info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Աղջկա բերդ / Տավուշ

Աղջկա բերդ

Աղջկա բերդ

Աղջկա բերդը գտնվում է Տավուշի մարզի Իջևան քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Աղստև գետի հովտում՝ անտառապատ սարի գագաթին: Այն եղել է խոշոր ռազմական կառույց՝ բոլոր կողմերից եզերված լինելով բարձր ժայռերով: Միաժամանակ այն պաշտպանված է արհեստական, բրգավոր պարիսպներով:
Զարգացած միջնադարում բերդը, ինչպես և ամբողջ գավառը, կոչվել է Կայեն: Կայեն ամրոցը եղել է բավական անառիկ մի կառույց` հանդիսանալով գավառի իշխանների նստավայրը:

Կառուցվածքային առանձնահատկություններ

Ամրոցի բոլոր շինությունները, ինչպես և պարիսպները կառուցված են կապտավուն բազալտից, ամուր կրաշաղախով։ Այս ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, քանի որ լավ է պահպանվել նրա ամբողջականությունը։

Աղջկա բերդ

Բերդամիջում պահպանվել են տարբեր շինությունների մնացորդներ, որոնցից ամենաակնառուն խաչաձև, քառախորան հորինվածքով, 10-11-րդ դարի կիսավեր եկեղեցին է, որը իր կառուցվածքային առանձնահատկություններով հայ առաքելական եկեղեցի է հիշեցնում: Պահպանվել է նաև զորանոցի նշանակության մեկ երկար շինություն, տնտեսական նշանակության այլ սենյակներ, բնակելի շինություններ: Մուտքի ներսում պահպանվել է փոքրիկ պահակատուն։

Աղջկա բերդ

Ամրոցի տարածքում ավերված բնակարաններից բացի, կան նաև երկու ջրամբարներ: Մի ջրամբարից ջուրը թրծված կավե խողովակով նախ լցվել է մի փոքրիկ ավազանի մեջ, իսկ այնտեղից մեկ այլ խողովակով թափվել մեծ ջրամբարը։

Ավանդություններ

Հայաստանում կնոջը «պատկանող» միակ ամրոցի անվան հետ կապված այսօր տարածվել են մի շարք ավանդություններ: Ավանդույթներից մեկի համաձայն՝ ասում են, թե Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղ մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում է իր զինվորներին, որ աղջկան բերեն իր մոտ։ Երեք զինվորներ գալիս և առևանգում են աղջկան։ Մի հովիվ տեսնելով այդ ամենը, հետևում է նրանց և գիշերը, երբ զինվորները քնում են, հովիվը սպանում է նրանց և աղջկան նորից ետ բերում ամրոց։ Լենկ Թեմուրը իմանալով լուրը, զայրացած հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և նոր միայն կարողանում հաղթել հայերին։ Տեսնելով այդ ամենը, աղջիկը պարսպից գետն է նետում իրեն։ Դրանից հետո բերդը անվանակոչվում է Աղջկա Բերդ:

Աղջկա բերդ

Ըստ մեկ այլ ավանդության մի գեղեցկուհի երիտասարդ իշխանուհի է եղել։ Շատ իշխաններ են ցանկացել ամուսնանալ նրա հետ, սակայն բոլորը մերժվել են։ Իշխանները որոշել են ուժի դիմել, բայց հերոսուհի իշխանուհին հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, զորք է կազմել՝ կառուցել ամրոց և պատսպարվել այնտեղ։ Սակայն առավել զորեղ և համարձակ իշխանները շարունակել են հետամուտ լինել։ Աղջկա համառությունն ու քաջագործություններն ավելի ու ավելի են բոցավառել իշխան Մանթաշի սերը և նա աղջկա բերդի դիմաց կառուցում է Մանթաշաբերդը, որտեղից  հաճախակի հարձակումներ է գործել Աղջկա բերդի վրա։ Սակայն դրանք բոլորն էլ անհաջողությամբ են վերջանում:

Աղջկա բերդ

Ավանդությունն ասում է, թե վերջապես մի անգամ աղջիկը զորքը տալիս է իր զորավարին և ուղարկում Մանթաշաբերդի վրա։ Այդ կռվին թեև իշխանուհին չի մասնակցում, սակայն հաղթանակ է տանում։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են, որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության, Աղստև գետի ափին կառուցում են բաղնիք, որը հանդիսանում է նրանց ժամադրության վայրը։ Ասում են, որ նրանք երկու ժայռերի գագաթներին նշաններով խոսում էին իրար հետ։ Մինչ օրս էլ պահպանվել են այդ բաղնիքի մնացորդները։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ