Նարե Մկրտչյան
Ի՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Բանասեր եմ։ Աշխատում եմ որպես թարգմանիչ։ Դասավանդում եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
Առաջին արշավս եղել է 2011 թվականի մայիսին, Խոսրովի ջրվեժներ էինք գնացել։ Զգացողություններս անմոռանալի էին, վերջում արդեն գրեթե լացում էի ու չէի ուզում քայլել։ Դրանից հետո հասկացա, որ սա այն է, ինչ պակասում էր իմ կյանքում։
Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Ռուսաստանում եմ մեծացել ու Հայաստան գալուց հետո միշտ մոտս զգացողություն կար, որ ես եկած եմ, գուցե մի փոքր օտար, բայց որոշ ժամանակ արշավներ գնալուց հետո հասկացա, որ՝ չէ, ամբողջ Հայաստանն իմն է։
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Փոքր երեխա լինելու հնարավորություն են տալիս։ Կարող ես լինել անլուրջ, անմիջական մի փոքր հիմար ու անսահման երջանիկ։
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Դեռ վաղ ուսանողական տարիներին, երբ արշավներ չէի գնում, բոլոր նոթատետրերիս առաջին էջում Բայրոնի այս բանաստեղծությունն էի արտագրում։ “There is a pleasure in the pathless woods, There is a rapture on the lonely shore, There is society, where none intrudes, By the deep Sea, and music in its roar: I love not Man the less, but Nature more, From these our interviews, in which I steal From all I may be, or have been before, To mingle with the Universe, and feel What I can ne’er express, yet cannot all conceal.”
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Դժոխքի ձորի ու Նարեի ջրվեժի բացահայտումը։ Կարծում եմ՝ կարիք չկա պարզաբանելու, թե ինչու։
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Այս պահին երազում եմ Կուսանաց լեռան մասին։ Ունեմ նաև շատ վաղեմի երազանք՝ Կապուտան լիճը։
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Դժվարանում եմ երեք բառ ընտրել:
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Իմ խելքի մարդիկ:
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ)
Դեռ մինչև ակումբի հիմնադրումը պարբերաբար արշավում էի Տիգրանի հետ։ ArmGeo-ն էլ որ ստեղծվեց, ես արդեն ավտոմատ կերպով դրա մեջ էի։
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Արշավը միայն ժամանց չէ, որ ընտրես՝ ուզում ես այսպես ժամանակդ անցկացնել, թե ուրիշ բանով զբաղվել։ Դա մի ուրիշ կյանք է, որը շատ ավելի բնական է, քան քաղաքի մեր կյանքը։ Հիմա այնպես է ստացվել, որ մեզ համար քաղաքում ապրելը սովորական է, իսկ բնության մեջ լինելու համար ինչ-որ ուժ է պետք գործադրել, համարձակություն դրսևորել։ Սա, իհարկե, իմ շատ սուբյեկտիվ կարծիքն է, բայց արշավ չեկող մարդը ինչ-որ կարևոր բան է բաց թողնում, հարուստ ու հետաքրքիր կյանքից մի մեծ հատված չի տեսնում ու չի ընկալում։ Այնպես որ, մի բան կարող եմ խորհուրդ տալ․ եկեք, տեսեք՝ ինչ է, նոր մտածեք՝ ձերն է, թե ձերը չէ։
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին: