Աչքասար լեռ
Ջավախքի լեռնավահան
Ջավախքի լեռնավահանը գտնվում է ՀՀ Լոռու, Շիրակի մարզերում և Վրաստանում: Սկսվում է Քարախաչի լեռնանցքից և միջօրեականի ուղղությամբ ձգվում է մինչև Վրաստանի՝ Դիքմադաշ լեռնանցքը: Երկարությունը՝ 65 կմ, ՀՀ-ում՝ 20 կմ: Ամենաբարձր կետը ՀՀ-ում Աչքասարն է (3196 մ), Վրաստանում՝ Եմլիկի լեռն է (3054 մ): Ջավախքի լեռներին անվանում են նաև Խոնավ լեռներ, Կանգառք, Մթին լեռներ:
Աչքասար հս-արլ. լանջից է սկիզբ առնում Տաշիր գետի աջ՝ Մթնաձոր վտակը, իսկ արևմտյան լանջին է գտնվում Յոթաղբյուրը: Աչքասարը լավային կոն է՝ կազմված անդեզիտացիդներից, լանջերը զառիթափ են ու ծածկված մերձալպյան բուսականությամբ, իսկ բարձրադիր մասերը՝ քարակառկառներով և ալպյան գորգերով:
Լեռնավահանը սկսվում է Թրիալեթի լեռների կենտրոնական հատվածից և ձգվելով միջօրեականի ուղղությամբ՝ հասնում է Քարախաչի լեռնանցք: Ունի հրաբխային ծագում:
Մթին լեռներ
Լեռնավահանը ծածկված է հրաբխային ապարներով: Շատ մասերում հանդիպում են քարային կուտակումներ, որոնք ցածրադիր լանջերում առաջացնում են քարե բլուրներ: Այդ քարային կուտակումներն առաջանում են հրաբխային ապարների հողմնահարման հետևանքով, որոնց հաճախ կոչում են «քարե ծովեր», որոնք ավելի շատ հանդիպում են արևմտյան լանջերին: Չնայած սրանց տարածմանը լեռները հարուստ են մարգագետնային բուսականությամբ, որոնց առաջացմանը նպաստում է կլիմայի խոնավությունը: Այդ պայմանններում լեռների ստորոտներում առաջացել են մեծ թվով լճեր, ճահճուտներ և աղբյուրներ: Հաճախակի մշուշային եղանակների պատճառով Ջավախքի լեռներին անվանում են Մթին լեռներ: Լեռների արևմտյան լանջերը կտրտված են ձորակներով, աղքատ են հոսքային ջրերից: Թափվող տեղումները և ձնհալքի ջրերը ներծծվում են երկրի խորքը և լանջերի փեշերի տարբեր շերտախմբերի տակից դուրս են գալիս երկրի մակերևույթ, որոնցից էլ ձևավորվում է գետային ցանցը: Լեռներից դեպի արևմուտք ձգվում են մի շարք լեռնաբազուկներ, որոնք տարածվում են դեպի Չըլդըրի լեռները, բայց չհասած նրան վերջանում են: Լեռնավահանի առանցքային գոտին ունի բեկյալ գծի տեսք:
Դեպի Աշոցքի սարավանդ իջնող լանջերը կարճ են ու զառիթափ, դեպի Լոռվա դաշտ իջնողները՝ երկար ու մեղմաթեք, մասնատված՝ Տաշիր և Ձորագետ գետակներով:
Պաղաղբյուր գյուղ
Մենք սկսեցինքն վերելքը Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի կողմից: Անցնելով գյուղը մեքենայով առաջացանք մոտ 10 կմ:
Թողնելով մեքենան դաշտում սկսեցինք վերելքը: Վերելքը միջինից բարդ էր: Մի քանի ժամ բարձրանալուց հետո վերջապես երևաց Աչքասար լեռան գագաթը, որի վրա նկատվում է եռոտանին:
Շրջանցելով Արևելյան Աչքասարի մերձգագաթային հատվածը սկսեցինք վերելք դեպի Աչքասարի գագաթ:
Արևելյան Աչքասարի և Աչքասարի միջև գտնվող թամբից բացվում է տեսարան դեպի Աչքասար լիճ: Լիճն իր գեղեցկությամբ գերեց առաջին հայացքից:
Աչքասարի լիճը
Գագաթ հասնելուց հետո որոշեցինք իջնել ուրիշ ճանապարհով, որպեսզի լողանք լճում: Լիճն այնքան էլ փոքր չէր ինչպես երևում էր վերևից, որպես լեռնային լիճ բավականին մեծ լիճ էր:
Ինչպես և պլանավորել էին զովացանք Աչքասար լճում և շարունակեցինք ճանապարհը: Ընդհանուր առմամբ քայլեցինք 21 կմ:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Գևորգ Հարոյանի և Տիգրան Շահբազյանի
[/av_textblock]