Թագուհի Մանուկյան
Թագուհի Մանուկյան ՝ մասնագիտությամբ լրագրող եմ, աշխատում եմ Դիջիթեյն ընկերությունում, որպես նախագծի ղեկավար։
Ինչպես շատերը, ես էլ առաջին անգամ արշավել եմ համավարակի ընթացքում։ Առաջին անգամ ընկերներիս հետ որոշեցինք բարձրանալ Արմաղան լեռը։ Հուլիսն էր, շոգ, լեռը՝ քարքարոտ, ես՝ ոչ արշավական հագուստով ու կոշիկներով։ Մտքումս որոշեցի, որ ես ու լեռները կապ չունենք իրար հետ ու սա կլինի իմ առաջին ու միակ լեռնային արշավը։ Որոշումս փոխվեց, երբ հասանք գագաթ, որտեղից բացվող տեսարանը միանգամից ստիպեց մոռանալ ճանապարհի դժվարությունները։
Արշավային կյանքն ինձ ավելի հաստատակամ է դարձրել, ստիպել փոխել առաջնահերթություններս, սովորեցրել է գնահատել սեփական ժամանակս ու դրա մի մասը նվիրել ինքս ինձ։ Նպատակադրված ոչինչ չեմ փնտրում, բայց լեռներն ու բնությունը գերբնական ուժ ունեն, անսահման էներգիա են տալիս։
Երբ կյանքդ փոխվում է 5165-ով
Արարատ՝ ամենատպավորիչ վերելքը։ Դեռևս)) Սա իմ կյանքի ամենահամարձակ քայլն էր։ Շուրջ մեկ տարի ամեն օր մտածել եմ վերելքի մասին, պատրաստվել հոգեպես և ֆիզիկապես։
Նույնիսկ մարզասրահում այն պատուհանների մոտ էի մարզվում, որոնք Արարատին էին նայում։ Վստահ էի, որ նպատակիս կետն աչքիս առաջ պահելով ավելի լավ արդյունքի կհասնեմ։ Այդ ընթացքում շատ անգամ երկմտել եմ, կասկածել, բայց վայրկյաններ անց վանել բոլոր վախերն ու կասկածները։ Որոշել էի, որ այս վերելքով առաջին հերթին ինքս ինձ պետք է ապացուցեմ, որ ամեն ինչ հնարավոր է, եթե կա ցանկություն։
Ու ստացվեց։
Արշավականները ․․․
Նրանք ազատ ոգով մարդիկ են, որոնց համար քաղաքային կյանքը շատ նեղ է։ Մարդիկ են, ովքեր հասկացել են, որ բնության մի մասնիկն են և որ առանց բնության իրենք կիսատ են։ Ու վերջապես արշավականներն իմ խենթ, ազնիվ ու պարզ ընկերներն են ու ես անվերջ շնորհակալ եմ Armenian Geographic-ին նրանց համար։
Ես՝ ArmGeo-ում
Շատ պարզ եմ հիշում՝ 2016թ․ -ին ֆեյսբուքում առաջին անգամ տեսա Armenian Geaographic անունը, ուսումնասիրեցի էջը, ծանոթացա գործունեությանը, բայց այդ պահին նույնիսկ չհամարձակվեցի մտածել, որ ինքս էլ կարող եմ արշավել։
Միայն տարիներ անց, երբ արշավները սկսեցին հետաքրքրել ինձ, 2021թ․ -ի հունվարին առաջին անգամ մասնակցեցի Armenian Geographic-ի արշավին դեպի Տեսիլք լեռ։ Այդ օրն էլ որոշեցի, որ սա հենց այն ակումբն է, որի հետ կշարունակեմ արշավել։
Կյանքը չափազանց կարճ է երկար մտածելու համար։ Պետք է անել առաջին քայլն ու գնալ արշավ, մնացածն ինքն իրեն կստացվի։