Ագարակաձորի կամուրջ
Ագարակաձորի կամուրջը գտնվում է համանուն գյուղից 2,5 կմ արևմուտք։ Կամուրջը հայտնի է նաև մի քանի այլ՝ «Սուր կամուրջ», «Դադալի կամ Դադալուի կամուրջ» անուններով։ «Սուր կամուրջ» անվանումը առաջացել է կամրջի արտաքին տեսքից։ «Դադալ» անունը հանդիպում էր ուշ միջնադարում, թե՛ մահմեդականների, թե՛ հայերի շրջանում։ Հայերի մոտ «Դադալ» անվան առկայության մասին է վկայում նաև մինչ այսօր գործածվող Դադալյան ազգանունը։
Պատմություն
Չնայած աղբյուրները չեն հաղորդում կամրջի հիմնադրման վերաբերյալ տվյալներ, սակայն պատմագիտական և հնագիտական ավանդության մեջ ամուր համոզմունք կա, որ այն կառուցվել է 13-րդ դարում, այլ ոչ թե 12-րդ դարում։ Կամուրջը կառուցվել է Օրբելյանների կողմից, որոնց կալվածքն է պատմականորեն եղել Ագարակաձորը։ Կամուրջը Եղեգնաձորի և Ագարակաձորի բնակիչների համար ընդհուպ մինչև 1970-ական թվականները Արփան անցնելու թերևս ամենակարճ միջոցն է եղել։
Կամուրջը տարբեր ժամանակներում վերանորոգման է ենթարկվել, ինչի մասին վկայում են պատերի շարվածքում և այլ մասերում տարբեր չափերի և բազմազան տեսակի քարերի օգտագործումը։ Խորհրդային ժամանակաշրջանում կամուրջը վերանորոգել են երկու անգամ՝ 1957 և 1970 թվականներին։ Միայն 1985-1986 թվականներին իրականացված ամրակայման աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ պահպանել կամրջի ներկայիս տեսքը պայմանով, որ այն այլևս նախատեսված չէր լինելու տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար։
2020 թվականի նոյեմբերի 30-ից շրջանառության մեջ են դրվել 3 նամականիշ՝ նվիրված Հայաստանի պատմամշակութային հուշարձանների թեմային։ Նամականիշների վրա պատկերված են վերականգման ենթակա 3 պատմամշակութային հուշարձաններ՝ Վայոց Ձորի մարզում գտնվող Ագարակաձորի կամուրջը և Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարը, Մարմաշենի վանքը։
Ագարակաձոր գյուղ
Ագարակաձոր գյուղը գտնվում է Եղեգնաձոր քաղաքից 3 կմ հարավ, ծովի մակարդակից շուրջ 1100 մ բարձրության վրա։ Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին, թեպետ հիշատակվում է նաև 12-13-րդ դարերում և նախկինում ունեցել է Այար, Ագյար անվանումները։ Ագարակաձոր է վերանվանվել 1946 թվականին։ Ագարակաձորի բնակչությունը, ըստ տվյալների ներգաղթել է 1826 – 1828 թվականներին ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո Պարսկաստանի Խոյ, Սալմաստ գավառներից, ինչպես նաև Մակուից։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: