ՀՀ երկրաբանություն
Հայաստանի տարածքը գտնվում է Ալպ-հիմալայան ծալքավոր մարզի Տավրոս-կովկասյան հատվածի ներքին խոշոր տեկտոնական կառույցի՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում և բնորոշվում է բարդ երկրաբանական առանձնահատկություններով։ Վաղ անցյալում Լավրասիա և Գոնդվանա ընդարձակ մայրցամաքների միջև գոյություն է ունեցել Թետիս օվկիանոսը՝ ալպ-հիմալայան երկրակամարածալքային իջվածքը։ Հետագայում, բազմիցս կրկնվող լեռնակազմական շարժընթացների հետևանքով, Գոնդվանայի արաբական ելուստի և Լավրասիայի արևելաեվրոպական սալի միջև ձևավորվել են մարզի ծալքավոր և բեկորային համակարգերը։ Երկրակեղևի հաստությունն այստեղ կազմում է 38-40 կմ-ից (իջվածքներում) մինչև 52-53 կմ (բարձրացումներում), հրաբխանստվածքային շերտի հաստությունը 3-8 կմ է, գրանիտային շերտինը՝ 20-30 կմ, բազալտային շերտինը՝ 20-25 կմ։
Հայկական լեռնաշխարհի հյուսիսային թևը կազմում է Փոքր Կովկասի, Կարադաղի, Թալիշի կուլիսաձև զուգորդվող կամարածալքերի շարքը, իսկ հարավային և կենտրոնական թևերը՝ Հայկական Տավրոսի և Զագրոսի լեռները։ Սրանք, որպես ծալքավոր համակարգեր, ձևավորվել են մասամբ պալեոզոյում ու մեզոզոյում՝ հիմնականում պալեոգենի լեռնակազմական շարժումների հետևանքով։ Հայկական լեռնաշխարհի տարածքը կայնոզոյի վերջում տեկտոնական շարժումների հետևանքով ենթարկվել է տարբերակված խոշոր կամարաձև բարձրացումների։
Խորքային բեկվածքների համակարգեր
Հայկական լեռնաշխարհով անցնում են Երզնկա – Կարս – Ամասիա – Սևան – Հագարիի, Հանքավան – Զանգեզուրի և մերձերևանյան ուղղությամբ ձգվող խորքային բեկվածքների համակարգերը և դրանց հարող օֆիոլիթային գոտիները։ Շատ տեղերում ապարաշերտերը տեկտոնական լարումների ազդեցությամբ խզվել են և երկրակեղևի կոտրվածքների ուղղությամբ առաջացրել ծալքերի ճզմում ու տեղաշարժ, խզումներն ու կոտրվածքները ծալքավոր լեռների մեծ մասը բեկորահատելով առաջացրել են ծալքաբեկորավոր լեռներ։ Հայկական լեռնաշխարհի ձևավորման գործում չափազանց կարևոր դեր են խաղացել ալպյան լեռնակազմական շարժումները, որոնց հետ կապված նեոգենյան ու անթրոպոգենյան հրաբխականությունն ընդգրկել է լեռնաշխարհի ողջ կենտրոնական մասը՝ գոյացնելով հրաբխային բարձր լեռներ ու լեռնավահաններ և լավային սարավանդներ։
Երկրաբանական կառուցվածքի առումով Հայկական լեռնաշխարհը մայրցամաքի ամենայուրատիպ տարածքներից է
Այստեղ կան գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջանների գոյացությունները՝ սկսած մինչքեմբրի հնագույն փոխակերպային համալիրներից մինչև անթրոպոգենի հրաբխային ու լճագետային առաջացումները։ Մինչքեմբրի փոխակերպային ապարները Հայաստանի տարածքում մերկանում են Ծաղկունյաց, Լոռի, Տավուշի կամարածալքերի միջուկներում։ Վերին պալեոզոյան ապարներն առավել տարածում ունեն Մերձարաքսյան տեկտոնական գոտում և Զանգեզուրի հարավ արևմուտքում․ ներկայացված են ավազաքարերով, քվարցիտներով, կավերով, ավազակավային թերթաքարերով, կրաքարերով, բրածո կենդանիների մնացորդներով։ Պերմի կրաքարերը վերին դևոնի և ստորին կարբոնի վրա տեղադրված են աններդաշնակ։ Տրիասը Վեդի գետի ավազանում պարունակում է ածուխներ։
Մեզոզոյան (յուրա-ստորին կավիճ) ապարները տարածված են Ալավերդու, Տավուշի և Կապանի կամարածալքերի միջուկներում, ներկայացված են նստվածքային, հրաբխանստվածքային, հրաբխային ապարներով, որոնք պարունակում են բրածո կենդանիների մնացորդներ։ Իջևանում յուրայի նստվածքները պարունակում են ածուխներ։ Տրիասը ժամանակի տեսակետից կապված է պալեոզոյան դարաշրջանի հետ, նրա նստվածքները պերմի վրա տեղադրված են ներդաշնակ, տարածված են Երևան-Օրդուբադ ենթագոտում և ներկայացված են կրաքարերով, որոշ տեղամասերում՝ ածխաբեր նստվածքներով։
Կայնոզոյան գոյացումները տարածված են առավելապես Հայաստանի կենտրոնական մասում (Բազում-Զանգեզուրի տեկտոնական գոտի)։ Պալեոգենի ապարները ներկայացված են բոլոր հարկերով և կազմված են հրաբխանստվածքային, կարբոնատային ու ֆլիշային նստվածքաշերտերով:
Նեոգենի գոյացումները ներկայացված են միոցեն ու պլիոցեն շերտագրական բաժիններով։ Միոցենը վաղ, միջին, ուշ բաժիններով ներկայացված է հիմնականում ծովային, ծովալճային և ցամաքային մոլասային կազմավորություններով․ տարածված են մերձերևանյան շրջանի առանձին հատվածներում՝ ավազաքարերի, մասամբ՝ կրաքարերի, կավերի (հաճախ՝ գիպսաբեր), հրաբխաբեկորային շերտախմբերի տեսքով։ Պլիոցենի գոյացումներն առավել տարածված են Հրազդան և Ազատ գետերի միջագետքում, Վարդենիսի, Գեղամա, Զանգեզուրի, Ծաղկունյաց, Փամբակի, Շիրակի լեռնաշղթաներում: Ուշ պլիոցենում ուժգին տեկտոնական շարժումներն ուղեկցվել են ակտիվ հրաբխականությամբ։ Այդ հասակի հրաբխային ապարները տարածված են Ջավախքի, Լոռու, Աշոցքի սարահարթերում և կազմում են Արագածի հրաբխային զանգվածի, Իշխանասարի, Գեղամա լեռնավահանի զգալի մասը, Կարմրաշենի, Շամիրամի, Եղվարդի սարավանդները։ Պլիոցենից սկսած՝ Հայաստանի տարածքը մտնում է երկրաբանական զարգացման ցամաքային փուլ, տեղի է ունենում ծովի վերջնական նահանջ։ Ստորին և վերին պլիոցենի գոյացումները ներկայացված Են լճային, ցամաքային և տարբեր կազմերի հրաբխաբեկորային ֆացիաներով։
Անթրոպոգենի պլեյստոցեն (ներառյալ ուշ պլիոցենը) հոլոցեն ժամանակահատվածում Հայաստանի տարածքը եղել է բուռն հրաբխային գործունեության մարզ, և ձևավորվել է նրա ժամանակակից ռելիեֆը: Հրաբխային արտավիժումները զբաղեցնում են Հայաստանի տարածքի մոտ 1/3-ը։ Հայաստանը ներժայթուք մագմայականության երկիր է։ Նորագույն ժամանակաշրջանի առաջացումներ են նաև սառցադաշտային, գետային, գետալճային, հեղեղաբերուկ լանջերի ու դարավանդների փուխր կուտակումները։
Հայկական լեռնաշխարհի լեռնակազմական երևույթները տակավին շարունակվում են։ Այդ են վկայում Նեմրութ և Թոնդրակ գործող հրաբուխները (վերջին ժայթքումները՝ 1441-1442 թվականին)։
Հայաստանի տարածքը տեկտոնական առումով բաղկացած է դեպի հյուսիս, հյուսիս-արևմուտք ձգված մի քանի աղեղային տարահասակ ու տարակազմ տեկտոնական գոտիներից և միջլեռնային ու ներլեռնային իջվածքներից, օֆիոլիթային գոտիներից, որոնք իրարից սահմանազատված են տարբեր կարգերի բեկվածքներով և բարդացված են կամարածալքային, գոգածալքային ու տեկտոնական կառուցվածքներով։
Հայաստանի տարածքում առանձնացված են հետևյալ կառուցվածքաձևաբանական ծալքավոր գոտիները՝
- Ալավերդի – Կապանի վաղ ալպյան (կիմերեյան) գոտի, ընդգրկում է Վիրահայոց, Ալավերդու և Տավուշի միաթեք կամարածալքայիn կառույցներն ու Կապանի հատվածը
- Բազում – Զանգեզուրի միջին ալպյան ինտենսիվ-ծալքավորման գոտի, ընդգրկում է Աևան-Ամասիայի օֆիոլիթային գոտին
- Մերձարաքսյան միջին և վերին մեղմ ծալքավոր գոտի, ներառում է Երևան-Վեդու գոգածալքային և Ուրծ-Վայքի կամարածալքային կառույցները
- Ուշ ալպյան միջլեռնային իջվածքների գոտի, միավորում է Միջինարաքսյան, Նախիջևանի, Շիրակի իջվածքները։ Այս հասակին է վերագրվում նաև Սևանի իջվածքը։ Բազմիցս կրկնված տեկտոնական շարժումներն ուղեկցվել են երկրակեղևի առանձին տեղամասերի ճկմամբ, ծովածավալմամբ, հզոր նստվածքակուտակմամբ, ծալքալեռնագոյացմամբ, հողմահարման շարժընթացներով և այլն։
Հայաստանի տարածքում հատկապես լայն տարածում ունեն երիտասարդ պլիոցեն-անթրոպոգենի մեծ և փոքր հրաբուխների գործունեության հետևանքով արտավիժված ու արտանետված դոլերիտային, բազալտային, բազալտ-անդեզիտ-ռիոլիտային և այլ կազմերի լավային հոսքերը, ծածկոցները, հրաբխային կոները, տուֆերը, իգնիմբրիտներն ու բեկորային առաջացումները։
Դրանք իրենց ծագումնաբանական, կառուցվածքաձևաբանական առանձնահատկություններով ձևավորում են Ջավախքի, Եղնախաղի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Քանաքեռ-Եղվարդի հրաբխային շրջանները։
Հայկական լեռնաշխարհը դասվում է աշխարհի ակտիվ երկրաշարժամետ շրջանների շարքը։ Հայաստանի տարածքի երկրաշարժերի մասին առաջին վկայագրերից է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», որտեղ հիշատակված է մ․թ․ա․ 550 թվականին Մասիս լեռան շրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը։
Ստեփանոս Օրբելյանը 735 թվականի Վայոց ձորի 9 բալ ուժգնության երկրաշարժի մասին գրում է․
«Այնուհետև հանկարծակի վրա հասավ տիրոջ պատուհասը։ Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային ձայներ՝ վայ ձոր, վայ ձոր։ Տասը հազար մարդ ողջ-ողջ թաղվեցին գետնի տակ։ Մարդիկ կատարվածի պատճառով գավառը կոչեցին Վայոց ձոր»:
Մինչև 1440 թվականը ժամանակ առ ժամանակ գործել են Նեմրութ և Թոնդրակ հրաբուխները, որոնք առ այսօր ծխում են։ Խառնարաններից լսվում են դղրդոցներ, ժայթքում են ջրային գոլորշիներ, ծուխ, ծծմբային գազ, սակայն լավային արտավիժումներ չկան։
1319 թվականի երկրաշարժից քարուքանդ են եղել բազմաթիվ բնակավայրեր, ամրոցներ ու եկեղեցիներ, հիմնովին ավերվել է Անի մայրաքաղաքը։
Իր ուժգնությամբ և մասշտաբներով ամենաաղետալին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժն էր, որն ընդգրկված է աշխարհի ուժեղ երկրաշարժերի ցուցակում։
Հնագույն և նորագույն հրաբխականությունը և երկրաբանական մի շարք շարժընթացների զարգացումները նպաստավոր պայմաններ են ստեղծել բազմաթիվ օգտակար հանածոների գոյացման համար։
Մագման մնացել է երկրակեղևի տարբեր խորություններում, սառել է և առաջացրել բյուրեղային զանգվածներ։ Սառեցման ընթացքում անջատվել են զանազան քիմիական տարրերով հագեցած լուծույթներ, որոնք, լցվելով երկրակեղևի ճեղքերն ու խոռոչները, սառել են և գոյացրել երակներ, անգամ՝ ամբողջական զանգվածներ։ Այդ եղանակով են առաջացել նաև պղնձի, մոլիբդենի, երկաթի, ոսկու, բազմամետաղային հանքավայրերը։
Մետաղային երակներից շատերն ուղղակի դուրս են եկել Երկրի մակերևույթ՝ առաջացնելով շահագործման համար հարմար հանքավայրեր, որոնք դեռ շատ հին ժամանակներից օգտագործվել են։
Վաղ անցյալում հայերին հայտնի է եղել երկաթի ձուլման եղանակը։ Հազարավոր տարիներ առաջ Հայաստանում օգտագործվել են նաև ազնիվ մետաղներ՝ ոսկին և արծաթը: Հայաստանում պահպանվել են բրոնզե դարի հին մետաղաձուլական կենտրոնների հետքեր։
Տարբեր հասակի ապարաշերտերում հանդիպում են մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների բոլոր հիմնական տեսակները՝ սև ու գունավոր, ազնիվ ու հազվագյուտ մետաղների, աղերի, բնական շինանյութերի, հրակայուն ու թթվակայուն հումքի, քաղցրահամ ու հանքային ջրերի խոշոր պաշարներ։