվում են Պողոս և Պետրոս առաքյալների հարթաքանդակները: Հյուսիսային մուտքը երկու կողմերից զարդարված է պատերում ագուցված խաչքարերով: Մյուս՝ աբսիդից բացվող մուտքը, ի տարբերություն, հյուսիսային մուտքի, զուրկ է զարդարանքից:
Գավիթ
Գավիթը կառուցվել է Սբ. Ստեփանոս եկեղեցուց մոտավորապես մեկ ու կես տասնամյակ հետո: Ըստ Գ. Հովսեփյանի, գավթի կառուցումը սկսվել է 1222թ.-ից ոչ շուտ և ավարտվել 10-12 տարի հետո՝ 1234թ.:
Գավիթը տեղակայված է եկեղեցու արևմտյան հատվածում: Հատակագիծը ուղղանկյուն է՝ նախկինում ունենալով երկու մուտք՝ հյուսիսային և արևտմյան կողմերից: Արևմտյան մուտքը բացվում էր դեպի ժայռի եզրը, որտեղից երևում էին մոտակա հովիտն ու շրջակա լեռները: Հյուսիսային կողմի մուտքի մասին է վկայում կիսով չափ կանգուն կամարը: Գավթից պահպանվել են միայն հարավային և հյուսիսային պատերը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: