Աննա Խաչատրյան
Ի՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Մասնագիտությամբ հյուրանոցային ոլորտի մասնագետ եմ:
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
Հուլիս ամսին զգացի, որ կորոնավիրուսի հետևանքով չափազանց երկար եմ տանը փակված մնացել ու մարդկանց հետ շփման, բնության ու օդի կարիք ունեի: Այդպես՝ օգոստոսի 1-ին միացա Ուխտասարի հնավայրում գիշերակացով արշավին: Արշավը շատ լավ անցավ, նոր դեմքեր, վայրեր, դեպքեր: Չափազանց տպավորված էի: Հենց էդ օրն էլ որոշեցի, որ արդեն հաճախակի եմ մասնակցելու արշավներին:
Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Կարծում եմ արշավներին մասնակցելուց հետո ավելի ներդաշնակ եմ դարձել ինքս ինձ հետ: Արշավները բեռնաթափում են մտքերս ու կարծես վերալիցքավորում ինձ: Արշավներից հետո տուն ճանապարհին միշտ մտածում եմ պլաններիս մասին, մոտիվացված՝ դրանք իրագործելու:
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Լեռները գույներ են տալիս: Ու էս բառի տակ կարող եք հասկանալ ամեն ինչ՝ տպավորություններ, հիշողություններ, ամենասիրուն մայրամուտներ, մարդիկ…
Ի՞նչ եմ փնտրում… Ես չափազանց շատ վախեր ունեմ, լեռներում ուժեղ Աննային եմ փնտրում:
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Of Monsters and Men – Dirty Paws երգը: Ով տեսել է «The Secret Life of Walter Mitty» ֆիլմը, երևի կհասկանա, թե ինչու եմ ասոցացնում էս երգը լեռների հետ:
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Առհասարակ ամեն արշավից հետո տպավորություն է, թե հենց այս մեկը նախորդից ավելի տպավորիչ էր: Բայց կառանձնացնեմ Ալ լճեր ու Սանդուխտասար արշավը: Երկար ճանապարհ, Ալ լճեր, խարույկ, առաջին անգամ քնել դելիկայում անտանելի ցրտի պատճառով, Սանդուխտասարի գագաթից բացվող տեսարանը, այդ օրվա մայրամուտը և, իհարկե, մարդիկ:
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Տարիների դադարից հետո ես դեռ նոր-նոր եմ սկսում արշավել: Դեռևս ավելի հեշտ է թվարկել այն ուղղությունները որոնք հաղթահարել եմ, քան՝ հակառակը: Բայց կարծում եմ՝ ամեն հաջորդ ուղղությունը պիտի բարդությամբ գերազանցի նախորդին: Իսկ ապագայում երազում եմ բարձրանալ Ֆուձիյաման Ճապոնիայում:
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Վերալիցքավորում, բացահայտում, ներդաշնակություն:
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Անգլերենում մի բառ կա – «wanderlust». էս բառը արտահայտում է ճանապարհորդելու ու աշխարհը բացահայտելու մեծ ցանկությունը: Կարծում եմ արշավականները աշխարհը փնտրող ու բացահայտողներն են:
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ):
3 տարուց ավել հետևել եմ ArmGeo-ի արշավներին ու անընդհատ ինչ-ինչ պատճառներով չէի միանում: 2019-ին ArmGeo-ին միացավ եղբայրս, հետո՝ արդեն ես: Հենց առաջին արշավից էլ գլխումս հարց չի եղել՝ մասնակցե՞լ հաջորդ արշավին, թե՞ ոչ: Պատասխանը միանշանակ էր – «Այո»!
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Կյանքում ամենաանմոռանալի պահերը հաճախ տեղի են ունենում, որովհետև մեզ ստիպել ենք դուրս գալ հարմարավետության գոտուց:
Եթե դու հիմա կարդում ես ու դեռ երկար մտածում ես գնալ արշավի, թե ոչ, հիշիր, որ ամեն բաց թողած արշավի հետ լիքը հիշողություններ ես բաց թողնում:
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին: