Լճաշեն՝ հնագիտական հուշարձանների համալիր
Լճաշենի հնագիտական հուշարձանը Հայաստանի Հանրապետության հնագիտական կարևորագույն վայրերից մեկն է: Գտնվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի արևելյան կողմում:
Կատարված պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվել են նախապատմական շրջանի բնակատեղիներ, բերդ-ամրոցներ, դամբարանադաշտեր ու առանձին կոթողներ:
Հնագույն դամբարանադաշտը հայտնաբերվել է 1950-ական թվականներին` Սևանա լճի մակարդակի իջնելու հետևանքով: Դամբարանադաշտի հարավային ծայրին, բլուրների վրա Լճաշենի կիկլոպյան ամրոցն է ու հնագույն քաղաքատեղիի մնացորդները։
Բրոնզեդարյան դամբարանադաշտը
Լճաշեն հնագիտական հուշարձանը համաշխարհային ճանաչում ստացավ գյուղից 3 կմ հարավ-արևելք, լճի ափամերձ հատվածում գտնվող բրոնզեդարյան դամբարանադաշտի շննորհիվ: Այն գրավում է բավականին ընդարձակ տարածք՝ 8 հեկտար և ընդգրկում է շուրջ 800 դամբարան: Այստեղի պեղումները բրոնզեդարյան մշակույթի բացառիկ հավաքածու են ներկայացնում։
Լճաշենի կիկլոպյան ամրոցը
Լճաշենի կիկլոպյան ամրոցն ու նրան շրջապատող բնակատեղին, որը գրավում է ավելի քան 55 հեկտար տարածություն և տարածվում է 15 բլուրների, նրանց լանջերի ու ձորակների վրա՝ իր դիրքով բարձունքից իշխում է շրջակայքի վրա: Ամրոցի և բնակավայրի արտաքին բերդապարիսպների ընդհանուր երկարությունը հասնում է շուրջ 5000 մետրի: Տարածքը խիստ քարքարոտ է: Ամրոցը և շրջակայքը ջրազուրկ են:
Ամրոցն ունեցել է 2 միջնաբերդ և 22 մանր ու խոշոր քարաբուրգեր և աշտարակներ: Ամրոցի, ինչպես նաև միջնաբերդի տարածքը ծածկված են կացարանի բազմաթիվ ավերակներով: Ամրոցի շուրջը նույնպես երևում են կացարանների ավերակներ:
Հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ Լճաշենի ամրոցն ու բնակատեղին շրջապատված են եղել բարձր ու լայն պարիսպներով: Պարիսպները կառուցվել են ոչ ուղիղ գծով, որպեսզի հնարավորություն տրվի ամրոցի պաշտպաններին տարբեր ուղղություններից նետահարել կամ քարկոծել ամրոցը գրոհող թշնամուն:
Լճաշենի տեղաբնիկները
Այսօր Լճաշենի տեղաբնիկների և նրանց զբաղմունքների մասին հնարավոր է պատկերացում կազմել միայն հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութերի համակողմանի ուսումնասիրությամբ։ Այդ ուսումնասիրությունները փաստում են, որ Լճաշեն բնակավայրը սկզբնավորվել է Ք. ա. 4-րդ հազարամյակի վերջին, իսկ 3-րդ հազարամյակի կեսին վերածվել է ամրոցի։ Պեղումները վկայում են, որ Լճաշենի հնագույն քաղաքատեղին ունեցել է ուղիղ փողոցների համակարգ, որոնք 2 կողմերից կառուցապատված են եղել շրջանաձև ու քառանկյուն հիմքեր ունեցող կացարաններով։ Քաղաքի բնակչությունը, ինչպես վստահաբար թույլ են տալիս ասել գտածոները, զբաղվել է երկրագործությամբ, անասնապահությամբ, փայտագործությամբ, ծղոտագործությամբ, մետաղագործությամբ և խեցեգործությամբ։
Գտածոներ
Լճաշենից հանված ռազմակառքերն ու սայլերը, ինչպես նաև բազմաթիվ հնագիտական նյութերը Հայաստանի պատմության թանգարանի հազվագյուտ զարդերից են:
Առանձնահատուկ արժեք են ներկայացնում նաև ցուլերի բրոնզե արձանիկները, ոսկեձույլ գորտը և 25 տեսակի ոսկյա այլ առարկաները, որոնք պատրաստվել են Ք. ա. 2-րդ հազարամյակի կեսերին` հավանաբար Զոդից բերված ոսկով։ Արժեքավոր է նաև Լճաշենի գունազարդ, կետազարդ ու նախշազարդ խեցեղենը, որը փոխարինելու եկավ սև փայլով պարզ խեցեղենին։
Փայտե գտածոները ևս հետաքրքրություն են ներկայացնում ուսումնասիրողների համար. կենցաղային առարկաները (գդալ, շերեփ, բաժակ, դույլ, սեղան) պատկերացում են տալիս ժամանակաշրջանի կենցաղի մասին։
Լճաշենի արժեքավոր գտածոներից է նաև ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը, որտեղ հիշատակվում է իր կողմից Իշտիկունի քաղաքի գրավման մասին, որն, ըստ որոշ հետազոտողների, հենց Լճաշենն է:
Լճաշենի նյութերը պահվում և ցուցադրվում են Պետական էրմիտաժում /Սանկտ Պետերբուրգ/ և Հայաստանի պատմության թանգարանում։
Թաղման ծեսերը
Լճաշենի թաղումների եզակիությունը կայանում է նրանում, որ այստեղ հայտնաբերվել են դիակառք-սայլեր, որոնք լծված ձիերի և եզների, ինչպես նաև արտակարգ հարուստ գույքի հետ թաղվել են հանգուցյալի հետ։ Այսօրինակ գտածոներն, անտարակույս, հարուստ հանգուցյալի մասին են խոսում։
Երևելիներին հավանաբար միշտ էլ թաղել են կառքերով կամ սայլերով և այնպիսի դիրքով, որ կարծես հիշեցնում են ուղևորություն դեպի անդրշիրմյան կյանք։ Գտնվել են ինչպես երկանիվ կառքեր, այնպես էլ քառանիվ ձիասայլեր՝ պատրաստված տեղական կաղնեփայտից և ծփիից, որոնց վրա փորագրություններ կան։ Գտնված սայլերը աշխարհում հայտնի նմանօրինակ սայլերից լավագույններից են ։
Ննջեցյալի հետ ձիերի թաղումը կարևորվում է Հայաստանում ձիաբուծության զարգացման ու այս կենդանիների ընտելացման հետ կապված հարցերի պարզաբանման տեսանկյունից։
Լճաշեն հնագիտական հուշարձանը և ընդհանրապես Սևանի ավազանի հուշարձանները, դրանց ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս ուրվագծելու Հայաստանի նախնադարյան համայնական կարգերի ավելի քան երեքհազարամյա պատմությունը, ինչպես նաև նպաստում են հայ ժողովրդի ծագուբնաբանական հարցերի ու վաղ հայկական մշակույթի բուն արմատն ու ակունքը բացահայտելուն:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին