Արշակունիների Աղձքի դամբարան-գերեզմանատունը 4-րդ դարի կառույց է և գտնվում է Արագածոտնի մարզում՝ Աշտարակի շրջանի Աղձք գյուղում: Չնայած այն ընդունված է անվանել դամբարան, ինչը հեթանոսությանը բնորոշ տերմին է, սակայն այնտեղ են ամփոփված նաև քրիստոնյա Արշակունիները: Այս հանգամանքը կարևոր է, քանի որ այն ուղղակիորեն անդրադարձել և իր ազդեցությունն է ունեցել դամբարան-գերեզմանատան ճարտարապետական և հորինվածքային լուծումների վրա:
Պատմական ակնարկ
Պատմիչ Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ շատ հանգամանալիորեն ներկայացրել է Արշակունիների գահակալման ընթացքը՝ հատկապես 4-րդ դարի ներքին և արտաքին աշխարհաքաղաքական իրավիճակը` Արշակ Երկրորդի (350-368թթ.), Պապ թագավորի (370-374թթ.) գահակալման տարիները, հայ-պարսկական հարաբերությունները:
Փ. Բուզանդն անդրադառնալով հայ-պարսկական պատերազմին (364-368թթ.) նշում է, որ Սասանյան շահնշահ Շապուհ Բ-ն 364թ. գրավում է հեթանոսական սրբատեղի Անի-Կամախը, իսկ ավելի ուշ՝ նենգորեն սպանում Արշակ Բ-ին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին:
Անի-Կամախ. արքայական դամբարան
Անի-Կամախը եղել է հայտնի ամրոց և սրբատեղի՝ տարբեր ժամանակահատվածներում ունենալով իր ուրույն տեղն ու նշանակությունը: Մ.թ.ա․ 4-1-ին դարերում եղել է Փոքր Հայքի կենտրոնը, ապա հեթանոս հայերի՝ Արամազդ աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը: Լինելով նման հզոր, լայն ճանաչում ունեցող կենտրոն, այն նշանավոր էր նաև արքայական դամբարանով, ուր 4-1-ին դարերում կատարվում էին արքայական նախնիների պաշտամունքային ծեսեր:
Անշուշտ ոչ այնքան հետաքրքրական է, որ Շապուհ Բ-ն գրավել է Անի-Կամախը, որքան այն հանգամանքը, որ ամրոցն ավերելուց, ոչնչացնելուց հետո նա հրաման է տվել դամբարանից հանել թաղված Արշակունի թագավորների աճյունները և նպատակ ունեցել դրանք ամփոփել Պարսկաստանում: Բանն այն էր, որ հեթանոս պարսիկները հավատում էին, որ արքաների ոսկորներն օժտված են անբացատրելի հզորությամբ, և Պարսկաստանում լինելու դեպքում, այդ արքաների փառքն ու ուժը կփոխանցվեր իրենց և կնպաստեր Պարսկաստանի բարգավաճմանը:
Չնայած Սասանյան Պարսկաստանն այդ ժամանակաշրջանում ապրում էր իր պատմության վերածնունդը, սակայն նրանց չի հաջողվում իրագործել իրենց մտահղացումը, քանի որ Վասակ Մամիկոնյանն Այրարատ նահանգում մղած պայքարի ժամանակ հաղթում է պարսիկներին և հաջողում խլել թագավորների մասունքները՝ ամփոփելով դրանք Աղձք գյուղում:
Կա մի վարկած, ըստ որի, քրիստոնյա հոգևորականությունը դեմ է եղել Սուրբ Վաղարշապատում ամփոփել հեթանոս արքաների աճյունները: Ինչի արդյունքում Աղձքում կառուցում են հատուկ դամբարան և Արշակունիների մասունքներն ամփոփում այնտեղ: Հնագետ Հակոբ Սիմոնյանը նշում է, որ Աղձքում պեղումների ընթացքում հայտնաբերված եկեղեցին կառուցված է եղել մինչ Արշակունիների դամբարան դառնալը:
Արշակունիների դամբարան
Արշակունիների Աղձքի դամբարան-գերեզմանատունը վաղմիջնադարյան համալիր է՝ բաղկացած դամբարանից, նրան հյուսիսից հարող եռանավ բազիլիկ եկեղեցուց և հարավային կողմում բացված երեք հուշասյուներից: Դամբարանն արժանացել է մի քանի խմբերի ուսումնասիրություններին: Առաջին անգամ պեղումներ կատարվել են 1973-1974թթ., պեղումների երկրորդ փուլը տեղի է ունեցել 2001թ-ին, իսկ երրորդ փուլը՝ 2015-2018թթ.:
Աղձքի արքայական դամբարանը, որպես միջնադարի հնագույն կառույց, ժամանակին իր վրա է բևեռել մի շարք նշանավոր հայագետների` Թ. Թորամանյանի, Ն. Տոկարսկու, Բ. Առաքելյանի, Ա. Սահինյանի, Մ. Հասրաթյանի և այլոց ուշադրությունը: Սակայն բազմաթիվ հարցեր դեռևս չեն ստացել իրենց մեկնաբանությունը, իսկ նույն խնդրի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ:
Պեղումների արդյունքները
1973-1974թթ. պեղումների ժամանակ բացվել են դամբարանի վերգետնյա մասի 5 աստիճաններից բաղկացած հատվածը, արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդները։ Ենթարվում է, որ դամբարանը եղել է երկհարկանի՝ կազմված տապանատնից և վերնահարկից:
Արշակունիների Աղձքի դամբարան-գերեզմանատան 2015-2018թթ. պեղումների ժամանակ հայտնաբերվել են 3 աճյունատուփեր՝ լի մարդկային ոսկորներով: Սնդուկներից մեկի վրա խաչ է պատկերված, որը վկայում է քրիստոնեական ժամանակաշրջանում կատարված թաղման մասին: Ոսկորների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք պատկանում են տարբեր սեռերի և տարիքի մարդկանց: Բացի այդ, հայտնաբերված որոշ ոսկորներ այրված էին, որը բնորոշ է եղել մինչքրիստոնեական ժամանակաշրջանին, երբ թագավորների մարմինները դիակիզում էին։ Հնագետի պնդմամբ, ուսումնասիրությունների բոլոր արդյունքները փաստում են մասունքների արքայական ծագման մասին:
Մասնագետները վստահեցնում են, որ դրանք պատկանում են արքայական տոհմերից Արշակունիներին, Արտաշեսյաններին և Երվանդունիներին: Այդ մասունքները գտնվել են վաղ միջնադարյան կիսավեր եկեղեցու պեղումների ժամանակ: Արքայական տոհմերի մասունքներն ամփոփված են եղել եկեղեցու սալահատակի տակ՝ տուֆակերտ աճյունատուփերի մեջ:
Հնագետ Հ. Սիմոնյանը վստահեցնում է, որ եկեղեցին կառուցվել է մինչ 4-րդ դարը՝ հիմնավորելով, որ արքայական մասունքները չէին կարող ամփոփել հասարակ մի վայրում: Եթե հնագետը չի սխալվում, ապա ստացվում է, որ քրիստոնեության ընդունումից ՝ 301թ-ից մինչև 364թ. ընկած ժամանակահատվածում, հայկական քրիստոնեական եկեղեցաշինությունն արդեն սկսել էր ձևավորվել և զարգանալ: Սակայն կա նաև մեկ այլ կարծիք, ըստ որի, վերոնշյալ եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, ապա վերանորոգվել 19-րդ դարում:
Տապանաքարեր
Արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը նշում է, որ Արշակունիների Աղձքի դամբարանի պեղումների ընթացքում հայտնաբերվել են հայերեն արձանագրություններով վաղ միջնադարյան տապանաքարեր: «Տապանաքարերի դեպքում ամենակարևորն այն է, որ դրանք արձանագիր են: Մեր վաղագույն վկայությունը վերաբերում է 8-րդ դարին, իսկ այստեղ արդեն 5-րդ դարի արձանագրություններ են»:
Հնագետը նշում է, որ թե՛ գիտական, թե՛ պատմական տեսանկյունից բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում 200-ի հասնող հարթաքանդակներով աղյուսները, որոնք եզակի են ամբողջ Առաջավոր Ասիայում։ Դրանք պատկերում են արքայական իշխանության խորհրդանիշներ՝ թագակիր արծիվներ, առյուծներ, ցլեր, եղնիկներ, խոյեր, որոնք վաղ միջնադարյան հայ արվեստի բացառիկ նմուշներ են:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին