Դիզափայտ լեռը գտնվում է Արցախի՝ Հադրութի շրջանում: Այն ծովի մակարդակից բարձր է 2478 մետր:
Դիզափայտը վաղուց ի վեր սրբավայր է համարվել, դեպի իրեն ձգելով բազմաթիվ ուխտավորների և ճանապարհորդների Արցախից և շրջակա տարածքներից, ընդ որում ոչ միայն հայերի այլև այլ ազգերի: Ուխտավորները Դիզափայտ էին բարձրանում մանավանդ Վարդավառի օրերին: գալիս էին սրբերից խնդրելու իրենց երազանքների կատարումը, հիվանդությունների ապաքինումը և այլն: Որոշ ուխտավորներ պնդում էին, որ սուրբն է կանչել նրանց դեպի լեռ: Լեռան գագաթին է գտնվում Կատարովանքը:
Խանձաձոր
Նախորդ անգամ Դիզափայտ բարձրացել էինք Մոխրենես գյուղից: Այս անգամ մեր վերելքը ձմեռային էր և մեկնարկը Խանձաձոր գյուղից էր:
Ավանդազրույցներ Դիզափայտի մասին
Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց դարձի էր բերել Ս. Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ։
Զիարաթ
Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր» (սրբատեղի, ուխտավայր)։
Կատարովանք
4-5-րդ դարերում լեռան կատարին կառուցվել է Կատարովանքը (Կատարո վանք)։ Լեոն գրում է, որ այն եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը: Պատմական աղբյուրների վկայությամբ, ժայռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից, իսկ ուխտագնացության մասին հիշատակությունները վերաբերում են դեռևս արաբական, գուցե և ավելի վաղ ժամանակների։
Ժողովուրդը մի ավանդություն է հյուսել լեռան մասին, ըստ որի Աստված մարդկանց արարքներից վրդոհված, ցանկացել է բնաջնջել աշխարհը, բայց լեռը խնդրել է գթալ մարդկանց: Այդժամ Աստված ասել է, որ մարդկանց հասանելի պատիժը պիտի լեռը կրի: Երբ լեռը համաձայնվել է, կայծակի սոսկալի հարվածը հարվածել է լեռանը:
Դիզափայտի գագաթից բացվող տեսարաններ
Գագաթից երևում են Արցախի դաշտավայրը, Արաքս գետի հովիտը, Զանգեզուրի լեռնաշղթան, Խուստուփ լեռը, Հադրութի գյուղերն ու Տողասարը, Արցախի լեռնաշղթան, Կուսանաց և Մեծ Քիրս գագաթները, իսկ դեպի Իրան երևում է Ղարադաղի լեռնաշղթան ու Սաբալան լեռը:
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի
Հատուկ շնորհակալություն Խանձաձոր գյուղի բնակիչ Գնել Համբարձումյանին մեզ հյուրընկալելու և գյուղի գաղտնիքները բացահայտելու համար: