Անի Մոսյան
Ի՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, աշխատում եմ որպես բրենդ մենեջեր և լոգիստիկայի մասնագետ:
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
Երկրորդ կուրսում էի, մի օր մեր ֆիզկուլտուրայի դասախոսը՝ ընկեր Բաբուրյանը, ասաց, որ արշավներ է կազմակերպում և առաջարկեց միանալ առաջիկա արշավին: Ես չգնացի, էդ միտքն ինձ չգրավեց: Որոշ ժամանակ անց նորից առաջարկեց, մտածեցի գնամ, փորձեմ, տեսնեմ՝ դա ինչ է (մեր կյանքի լավագույն փոփոխությունները հենց այդ հարցից են սկսվում, չէ՞): Բարձրացանք Արայի լեռ, և միակ բանը, որ կասեմ՝ ես սիրահարվեցի լեռներին, մեր բնությանը, ինչն արդեն 13 տարի է, ինչ «չի բուժվում»:
Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Ես երբեմն սարսափում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե արշավները չլինեին իմ կյանքում: Դա պարզապես հոբբի չէ, այլ կյանքի կարևորագույն մաս, կենսակերպ: Արշավները բնավորություն են կերտում, ավելի ուժեղ դարձնում, և խոսքս միայն ֆիզիկականի մասին չէ, ամեն մի արածդ քայլի հետ վերափոխվում ես, սկսում ես ճանաչել ինքդ քեզ, քո ներուժը, բազմաշերտ էմոցիաների և շքեղագույն տեսարանների մասին էլ չասեմ:
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Լեռներում ես ներդաշնակ եմ ինքս իմ և ամբողջ աշխարհի հետ, լեռները ինձ խաղաղեցնում են, հոգատար գրկում, բոլոր հույզերս ու վախերս անէանում են, լեռներում ես ազատ եմ, ու աշխարհի երջանիկն եմ: Լեռներում միշտ ուզում եմ աշխարհն ամուր գրկել:
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Խենթանում եմ Ապո Սահագիանի «Արի երթանք» երգի համար:
Արի էրթանք սարն ի Սիփան,
Սրտիս կարոտ հոգուցս ի հան,
Օյ օյ օյ լաճ տնավեր:
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Ամենահիշարժան արշավս Բարդողի (Կողբասարի) վերելքն էր: Վաղուց էի նկատել այդ լեռը, բայց երբևէ այդտեղ արշավախումբ չէր գնացել, հույս չունեի, որ կգնամ: Մինչև մի օր Տիգրանը որոշեց այն բացահայտել՝ ի ուրախություն ինձ: Տպավորիչ էր ամբողջ ճամփորդությունը, նախ որովհետև առաջին անգամ էի Արևմտյան Հայաստանում, և փորձում էի կլանել ամեն մի վայրկյանը, ամեն մի զգացողությունս: Եվ հետո էլ, վերելքն ինքին ակնկալվում էր լինել բարդ, մեր կասկաները վկա: Հիշում եմ, թե ինչպես էին կյանքումս առաջին անգամ ոտքերս դողում գագաթ հասնելիս և ինչպես էի գագաթին լացում երջանկությունից կամ էլ վախից, չգիտեմ:
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Պատրաստվում եմ Արարատի վերելքին, մնում է սահմանները բացվեն:
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Հիացմունք՝ որքան էլ արշավեմ, բնությունը չի դադարում ինձ զարմացնել, էմոցիաներս միշտ տարբեր են, տարբեր գույներ ունեն, տարբեր համեր,
ազատության զգացում և խաղաղություն, իսկ իրականում զգացմունքները նկարագրել գրեթե անհնար է, պարզապես զգալ է պետք:
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Արշավանկաններն այն հաջողակներն են, ում բախտ է վիճակվել աշխարհին լեռների գագաթներից նայել:
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ)
2014-ի ապրիլի 5-ն էր, շաբաթ օր, մտքիս փչեց արշավ գնալ, դե գիտեք, որ էդ ժամին սովորաբար ազատ տեղ չի լինում, ֆեյսբուքում երկու արշավախումբ գտա, մեկին զանգեցի, ինձ բավականին չոր ճամփեցին: Երկրորդն ArmGeo-ն էր, Տիգրանն ասաց՝ տեղ չկա, բայց եթե ազատվի, կասեմ: Արդեն ուշ երեկոյան զանգեց՝ «բա տեղ ա ազատվել», ու տենց ես գնացի ArmGeo-ի հետ իմ առաջին արշավը Գնիշիկի կիրճ: Անձրևոտ եղանակ էր, երբեք չեմ մոռանա իմ զարմանքը, երբ խմբի անդամները արշավից առաջ սկսեցին «հագնվել» `զանգապաններ, անձրևապաշտպան թիկնոց, հերիք չի, մի հատ էլ ուսապարկի համար անձրևապաշտպան, ապշած նայում էի, լուրջ արշավախումբ էի ընկել:
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Ուղղակի մի վախեցեք, մի օր պարզապես եկեք, ու հավատացեք ինքներդ ձեզ, հետո երկար շնորհակալ եք լինելու համարձակության համար:
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.