Աղավանավանք փոքր վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում՝ Աղավնավանք գյուղում: Տեղակայված է Աղնաբաթ անտառամասում՝ շրջապատված լինելով կենի (կամրմրածառ) ծառատեսակով:
Աղավնավանք գյուղ
Վանական համալիրի՝ Աղավնավանք անվան ծագումն անհայտ է, քանի որ չկան տեղեկություններ: Անհայտ է նաև՝ գյուղն են կոչել վանքի անունով, թե հակառակը: Բայց հարկ է նշել, որ եթե վանքը 12-13-րդ դարերի կառույց է, ապա գյուղը ձևավորվել և վերաբնակեցվել է 1950-ականներին: Ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ամենայն հավանականությամբ գյուղը կոչել են վանքի անունով: Սակայն վանքը հայտնի է եղել նաև Սբ. Աստվածածին Անապատ, Ախնաբաթ կամ Հախնաբաթ անուններով:
Ավանդազրույց
Վերոնշյալ Ախնաբաթ կամ Հախնաբաթ անունների հետ կապված կա մի ավանդազրույց, ըստ որի՝ լինում է մի շատ գեղեցիկ աղջիկ՝ Նաբաթ անունով: Տեղի իշխաններից մեկը անհույս սիրահարվում է Նաբաթին, և որպես իր սիրո խորհրդանիշ կառուցում մի վանք: Իշխանն ամենյան հավանականությմաբ մերժվելով և չկարողանալով ընդունել այդ փաստը, որոշում է ինքնասպան լինել՝ իր կյանքի վերջին վայրկյաններին գոռալով «Ա՜խ Նաբաթ»: Եվ ահա այդպես վանքը սկսում են կոչել Ախնաբաթ:
Աղավնավանք վանական համալիր
Աղավնավանքը փոքր վանական համալիր է, ինչի մասին վկայում են կառույցի շուրջ հայտնաբերված ոչ հոգևոր, սակայն վանքապատկան շինությունները: Դրանք հավանաբար ծառայել են որպես կացարան վանքի հոգևորականների համար և որպես տնտեսական կառույցներ: Վանական համալիրի՝ 12-13-րդ դարերի կառույց լինելու մասին են փաստում ավանդատների վրա պահպանված արձանագրությունները:
Աղավնավանքն ունի կենտրոնագմբեթ ճարտարապետական լուծում, որն ամբողջացվել է գմբեթի շարունակության՝ սրածայր վեղարի միջոցով: Եվ չնայած վանքի փոքր չափսերին, այն ունի նաև զույգ ավանդատներ: Կառուցվել է դեղնավուն և սրբատաշ քարերից: Վանքը գտնվում է կիսականգուն վիճակում և չի գործում, սակայն տեղ-տեղ կարելի է նկատել, որ վեղարն ու տանիքը ծածկված են եղել սալաքարերով:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: