Պատերազմից հետո հաճախ են հարցնում, թե նոր սահմանային իրավիճակն ինչպես է անդրադարձել Հայաստանի տուրիզմի վրա։ Աղետալի կորստից հետո դժվար էր խոսել զբոսաշրջային կորուստներից, քանի որ մենք կորցրեցինք շատ ավելին։ Այնուամենայնիվ, փորձել եմ անդրադառնալ զբոսաշրջային կորուստներին, որպեսզի հետաքրքրվողներին պարզ դառնա ներկա իրավիճակը։
Կանդրադառնամ միայն ներքին ու ներգնա արկածային տուրիզմին։ Ստիպված եմ այսուհետ առանձնացնել ՀՀ-ն ու Արցախը, քանի որ ինքնախաբեություն կլնի պատերազմից հետո դիտարկել ՀՀ-Արցախ զբոսաշրջությունը, որպես մեկ միավոր։
Փորձենք մի պահ մոռանալ համավարակով պայմանավորված զբոսաշրջային ճգնաժամը և դիտարկենք իրավիճակը բաց սահմաններով։
Ներգնա տուրիզմն Արցախում
Արցախում ներգնա տուրիզմի մասին այս պահին խոսք լինել չի կարող՝ մի պարզ պատճառով, որ ՀՀ և ՌԴ քաղաքացիներից բացի մյուսների համար մուտքն արգելված է, իսկ թույտվություն ստանալու համար պետք է դիմել ԱՀ ներկայացուցչություն, որն էլ իր հերթին պետք է դիմի ռուս խաղաղապահներին։ Հարցման պատասխանը տևում է մի քանի օր և մեծամասամբ մերժվում է։ Այլ իրավիճակ կարող է լինել եթե ՌԴ-ն Արցախի յուրացման քաղաքականություն սկսի վարել և իր քաղաքացիներին կոչ անի այցելել Արցախ։ Այդ ժամանակ միգուցե ստացվի Ղրիմի պատմության պես մի բան։ Երբ ռուսաստանցիներն իրենց լուման էին ներդնում Ղրիմի զարգացման հարցում և այցելում էին տեսնելու իրենց կայսրությանն ավելացված տարածքները։ Բայց դրա մասին խոսելը դեռ շատ շուտ է, մանավանդ, որ գուցե ՌԴ-ն նման պլաններ չունի։
ՀՀ ներգնա արշավային տուրիզմը
Հիմա տեսնենք ինչ փոփոխություններ են եղել ՀՀ ներգնա արշավային տուրիզմում։ Հայաստանի Հանրապետությունում էական փոփոխություններ կարելի է ասել չկան։ ՀՀ-ն այն երկիրը չէ, որտեղ զբոսաշրջիկները գալիս են ամեն տարի հանգստանալու։ Մեր երկիր այցելում են հիմնականում ճանաչողական նպատակով, միջինում անցկացնում են 7-10 օր։ Այն ինչ ունենք 7-10 օրում ցույց տալու համար մնացել է գրեթե անփոփոխ։ Չնայած նրան, որ օրինակ, Իշխանասարը շատ տեսարժան էր, միևնույն է, կարճ ժամանակով Հայաստանում գտնվող զբոսաշրջիկին ավելի գրավիչ էր առաջարկել բարձրանալ Արագած, Աժդահակ ու Խուստուփ, քան Իշխանասար, Սառցալի ու Ծարասար։
Ներգնա արշավային տուրիզմի ամենամեծ կորուստը Ուխտասարն էր։ Ներկա իրավիճակում կարծես թույտվությամբ հնարավոր է լինելու բարձրանալ Ծղուկի լճի մոտ ու տեսնել ժայռապատկերները, բայց սահմանն անցնում է բարձր սարերով (Ծղուկ, Թրասար) և լեռներ բարձրանալը վտանգավոր կլինի։ Հաշվի առնելով Հայաստանում թույլտվություն ստանալու բյուրոկրատական համակարգը, դժվար թե տուրիստական գործակալություններն իրենց փաթեթների մեջ ներառեն սահմանամերձ Ուխտասարը և շաբաթներով սպասեն պատասխանի։
Ներքին տուրիզմը Հայաստանում
Հիմա անցնենք գլխավորին՝ ՀՀ ներքին արշավային տուրիզմին։ Նոր սահմաններից ամենաշատը տուժել է ներքին տուրիզմը։ Հայաստանի զբոսաշրջային ոլորտն այժմ անցման փուլում է՝ պատմական հուշարձաններից դեպի բնության հուշարձաններ։ Գնալով ավելի է զարգանում արշավային տուրիզմը։ Այն մարդիկ, ովքեր արդեն բարձրացել են Հայաստանի հայտնի լեռները՝ Հատիս, Արա լեռ, Արտանիշ, Արագած, Աժդահակ, Խուստուփ, ուզում են նոր հորիզոններ բացել իրենց առաջ։ Հենց ամենաչուսումնասիրված երթուղիներն էլ ամենաշատն են գրավում տեղացիներին։ Մեր ամենաքիչ այցելող լեռները վերջին տարիներին շատ ակտիվ գովազդում էինք ու վրանային ճամբարներ կազմակերպում բարձրալեռնային գոտում, նպատակ ունենալով դարձնել գրավիչ տեղացիների համար։ Ցավոք այդ լեռներն այժմ դարձան սահմամամերձ, և ՀՀ-Ադրբեջան սահմանն անցնում է բարձր գագաթներով։
Կորցրած արշավային երթուղիները
Հիմա թվարկեմ հյուսիսից հարավ, թե որ երթուղիները կորցրեցին զարգանալու հնարավորությունը 44 օրյա պատերազմից հետո։ Վարդենիսից արևելք գտնվում է Վարդենիսի լեռնաշղթան, որն ունի 3000 մետրից բարձր գագաթներ։ Լեռնային տուրիզմով զբաղվողները գիտեն, թե ինչ առավելություն ունեն 3000-ից բարձր լեռները։ Այս բարձրության կլիման ու բնությունը յուրահատուկ են, դրանք չես հանդիպի ցածր լեռներում։ Ավելի հայտնի լեռներից են Կատարաժայռը, Մոխրասարը, Գոմքը, Ծարասարն ու Հարավային Ծարասարը։
Վարդենիսի լեռներից սահմանային դարձան Սանդուխտասարը, Փորակը, Դիվասարը։ Ալ լճերն ամբողջությամբ անցան Ադրբեջանին։
Զանգեզուրի լեռներում նույնպես սահմանն անցնում է բարձրալեռնային գոտով։ Ջերմուկի սարերից Սառցալին դարձավ սահմանային։ Սառցալիի ժայռապատկերները մեր կողմում են, որոնք հավանաբար հնարավոր կլինի տեսնել սահմանապահների հատուկ թույտվությամբ։
Սյունիքի բարձրավանդակը կիսվեց երկու մասի։ Այն հատկապես մեծ հետաքրքրություն էր ներկայացնում երկար քայլարշավների (trekking) սիրահարների համար։ Այլևս չենք կարող ազատ քայլել Թրասարով ու Ծղուկով ու վայելել նմանը չունեցող գույներով ու տեսարաններով։
Սյունիքի բարձրավանդակի մյուս հսկան Մեծ Իշխանասարն է։ Սահմանն անցնում է Մեծ Իշխանասար-Փոքր Իշխանասար գագաթներով։
Այլևս չենք կարող վրանային ճամբար իրականացնել Սև լճի ափին, քանի որ լճի շուրջ ստեղծված իրավիճակը դեռ հանգուցալուծված չէ։
Իշխանասարից ավելի հարավ ձգվող սահմանագծի վրա չունենք լեռնային երթուղիներ։
Այժմ անդրադառնանք ՀՀ-Արցախ ներքին տուրիզմին։ Արցախն այժմ կղզու պես բոլոր կողմերից շրջապատված է Ադրբեջանով։ Պատերազմից հետո ամենամեծ հարվածն էր ՀՀ-Արցախ ցամաքային կապի կորուստը։ Նախկինում դեպի Արցախ տանող մոտ 10 ճանապարհներից հիմնականում օգտագործվում էին երկու ասֆալտապատ ճանապարհները՝ Գորիս- Ստեփանակերտ և Վարդենիս-Դրմբոն։ Արցախի Շահումյանի և Քաշաթաղի շրջանների կորստով կորցրեցինք արկածային տուրիզմի ճյուղերից մեկը՝ արտաճանապարհային արշավները։
Արտաճանապարհային մեքենաներով (Off-road) Արցախ գնալը շատ հեռանկարային առաջարկ էր։ Վերջին տարիներին հաճախ էինք off-road արշավներ կազմակերպում դեպի Արցախի ամենաչբացահայտված անկյունները։ Օրինակ Ծռասար (3616 մ) բարձրանալու համար այլ տարբերակ չկար, բացի արտաճանապարհային մեքենաներից։
Ծռասարից բացի կորցրեցինք Արցախի լեռնաշղթայի բնական ու պատմական հուշարձաններով շրջապատված ամենագեղեցիկ լեռները՝ Մեծ Քիրսը, Տողասարը, Դիզափայտը, Ամուտեղը, Թովմասարը։
Արցախի լեռների գեղեցկուհին՝ Կուսանաց լեռը դարձավ սահմանային Արցախի Ասկերանի շրջանի և Ադրբեջանի Քելբաջարի շրջանի միջև։
Հեղինակ՝ Տիգրան Վարագ
Լուսանկարները՝ Սիփան Գրիգի, Անի Բաղդասարյանի, Հրաչուհի Այվազյանի, Հրաչ Արա-Իվանյանի, Տիգրան Վարագի, Անուշավան Գրիգորյանի, Աղասի Մարտիրոսյանի և Լուսինե Աղաբեկյանի
Առաջիկա արշավներ