Չարենցի կամար
Չարենցի կամար կամ Արարատի տաճար հուշարձանը գտնվում է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում։ Գտնվում է ծովի մակերևույթից շուրջ 1500 մետր բարձրության վրա։ Կամարը կառուցվել է 1957 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Մի անգամ Գառնի գնալու ճանապարհին նա կանգ է առել այս վայրում, և նկատելով, որ այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը՝ որոշել է կամար կառուցել, որպես Արարատի «տաճար»։
Այստեղից բիբլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրվա բոլոր ժամերին։ Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից.
«…Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում։»
Այս պատճառով հուշակոթողը ժողովրդին ավելի հայտնի է «Չարենցի կամար» անվանումով։
Տաճարի կենտրոնում առկա է նստարան, որը զոհասեղանի խորհուրդ է կրում: Գեղանկարիչ Մ. Սարյանը ոգեշնչված կառույցով, 1958 թվականին ստեղծել է հանրահայտ «Չարենցի կամար» կտավը:
«…Հեռուն՝ երկիրը, օդը, ալիքների պես եմ նկարել, որպեսզի կարողանամ հասնել բնության լայն, անհաս ընդգրկման, ինչպես բանաստեղծն է երգել: Այսպիսի զգացում ես միշտ էլ ապրել եմ մեր բնության առջև: Սակայն այս կետից Արարատը արտակարգ տպավորիչ է և շատ նման է Չարենցի հոգուն:»
Մ.ՍԱՐՅԱՆ
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: