Նարե Մանուկյան
Նարե Մանուկյան ՝ ավարտել եմ Տնտեսագիտական համալսարանը: Այս պահին աշխատում եմ ՏՏ ոլորտում:
Մայրս աշխարհագրագետ է, ու դեռ փոքր ժամանակ ինձ, եղբորս ու մի տոպրակ ուտելիք վերցնում էր, գնում Ջերմուկի՝ մեր շենքից երևացող սարը: Խաղալով, սունկ հավաքելով, երգելով բարձրանում էինք, բայց ինձ այդ ամենի մեջ ամենաշատը գրավում էր գագաթ հասնելուց հետո ուտելու միտքը: Արշավախմբի հետ առաջին արշավին գնացի դպրոցի ավարտական քննություններից հետո: Ոտքս վնասեցի, գագաթ չկար, սունկ չկար, բայց վերադարձա՝ նոր ու սիրուն տեղեր տեսնելու անհրաժեշտությամբ:
Սիրուն մարդիկ, պատմություններ ու մայրամուտներ
Արշավների շնորհիվ ավելի դիմացկուն եմ դարձել, անհրաժեշտության դեպքում նաև հարմարվող: Սկսել եմ ավելի լավ ճանաչել իմ երկիրը՝ Հայաստանի տարբեր կտորների սիրունությունները, ավելի պատասխանատու եմ ինձ զգում բնության ու ինձ շրջապատող մարդկանց հանդեպ:
Սարերում ավելի ուժգին եմ զգում ինքս իմ բնական ու իսկական վիճակի հետ կապը։ Չեմ փնտրում, բայց գիտեմ՝ ամեն անգամ կգտնեմ սիրուն մարդիկ, սիրուն պատմություններ ու ավելի սիրուն մայրամուտներ:
Արագած․ գագաթ հասնելու վայելքը
Ամեն արշավ տպավորիչ է, բայց առանձնացնելու արժանին, թերևս, դեպի Արագածի Հյուսիսային գագաթ արշավն էր: Ամբողջապես զգացի սարի վախենալու գրավչությունն ու գագաթ հասնելու վայելքը:
Ես՝ ArmGeo-ում
Ակումբի գործունեությանը հետևում եմ շատ վաղուց՝ սկսած 2014թ․- ից: Միշտ մտածում էի, որ ArmGeo-ի անդամները շատ պրոֆեսիոնալ արշավականներ են, ու ես դեռ պետք է մարզեմ ինձ սարերում, որ կարողանամ միանալ իրենց:
Ահա այդպես ինձ վերջապես պատրաստ համարելով գնացի արշավ, հասկացա, որ բավարար էր ընդամենը կամքն ու ցանկությունը: Միանգամից գտա իմ տեսակի շատ մարդիկ, որոնցից մեկն ինձ մի անգամ ասաց. «Դե, կհանդիպենք լեռներում», ու սկսեցի պարբերաբար գնալ՝ հանդիպել այդ մարդկանց ու նոր լեռներ:
Արշավականները․․․
Ամենասովորական մարդիկ, ովքեր ամենաիրական ձևով դրսևորվում են բնության մեջ:
Ես որպես հարմարավետության գոտի ստեղծող ու այտեղ շատ երկար բնակվող, կասեմ իմ օրինակով, որ պետք է գտնել մարդ, ով ինչ-որ չափով հարմարավետություն կապահովի քո համար (ընկեր, ծանոթ արշավական), ով կհամաձայնի միանալ, գտնել ոչ բարդ երթուղի, ունենալ ամենասովորական, հարմարավետ հագուստ ու այդպես հարմար-հարմար գրանցվել, կարևորը՝ չուշանալ նշանակված ժամից: