Կոշիկ անապատ
Կոշիկ անապատ վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում՝ Քոլատակ գյուղից 10-12 կմ դեպի արևմուտք: Տեղակայված է բարձր լեռներում՝ անտառածածկ տարածքում: Ըստ ուսումնասիրողների կառուցվել է 12-րդ դարում: Տեղացիներն այն ավելի հաճախ կոչում են պարզապես Անապատ:
Վանական համալիր
Կոշիկ անապատ վանական համալիրը բաղկացած է երկու խումբ կառույցներից: Երկու հուշարձանախմբերը առանձնացված են բաց տարածությամբ, որը նախկինում ծառայել է որպես բակ:
Համալիրի բոլոր շինությունները կառուցված են ճեղքած քարերով, սրբատաշ է միայն մեծ եկեղեցու բեմի ճակատը:
Գլխավոր հուշարձանախումբ
Առաջին հուշարձանախումբը ներառում է միմյանց կից տեղակայված երեք փոքր եկեղեցիներն ու վերջիններիցս դեպի արևմուտք գտնվող սրահը: Իսկ սրահից դեպի հյուսիս գտնվում է մի նեղ երկար միջանցք, որից պահպանվել են պատերի մի մասը: Երեք եկեղեցիների ծածկերը թաղակապ են, որոնցից կիսավեր է միայն հարավային եկեղեցին, չնայած այն համեմատաբար ավելի մեծ է մյուս երկու եկեղեցիներից:
Առաջին հուշարձանախմբի արևմտյան կողմում գտնվել են աշխարհիկ կառույցներ՝ խուցեր, տնտեսական շենքեր: Ցավոք պահպանված են միայն կիսավեր պատեր, որոնք ծածկված են թփուտներով և ծառերով: Այդ հատվածում պահպանվել են մի քանի խաչքար՝ աշխարհիկ կյանքի, հեծյալների պատկերմամբ: Այսպիսի հորիվածքով խաչքարեր հանդիպում են Արցախի ամոբղջ տարածքում՝ Հավապտուկ վանքում, Գանձասարի վանական համալիրում և այլն:
Երկրորդ հուշարձանախումբը գտնվում է առաջինից դեպի հարավ-արևելք՝ ներառելով միմյանց մեջ բացվող, մինչ օրս կանգուն երկու սենյականման կառույցները:
Հուշարձանախմբերից դեպի հյուսիս ձգվում է գերեզմանատունը, որն, ավաղ, ավերվել է ծառերի մեծ արմատների պատճառով: Համալիրում հետաքրքրական է նաև բաղնիքի կիսավեր կառույցը՝ պահպանվել են միայն պատերը և կավե ջրատար խողովակները:
Արձանագրություններ
Կոշիկ անապատ վանական համալիրում պատմական մեծ արժեք են ներկայացնում խաչքարերն ու դրանց վրա պահպանված արձանագրությունները: Համալիրի ողջ տարածքում կան թվով 25արձանագրություններ, որոնք թվագրված 12-13-րդ դարեր՝ 1179թ., 1186թ., 1194թ.::
Եկեղեցու սրբատաշ ճակատակալին պահպանված է 12 տողից բաղկացած արձանագրություն, որը թվագրվում է 1265թ.:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: