Արարատ բարձրանալու որոշումը կայացրել եմ 2023 թվականին, հաջորդ տարվա՝ 2024-ի համար: Բարձրանալ ցանկացել եմ դեռ դպրոցից, երբ ուսուցիչս՝ Գագիկ Գինոսյանը, բարձրացավ լեռը: Այդ ժամանակ հիշում եմ՝ ականջիս հասել էր պատմություն, որ օդն անսահման չի հերիքել՝ բավական վախենալու թվաց: Պարզ էր, որ ես երբեք չեմ բարձրանա: Հետո սկսեցի ակտիվ արշավել, ու արշավական ընկերներիս պատմածներից հասկացա, որ բարդ է, բայց ոչ անիրագործելի՝ սկսեցի պատրաստվել: Որոշումս էլ ավելի ամրապնդվեց մի տարօրինակ զուգադիպությամբ, երբ ինստագրամում միամիտ հանդիպեց մի տղայի էջ, որն Արարատից սթորիներ էր անում, ու ցույց էր տալիս վերելքի ընթացքը՝ հեշտ թվաց: Սկսեցի հետևել իր էջին, հիմա տղան կյանքիս ընկերն է, իսկ Արարատ բարձրացանք միասին։
Բարդ, բայց ոչ անիրագործելի երազանքի ճանապարհը
Վերելքը պատկերացնում էի արշավական ընկերներիս պատմածներով՝ մեկն ասում էր․ «շատ հեշտ է, ոնց որ սար չբարձրանաս, չես հոգնում», մյուսն էլ. «Էնքան բարդ էր, խմբի կեսը տեղ չհասավ»: Շատ հակասական զգացողություններ ունեի, զգում էի, որ դժվար է լինելու, ու պատրաստվում էի դժվարին: Էդպես էլ եղավ, ինձ Արարատը դժվար տրվեց: Արարատի ճանապարհը երկար էր՝ շատ երկար։ Հիմա որ հետ եմ նայում, երևի այդքան դժվար չէր, ինչքան պատկերացնում էի հենց վերելքի պահին: Այդ ժամանակ բոլոր էմոցիաներդ քառապատկվում են՝ վախն ու տագնապը նույնպես:
Արարատը դառնում է ճանապարհի ընկեր
Արարատին նայում էի հայրենասիրական ու կրոնական տեսանկյունից, հիմա նույնպես դա կա, բայց գումարվել են նոր զգացողություններ՝ հիացմունք, հիշողություններ, ուժ: Զարմանալի է, բայց այն ժամանակ Արարատին չէի նայում որպես սար, այլ որպես եթերային ինչ-որ սիմվոլ: Հիմա ավելի նյութեղեն է դարձել աչքիս, էլ «Անհաս փառքի ճամփա» չի, սար է՝ հողից ու քարից, որն ընկերանում է քո հետ: Արարատը կբնութագրեմ այս բառերով՝ հուզմունքի ծով, ուժի գագաթնակետ, հայրենասիրության անվերջություն։
Անհնարինի ու հնարավորի սահմանում
Ինձ Արարատի գագաթին կբնութագրեմ այս բառերով՝ ուժեղ, հպարտ, հուզված, երջանիկ։ Հիմա թվում է, թե աշխարհի տերն եմ, արել եմ մի բան, որ քչերինա բաժին հասնում, ինձ հերոս եմ զգում, հատկապես, երբ ծանոթ տղաներն են ասում, որ նախանձում են իմ ուժերին։ Փոքր Մերիի անհնարինները դարձան հնարավոր:
Դեպի հաղթանակ ուղեկցող քայլերը
Ճանապարհին մեկ ժամ քայլել ենք կարկուտի տակ, բայց սա չէր ամենադժվարը, ամենադժվարն այն էր, որ ոտքերս սկսեցին սառել, ոտքիս մատները «կպան իրար» և քայլերը ցավոտ դարձան: Արդեն պայքարում էի ամեն մետրի համար: Անվերջ կրկնում էի, որ էս դժվար պահերն անցնելու են, չեմ էլ հիշելու, բայց հետո Հայաստանից նայելու եմ Արարատին ու գլուխ գովեմ, որ ես էնտեղ եղել եմ, իսկ փոքրիկ մարտահրավեր ինքս ինձ նետում էի, հիշեցնելով, որ ամեն քայլս հարաբերական բարձրության անձնական ռեկորդ է: Ինչքան շատ՝ այնքան լավ:
Ամբողջ ընթացքում մտքումս Արտո Թունջբոյաջյանի «Արարատ»-ն էր, ինձ թվում է բոլորի ուղեղի ռադիոյում էր դա միացրած)): Բացի դրանից մտքիս ինչ-որ հաղթական երգեր էին գալիս՝ «We are the champions», «I’m on top of the world» և այլն:
Արարատի սրտում՝ հավերժության խոստում
Արարատի վերելքից կան 2 կարևոր պահ, որոնք չեմ ցանկանա մոռանալ: Առաջինը գագաթ հասնելու պահն էր: Երբ հասա, արցունքներիս առատությունից դիմացս չէի տեսնում: Ինձ գրկում էին, շնորհավորում, չէի տեսնում, թե ովքեր են: Ճամբարում նոր իմացել եմ, թե ում եմ գրկել)): Պահն ավելի հուզիչ դարձավ, երբ տեսա, որ ընկերս՝ 5 րոպեից նաև նշանածս, նույնպես լաց էր լինում, հարցրի.
-Արթուր, երկրորդ անգամ բարձրանալը նույնքան հուզիչա՞
-Էդ հա, բայց արցունքներս դրանից չեն
– Բա՞
-Անսահման հպարտ եմ քեզնով
Էս խոսքերից մրջյունիկներ անցան մաշկովս, ու նորից սիրահարվեցի))
Երկրորդ անմոռանալի պահը Արարատի գագաթին ամուսնության առաջարկություն ստանալն էր, սա բառերով նկարագրելը նույնն է, թե ոչինչ չասելը: Հուզմունքից շնչակտուր էի լինում։
Այս պահին դեռ Արարատված եմ՝ այս պահին և հավերժ
Արարատից իջնելուց հետո հաջորդ խմբի նկարները նախանձով եմ նայում, երևի)): Էս պահին դեռ Արարատված եմ, շատ բան չեմ զգում, ինձ թվում է ամեն հաջորդ օրն ավելի շատ է սկսում ցույց տալ, թե ինչ փոխվեց իրականում, որ փոխվեց՝ դա հաստատ։
Մերի Մայիլյան
Առաջիկա արշավներ